կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-11-02 14:42
Քաղաքական

Ռուսական գործոնը` Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հարցում

Ռուսական գործոնը` Հովիկ Աբրահամյանի հրաժարականի հարցում

Վերջին պաշտոնանկությունների վերաբերյալ իշխանության ներկայացրած պարզաբանումները ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանի հավաստիացմամբ իրականության հետ կապ չունեն: «Երկիր»-ի թղթակցի հետ զրույցում Մանուկյանը նշեց, որ Հովիկ Աբրահամյանը կարող էր ՀՀԿ-ի շտաբը ղեկավարել ԱԺ նախագահի պաշտոնին զուգահեռ կամ 3-4 ամիս անց անցներ այդ գործին:

 

Մանուկյանը համոզված է, որ այսօր շատ ավելի լուրջ գործընթացներ են գնում, իշխանական թիմում լուրջ վերադասավորումներ ու խուճապ է:

 

«Երբ իրավիճակը վատանում է մեղավոր փնտրելու ցանկությունն ուժգնանում է, հիմա կսկսեն փնտրել մեղավորներ, իբր թե թիմն են ուժեղացնում, բայց իրականում թիմն ավելի կթուլանա եւ կխորանան ճաքերը. իշխանությունը ճգնաժամի մեջ է»,-նշեց Մանուկյանը:

 

Մեր այն դիտարկմանը, որ որքանով է հավանական շրջանառվող այն սցենարը, որ Հովիկ Աբրահամյանին զրկելով ԱԺ նախագահի աթոռից Սերժ Սարգսյանը փորձում է չեզոքացնել նրան, քանի որ վերջինս Քոչարյանի հետ սերտ հարաբերությունների մեջ է, Մանուկյանն ասաց, որ դա մեծ սցենարի մի մասն է ընդամենը:

 

«Մատնանշածս ճգնաժամն ավելի ընդարձակ է, քան ձեր նշած սցենարը, հիմա շատ ավելի լուրջ գործընթաց է գնում, իշխանության ճգնաժամը միայն կադրային չէ»,-նշեց Մանուկյանը:

 

Մանուկյանի համոզմամբ Հովիկ Աբրահամյանի հրաժարականը կապված էր նաեւ ռուսական գործոնի հետ: Թե ո՞վ կնշանակվի ԱԺ նախագահի պաշտոնում Մանուկյանը չգիտի, նա նշեց, որ դա իրեն չի էլ հետաքրքրում, «քանի որ ով էլ նշանակվի` կամակատար է լինելու, համակարգը դրանից չի բուժվի, յոդ քսելով ոչինչ չի անցնի»: