կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-26 15:10
Տնտեսական

Գործարարներին ստվերից համոզելով հանելու մեթոդն աշխատում է. ֆինանսների փոխնախարար

Գործարարներին ստվերից համոզելով հանելու մեթոդն աշխատում է. ֆինանսների փոխնախարար

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Ալավերդյանն այսօր, պատասխանելով Yerkir.am-ի այն հարցին` ինչո՞ւ են ֆինանսների նախարարության տեսուչները ճշգրտումներ անելու պատճառաբանությամբ ճնշումներ իրականացնում ՓՄՁ-ների նկատմամբ, որոնց մասին այս կամ այն առիթով մատնանշում են ՓՄՁ տնտեսվարողները, նշեց, որ այդ մտահոգությունները տեղին չեն:

 

Նրա խոսքով` ֆինանսների նախարարությունն ընդամենը  ոլորտային աշխատանքներ է տանում  այն տնտեսվարողների մոտ, որոնց մոտ ընդգծված ստվերային դրսևորումներ կան, դա վերաբերում է շրջանառության թերհայտարարագրմանը, վնասով աշխատելուն և աշխատողների աշխատավարձերը իրականից ավելի ցածր ցույց տալու փաստերին:


«Այն տնտեսվարողները, որոնք այդ ոլորտում ունեն լուրջ դերակատարում, ֆինանսների նախարարությունը նրանց իրազեկում է, իսկ ՓՄՁ-ների հետ կապված` ֆինանսների նախարարությունն աշխատում է ձեռնպահ մնալ ու նման բնույթի աշխատանքներ չտանել և լրացուցիչ վարչարարություն չկիրառել»,- ասաց Արմեն Ալավերդյանը:


Մեր այն հարցին, որ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը մատնանշում էր, որ ֆինանսների նախարարությունը հաշվարկներ է անում ու տվյալ տնտեսվարողին ասում, որ աշխատողների աշխատավարձը պետք է բարձրացնի, Արմեն Ալավերդյանը պատասխանեց, որ երկրում կա 80 հազար տնտեսվարող սուբյեկտ, և հնարավոր չէ ընդհանրական պատասխան տալ: Ըստ նրա` եթե տվյալ տնտեսվարողին, որի մոտ  նման խնդիր է առաջացել,  հարկային մարմինները օրենքից դուրս պարտավորություններ են առաջադրել, ուրեմն տնտեսվարողը  պետք է պաշտպանի իր շահերը և չպետք է կատարի այդ պարտավորությունները:

 

«Բայց երբ բյուջետային ոլորտում միջին աշխատավարձը 124 հազար դրամ է, ու տնտեսվարող սուբյեկտներ կան, որոնք ներկայացնում են 50 կամ 60 հազար դրամ աշխատավարձեր, ուրեմն առաջանում է  աշխատողների շահերի խնդիր, այսինքն` այստեղ կա օրինականության պահպանման խնդիր»,- ասաց Արմեն Ալավերդյանը:

 

Նա նշեց, որ ֆինանսների նախարարությունը պարբերաբար տեղեկացնելու է իր աշխատանքների արդյունքների մասին:


Արդեն հուլիսի 1-ից հետո ֆինանսների նախարարությունը սկսելու է աշխատանքներ իրականցնել այն տնտեսվարողների հետ, որոնք շեղումներ ու խախտումներ ունեն:


Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք աշխատում է տնտեսվարողներին ստվերից դուրս բերելու` կառավարության կողմից որդեգրված` համոզելու մեթոդը, ինչպես մատնանշել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ֆինանսների փոխնախարարը պատասխանեց. «Այո, համոզելու մեթոդն աշխատում է: Ավելին` շատ են այն տնտեսվարողները, որոնք ընդունում են մեր վերլուծությունները և պահանջները, քան նրանք, ովքեր մերժում են»: