կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-26 17:20
Առանց Կատեգորիա

Հովիկ Աբրահամյանի կիսատ ճշմարտությունը

Հովիկ Աբրահամյանի կիսատ ճշմարտությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանին ծայրահեղ նյարդայնացրել և անհանգստացրել է նախօրեին աշխատանքի և սոցիալական ապահովության նախարարի ուղղությամբ քաղաքացիական ակցիայի մասնակիցների` մանրադրամներ նետելու փաստը: Դրանից վարչապետն այն աստիճան է վիրավորվել ու վրդովվել, որ հարկ է համարել այսօր կառավարության նիստի ժամանակ, ազատությունների ու անարխիայի մասին խոհափիլիսոփայական և դաստիարակչական մի քանի խոսք ասելուց զատ, նաև հանձնարարել արդարադատության նախարարին և ոստիկանապետին`օրենսդրական, կազմակերպչական միջոցներ ձեռնարկել նման երևույթները թույլ չտալու համար:

 

«Ես անընդունելի եմ համարում ամբոխային մեթոդներով իշխանության ներկայացուցիչներին նվաստացնելու և ճնշելու փորձերը: Ինչպես օրինակ՝ պատգամավորների կամ նախարարների վրա մանրադրամների նետումը: Թերևս ոմանք մոռացել են, որ իշխանության ներկայացուցիչները ևս ունեն մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները և ենթակա են պաշտպանության նույն ձևով, ինչ հասարակության ցանկացած անդամ:

 

Չեմ ուզում, որ խոսքերս սխալ ընկալվեն: Ես կողմ եմ ազատությանը, կողմ եմ խոսքի ազատությանը, կողմ եմ սեփական կարծիքը տարածելու ազատությանը, կողմ եմ ազատ տեղաշարժին, կողմ եմ խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքին: Ոչ միայն կողմ եմ, այլև մինչև վերջ պաշտպանելու եմ այդ իրավունքները: Բայց այդ ազատությունը ավարտվում է այն պահին, երբ այն սկսում է ոտնահարել ուրիշի իրավունքները: Նման դեպքում դա այլևս ազատություն չէ, այլ ամենաթողություն: Եվ եթե ազատությունը ժողովրդավարական հասարակության հենասյուներից է, ապա ամենաթողությունն անարխիայի հենասյունն է: Հանդուրժել անարխիան՝ նշանակում է վտանգել երկիրը: Ի լուր բոլորի հայտնում եմ՝ ես դա չեմ հանդուրժելու»,- հայտարարել է Հովիկ Աբրահամյանը:

 

Որևէ անձի, այդ թվում` նաև նախարարի վրա մանրադրամ նետելը, իհարկե, տգեղ, չափից դուրս տգեղ երևույթ է և արդարացում չունի: Անկախ նրանից, որ դրանով որոշակի հասարակական վերաբերմունք է դրսևորվում իշխանության կամ պետության կողմից վարվող ընդհանուր կամ ոլորտային քաղաքականության նկատմամբ, անթույլատրելի է բողոքն արտահայտել մարդու արժանապատվության դեմ ուղղված գործողություններով: Եվ այս չափով վարչապետն, իհարկե, ճիշտ է:

 

Բայց միայն այդքանը զուտ ընտրովի ճշմարտություն է, ինչն ինքնին արդեն ոչ միայն կիսատ է, այլև կեղծ ու վտանգավոր: Որովհետև նախարարի վրա քաղաքացու կողմից մանրադրամ նետելն ամբոխային մեթոդ կամ ամենաթողության ու անարխիայի արտահայտություն որակելուց առաջ վարչապետը նախ պետք է ասեր, թե այդ դեպքում ինչի արտահայտություն է կառուցապատողի խարդախությունների և պետության անզորության պատճառով խաբված քաղաքացուն կառավարության վարչության պետի կողմից գրողի ծոցն ուղարկվելը, քաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բողոքի ակցիան լուսաբանող լրագրողներին Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ուղղած հայհոյանքը, ծանրագույն սոցիալական վիճակում հայտնված քաղաքացուն սոցապ նախկին նախարարի կողմից «բոմժ» անվանելը և այլն:

 

Վարչապետի կարծիքով` թերևս, սրանք «ամբոխային մեթոդներ» չեն, քանի որ չեն ուղեկցվել քաղաքացու վրա պաշտոնյաների կողմից մանրադրամ, լոլիկ կամ հավկիթ նետելով: Հետևաբար, ըստ այս տրամաբանության, խոսքը նման դեպքերում ոչ թե անարխիայի մասին է, այլ երևի թե հաճոյախոսությունների, որովհետև մինչ այս ո'չ վարչապետ կամ ԱԺ նախագահ կամ պարզապես սովորական քաղաքացի Հովիկ Աբրահամյանի, ո'չ էլ, առհասարակ, պետության որևէ ներկայացուցչի կողմից շարքային քաղաքացու նկատմամբ առօրեական և բնական դարձած նման պահվածքն ու վերաբերմունքը պարսավանքի կամ պատժի չեն արժանացել: Իրականում Հովիկ Աբրահամյանն այսպիսի նրբությունների ու զուգահեռների մասին երկար-բարակ չի էլ մտածել: Դրա կարիքն ու ժամանակը նա չունի:

 

Կառավարությունում հայտարարությունն անելիս նա գործել է բնազդաբար` առաջնորդվելով իր միջավայրը, իր տարածքը, տվյալ դեպքում` սիստեմը, նոմենկլատուրան և դրանց շահերը պաշտպանելու տիպիկ չինովնիկական բնազդով: Նա պաշտպանում է ոչ թե Արտեմ Ասատրյան անձի իրավունքներն ու ազատությունները, այլ «սիստեմի», թիմի անդամը համարվողի: Եթե այդպես չլիներ, կառավարության նույն նիստում նա նախ պետք է որակեր Աֆրիկյանների տան մոտ կամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչական շենքի մոտ ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանների պահվածքը: Ասատրյանի դեմ ուղղված քայլի ներքո նա տեսնում է թիմի, նոմենկլատուրայի, դրա շրջանակում նաև անձամբ իր` շարքայինների համար անձեռնմխելի տարածքի հանդեպ ոտնձգություն, որը պետք է պաշտպանել ցանկացած գնով: Եվ վարչապետը, փաստորեն, պաշտպանում է` օգտագործելով իր պաշտոնեական դիրքը և հանձնարարելով արդարադատության նախարարին ու ոստիկանապետին` միջոցներ ձեռնարկել պաշտոնյաներին քաղաքացիներից պաշտպանելու համար, բայց ոչ` հակառակ ուղղությամբ:

 

Այս մտածողությամբ սնվողների համար պետությունը սկսվում ու ավարտվում է իշխանության շահով, որտեղ քաղաքացիականությունը և քաղաքացիական արժեքները տեղ չունեն, առհասարակ: Դրա համար էլ նախարարի վրա մանրադրամ նետելը պետականության հիմքերը քարուքանդ անող անարխիա է, իսկ պաշտոնյայի կողմից քաղաքացուն հայհոյելը նույն սիստեմի նկատմամբ հավատարմությունն ու նվիրվածությունն ապացուցելու միջոց, հետևաբար նաև` արդարացված:

 

Առաջնորդվելով այսպիսի մտածողությամբ` վարչապետը ոչ թե փորձում է հաղթահարել ընդհանուր բարոյական չափորոշիչների գահավիժման այս պրոցեսը, այլև նոր թափ է հաղորդում դրան` հետևողականորեն, դանդաղ իրար վրա շարելով պետության և հասարակության միջև վեր հառնող անվստահության, օտարացման բաժանարար պատի աղյուսները: Արտոնելով ուժայիններին պետականության անվտանգությունն ապահովելու կեղծ գաղափարի քողածածկույթի տակ «ծվատել» իրենց տարածքը ներխուժել փորձող քաղաքացուն` նա, կամա, թե ակամա, վերջինիս դրդում է ինքնապաշտպանվել, որովհետև այդ քաղաքացու պետությունը կամ ընկալումը պետության մասին տրամագծորեն տարբերվում են դրա վերաբերյալ հովիկաբրահամյանական ընկալումից: Եվ ունքը սարքելու փոխարեն այսպես համառորեն ողջ աչքն են շարքից հանում:

 

Գևորգ Աղաբաբյան