կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-13 18:05
Հասարակություն

Դպրոցական գրադարանի համալրման փորձված մեթոդն այլևս ընդունելի չէ

Դպրոցական գրադարանի համալրման փորձված մեթոդն այլևս ընդունելի չէ

Հանրապետության հանրակրթական դպրոցների գրադարանները անկախությունից ի վեր նոր գրականությամբ չեն համալրվել: Եղած գրքերն էլ ժամանակի ընթացքում նվազում են: Սա է պատճառը, որ շատ դպրոցներ գրադարանները համալրելու հարցում ստիպված ապավինում են աշակերտների օգնությանը:

 

Սակայն այդ տարբերակը ոչ բոլորի կողմից է ընդունելի: Օրերս Երևանի դպրոցներից մեկում սովորողներից մեկի մայրը yerkir.am-ին հայտնեց, որ դստերը ստիպել են դպրոցի գրադարանի համար գիրք բերել, սակայն ինքը չի համաձայնել` պնդելով, որ իրենց տանը գիրք չկա, իսկ նոր գիրք գնելու և գրադարանին նվիրաբերելու համար էլ գումար չունի: Փոխարենը երեխան է տրտնջում, լաց է լինում, չի ցանկանում դպրոց գնալ առանց գրքի, քանի որ ուսուցիչը համադասարանցիների ներկայությամբ կնախատի իրեն:

 

Այս առնչությամբ yerkir.am-ի թղթակիցն այցելեց հիշյալ դպրոց (դպրոցի անունը հասկանալի պատճառներով չենք նշում) և գրադարանավարից հետաքրքրվեց` արդյո՞ք գրադարանի գրքերի համալրման հրատապ պահանջ կա, և ինչո՞ւ են երեխաներից ստիպողաբար գիրք հավաքում:

 

Գրադարանավարը մեկնաբանեց, որ խորհրդային տարիներից ի վեր իրենք նոր գրքեր չեն ստացել, իսկ որոշ աշակերտներ գրքերն ընդհանրապես չեն վերադարձնում, հետեւաբար` գրքերի քանակը պակասում է:

 

«Ծնողները չեն հասկանում, որ դա իրենց երեխաների և գալիք սերնդի համար է արվում: Իրենց տներում գիրքը տարիներով փտում է, դեսից դեն են նետում, որ իրենց չխանգարի, տան ինտերիերը չփչացնի, բայց զլանում են մի գիրք նվիրաբերել դպրոցին»,- ասաց նա` բնականաբար, հերքելով այն, թե երեխաներին ստիպում են:

 

Սակայն շատ աշակերտներ փաստում են, որ ամեն տարի իրենց պարտադրում են, իսկ չբերելու դեպքում` պատժում:

 

Այսօր պետության կողմից չկա հատուկ մշակված ծրագիր, որով հնարավոր կլինի լուծել դպրոցական գրադարանների հարցը: ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ավագ դպրոցների գրադարաններին վերջին տարիներին նոր գրքեր են տրամադրել, իսկ տարրական և հիմնական դպրոցների գրադարանների համար ֆինանսավորում չկա:

 

Նման պարագայում մնում է ապավինել կա'մ աշակերտների, կա'մ էլ գրողների օգնությանը: Վերջիններս անգամ մեծ ցանկության դեպքում չեն կարող հանրապետության 1450 դպրոցներից գոնե մի քանիսի գրադարաններին մեկական գիրք տրամադրել, քանի որ նման հնարավորություն չունեն: Դպրոցների բախտը բերում է այն դեպքում, երբ ինչ-որ միջոցառում են կազմակերպում և որևէ գրողի հրավիրում, ով էլ, քաղաքավարությունից դրդված, մի գիրք է նվիրում:

 

Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի խոսքով` այսօր  դպրոցներում իսկապես գրքերի ճգնաժամ է: «Ասում ենք` դպրոցականները չեն սիրում ընթերցանությամբ զբաղվել, ինչպե՞ս կարող է սեր լինել ընթերցանության հանդեպ, եթե աշակերտները ժամանակակից գրողների գործերին ծանոթ չեն, քանի որ դպրոցներում նրանց գրքերը չկան: Եղած գրքերն էլ թե' ֆիզիկապես, թե' բարոյապես մաշված են»,- yerkir.am-ի հարցին ի պատասխան` ասաց նա և հավելեց, որ դպրոցներում հատկապես մանկական գրքերի պահանջարկ կա:

 

Այս ճգնաժամից դուրս գալու միակ ելքը դպրոցական գրադարանները համալրելն է, միակ հնարավոր եղանակն էլ, թերևս, վերոհիշյալ դպրոցի օրինակը: 

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ