Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում 2015թ. բյուջեի քննարկումներին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը չէր ներկայացել: Պարզվեց՝ գործուղման է:
ՀԾԿՀ խորհրդի անդամ Արթուր Վարդանյանը նշեց, որ բյուջեից ՀԾԿՀ-ին տրամադրվել է 742 մլն դրամ, անցյալ տարվա համեմատ` աճը կազմել է 8 տոկոս, որը պայմանավորված է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմամբ:
ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հարց ուղղեց, թե ՀԾԿՀ պաշտոնյաների աշխատավարձերի ֆոնդի մեջ մտնո՞ւմ է էլեկտրաէներգիայի սակագնի մեծության չափը:
Արթուր Վարդանյանը պատասխանեց, որ ՀԾԿՀ-ն իր իրավասությունները կարգավորելու համար գանձումներ է կատարում կարգավորող ընեկերություններից պետբյուջե, և որ այդ մուտքերը, որոնք ուղղվում են բյուջե, չպետք է պակաս լինեն, քան տվյալ տարվա համար կազմված պահպանման ծախսերը: «2005-ից ի վեր ՀԾԿՀ-ն կախվածության մեջ է ընկերություններից»,- ասաց նա:
ՕԵԿ-ական պատգամավորը արձագանքեց. «Փաստորեն, մարդիկ վճարում են ՀԾԿՀ-ի պահպանման համար»:
Միջամտեց նիստը վարող` ԱԺ գազի ու էլեկտրաէներգիայի գների հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նախագահ` ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը: «Ես ձեր հարց ու պատասխանին եմ հետևում, ու հասկացվեց այսպես, որ եթե սակագին են բարձրացնում, ձեր աշխատավարձը բարձրանում է: Դուք էլ ասում եք` այո: Ես գազի հարցերով հանձնաժողովի նախագահ եմ, գիտեմ, որ տենց բան չկա»,- փորձեց իրավիճակը շտկել նա:
«Ոչ, ես տենց բան չեմ ասել, որ` այո»,- ասաց ՀԾԿՀ խորհրդի անդամը:
Վարդան Այվազյանը հարցրեց. «Ես պատասխանե՞մ էդ հարցին, թե՞ պետք չի»:
Հովհաննես Մարգարյանը նշեց. «Ոչ ոչ, արդեն անկեղծ պատասխանեց»:
Վարդան Այվազյանը կրկին միջամտեց. «Ճիշտ պատասխանի ու անկեղծ պատասխանի միջև տարբերություն կա: Գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը կապ չունի նրանց աշխատավարձի հետ: Կարող ա հարցերը ծուռումուռ տվեցիք: Որևէ կապ չկա իրենց տված լիցենզիաների ու մնացածի միջև: Սակագնի մեջ մտնում են ծախսերը, կորուստները և այլ ծախսեր»:
ՕԵԿ-ական պատգամավորը հարցրեց. «Գուցե այլ ծախսերի՞ մեջ է մտնում աշխատավարձի բարձրացումը»:
«Ձեր ասածից ստացվում է, որ եթե գազի ու էլեկտրաէներգիայի սակագինը իջնի, ուրեմն ՀԾԿՀ անդամները սոված են մնում, հա՞, կամ սակագինը ավելացավ, ամեն մեկը տասը հատ «Մերսեդես» կգնի, հա՞: Դա նույնն է, ոնց որ հարցնեք` մարդը գնում է ԶԱԳՍ, վկայական է վերցնում, դրանից ԶԱԳՍ-ի աշխատողի աշխատավարձը բարձրանո՞ւմ է, թե՞ ոչ»,- ասաց Վարդան Այվազյանը` անընդհատ կրկնելով, որ սակագնի բարձրացման ու ՀԾԿՀ անդամների աշխատավարձերի միջև ուղիղ կապ չկա: