Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Վանաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային բիզնես ծրագրերի ֆորումը, որին մասնակցում են Հայաստանի ու արտերկրի հայ և օտար գործարարներ ու ներդրողներ:
Ֆորումին ներկա են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը, տրանսպորտի, կապի եւ ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, Արմավիրի, Գեղարքունիքի, Արարատի մարզպետերը և այլք:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում նշեց, թե այսօր օդում կախված հիմնական հարցը սա է՝ կարո՞ղ է, արդյոք, Հայաստանի Հանրապետությունում տեղի ունենալ տնտեսական հեղափոխություն, և կարո՞ղ են կառավարությունն ու ժողովուրդը հասնել մի արդյունքի, որը միջազգայնորեն ընդունված է համարել տնտեսական հրաշք:
«Այս հարցի պատասխանը ակնհայտ է. այն ժողովուրդը, որն ի վիճակի է հասնել մի արդյունքի, որը կարող ենք անվանել քաղաքական հրաշք, ուրեմն տնտեսական հրաշքը նույնպես նրա հասանելիության տիրույթում է: Տնտեսական հեղափոխությունը մեր կարևորագույն առաջնահերթությունն է, բայց պետք է հասկանանք, թե որոնք են դրա պարամետրերը, ինչպես են դրանք ստեղծվում: Այդ պարամետրերը նոր աշխատատեղերն են, եկամուտների նոր մակարդակը, բարեկեցության նոր մակարդակը: Այսինքն՝ տնտեսական հեղափոխության արգասիքն առաջին հերթին բարեկեցության նոր մակարդակն է: Բայց ովքե՞ր են ստեղծում դա, տնտեսության մեջ ո՞վ է որևէ արդյունքի հեղինակը: Այդ արդյունքի հեղինակը մարդն է, բացառապես մարդը, և մենք ուզում ենք մարդուն քաջալերել, խրախուսել, աջակցել, որ նա ստեղծի այն, ինչը ստեղծելն իր հնարավորությունների տիրույթում է»,- նշեց նա:
Ըստ վարչապետի՝ քաղաքացուն իրենք քաջալերելու են առաջին հերթին խոսքով, քանի որ, ըստ աստվածաշնչյան ճշմարտության, ի սկզբանե բանն էր, ամեն ինչ սկսվում է խոսքից, մտքերից: Բայց կառավարության քաջալերությունը չի սահմանափակվելու միայն խոսքով:
«Հաջորդ ամենակարևոր ուղղությունը մեզ համար իրական տնտեսական գործունեության հնարավորություններ ստեղծելն է` կարգավորումների մեղմացման, մենաշնորհների, կոռուպցիայի բացառման, օրենսդրության բարեփոխումների ու կատարելագործման ճանապարհով: Ուզում եմ արձանագրել, որ տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից»,- շեշտեց Փաշինյանը՝ կրկնելով, որ տնտեսական հեղափոխությունը Հայաստանի Հանրապետության ամեն քաղաքացի պետք է իրականացնի, այն է՝ իր գործունեությամբ պիտի փակի պայմանական փողոցները, որտեղով հոսում է աղքատությունը, խեղճությունը:
«Մենք պետք է պայմանավորվենք, որ իրար հետ պետք է անենք տնտեսական հեղափոխությունը, որովհետև փոփոխությունների մեթոդաբանությունը շարունակում է մնալ նույնը: Իրականում սա հեշտ չէ, պետք է խոստովանել՝ տնտեսության կոռուպցիոն համակարգը երբեմն շատ ավելի մեծ պարզություններ ունի, քան սովորական ազատ մրցակցային համակարգը, որովհետև եթե որևէ բիզնես փայ է որևէ բարձրաստիճան պաշտոնյայի հետ, կամ նա տանիք է այդ բիզնեսին, նշանակում է, որ պատասխանատվությունը կիսված է, և երբ ահազանգ լինի, թե ընդհանուր բիզնեսին ինչ-որ բան է սպառնում, կարելի է հարկայինին միջամտել, անհարմար մրցակցին շարքից հանել: Նոր իրավիճակը տարբերվում է նրանով, որ նման ապօրինի երաշխիքներ չկան, երաշխիքները բոլորի համար հավասար են, և ամեն մեկն իր բիզնեսի պատասխանատվությունը չի կարող կիսել իշխանության մեջ ունեցած հովանավորության հետ, այլ հակառակը՝ իր բիզնեսի պատասխանատվությունն իրենն է, և ինքը պիտի երաշխավորված զգա, որ որևէ իշխանական օղակ իր համար ապօրինի խոչընդոտ չի կարող ստեղծել»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ տնտեսական հեղափոխության պատասխանատվությունը կարող են կրել դուխով մարդիկ, դուխով գործարարները, որոնք վստահ են իրենց աշխատասիրության, ազնվության, սկզբունքայնության վրա և գիտեն, որ տեսակով հաղթող են:
Նա վստահեցրեց, որ հավատում է՝ Հայաստանում կան հաղթող բիզնեսմեններ: Իհարկե, ըստ Փաշինյանի, կա մի գաղափար, որ տնտեսական հեղափոխության առաջնորդների համար նոր տերմին պետք է հորինել, որպեսզի բիզնեսի և գործարարության հետ կապված հին զուգորդումները նկատի չառնվեն:
«Բայց քանի դեռ դա մշակված չէ, մենք կօգտագործենք հին տերմինները: Իսկապես տնտեսական հեղափոխությունը դուխով մարդկանց աշխատանք է, որոնք հավատում են իրենց մտքին, ուժերին, տաղանդին: Ուզում եմ արձանագրել, որ այսքան մարդկանց այստեղ բերել է հավատը ոչ թե իշխանության, կառավարության, այլ յուրաքանչյուրի հավատի հենց իր նկատմամբ: Հավատում եմ, որ այստեղ նստած ամեն մարդ առաջին հերթին ինքն իրեն է հավատում և գիտի, որ ինքը հաղթող է, գիտի, որ կարող է հարստանալ և հարստացնել: Ուզում եմ շնորհակալություն հայտնել առաջին հերթին պատրաստակամության համար, ինչը շատ մեծ գրավական է: Համոզված եմ, որ հայկական քաղաքական հրաշքին կհաջորդի հայկական տնտեսական հրաշքը: Ուզում եմ ևս մեկ անգամ հռչակել տնտեսական հեղափոխության կարգախոսը` հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վեր կենանք ու քայլենք»,- ամփոփեց Նիկոլ Փաշինյանը: