Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Պաշտոնական այցով Սիրիայում գտնվող Ազգային Ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը: Նա ամուր հիմքերի վրա ստեղծված սիրիահայկական բարեկամական հարաբերությունների խորացման գործում բարձր է գնահատել այս տարվա մարտին ՀՀ նախագահի Սիրիա կատարած այցը: Սիրիայի Նախագահը անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական համագործակցության խորացումը` կարևորելով շփումների և փոխայցերի ակտիվացումը: Նա անգնահատելի է համարել սիրիահայ համայնքի դերը հայ-սիրիական եղբայրական հարաբերությունների խորացման առումով և նշեց, որ հայ համայնքը իր գործունեությամբ մեծապես նպաստել և նպաստում է Սիրիայի զարգացմանը և հզորացմանը:
Իր հերթին Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հայ ժողովրդի պատմության մեջ Սիրիան ունեցել է անգնահատելի նշանակություն և հայ ժողովրդի գոյատևումը մեծապես պայմանավորված է այն աջակցությամբ, որի շնորհիվ 20-րդ դարի սկզբին հայերի նկատմամբ Օսմանյան Թուրքիայի կողմից իրականացված ցեղասպանությունից մազապուրծ հայերը ապաստան գտան Սիրիայում:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-թուրքական հարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին առնչվող հարցերի, շեշտվել, որ հիմնախնդիրները պետք է լուծվեն խաղաղ բանակցային ճանապարհով, տարածաշրջանում պետք է լինի կայունություն և խաղաղություն, քանի որ պատերազմները որևէ երկրի և ժողովրդի, բացի մարդկային և նյութական կորուստներից, որևէ օգուտ չեն բերել:
Դամասկոսում Հ.Աբրահամյանի հաջորդ հանդիպումը Սիրիայի վարչապետ Մուհամմադ Նաջի ալ-Օտրիի հետ էր: Սիրիայի վարչապետը շեշտել է, որ օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցությունը կարևոր նախադրյալ է երկրի զարգացման և առաջընթացի գործում: Նա ԱԺ պատվիրակությանը ներկայացրել է Սիրիայի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները ու ձեռքբերումները: Սիրիայի վարչապետը անհրաժեշտ և կարևոր համարեց տնտեսության տարբեր ոլորտներում փոխգործակցության ակտիվացումը:
Սիրիայի վարչապետի հետ հանդիպումից անմիջապես հետո ՀՀ ԱԺ պատվիրակությունը մեկնեց Հալեպ, որտեղ Հ.Աբրահամյանին և պատվիրակության անդամներին դիմավորեցին Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրան, նահանգային իշխանության անդամները, Հալեպահայ համայնքապետերը: Նույն օրը տեղի ունեցավ ԱԺ պատվիրակության և Հալեպի նահանգապետի և նահանգային իշխանության անդամների հանդիպումը:
Ավելի ուշ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը մասնակցեց հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսի բացմանը, որին ներկա են եղել Հալեպի նահանգապետը, հայ-սիրիական գործարար խորհրդի նախագահը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է նաև Հայոց Առաջնորդարան, հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ, հանդես եկել ելույթով: Այնուհետև ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը և հայ համայնքի ներկայացուցիչները այցելեցին Ազգային պատսպարան: