կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-11 14:20
Տարածաշրջան

Թուրքիայի նախագահը չպետք է մերժի Սերժ Սարգսյանի հրավերը. Մենսուր Աքկյուն

Թուրքիայի նախագահը չպետք է մերժի Սերժ Սարգսյանի հրավերը. Մենսուր Աքկյուն

Թուրքական «Սթար» թերթը հրատարակել է Մենսուր Աքկյունի ստորագրությամբ հոդված, որում քննարկվում է նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահին ուղղված հրավերը առաջիկա ապրիլի 24-ին Երևան այցելելու և Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին ներկա գտնվելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է asbarez-ը:

 

Հոդվածագրի կարծիքն այն է, որ Թուրքիան պետք է չմերժի այս հրավերը, որովհետև դրանից հետո Թուրքիան կազատվի պատմության բեռից, ինչպես նաև կբարձրանա Թուրքիայի հեղինակությունն աշխարհում: Հոդվածագիրն ընդգծում է նաև այն կարևորագույն քայլերը, որոնք նախքան Երևան մեկնելը Թուրքիայի նախագահը պետք է ձեռնարկի «1915-ի դեպքերը որպես Ցեղասպանություն ճանաչելու ուղղությամբ»:

 

Հոդվածում առաջարկվում է, որ Թուրքիան հատուկ ջանքեր ցուցաբերի՝ «Ցեղասպանության իրավական հատկանիշներն ու դրա քաղաքական հատկանիշները» զատորոշելու համար: «Եթե Ցեղասպանություն բառից դուրս բերվեն իրավական հատկանիշները և պահպանվեն միայն քաղաքականները, ապա այս դեպքում հնարավոր է, որ Թուրքիան 1915 թվականի դեպքերը ճանաչի որպես ցեղասպանություն: Սա վարչապետ Էրդողանի կողմից ապրիլի 23-ին՝ 1915 թվականի զոհերին ուղղված ցավակցության բնական հետևանքը կարող է լինել»,- գրել է հոդվածագիրը:

 

«Թուրքիան, ով վարչապետի այդ հայտարարությունից հետո բարոյական հեղինակություն շահեց, առավել հեղինակություն կարող է ձեռք բերել, երբ Թուրքիայի Հանրապետության նախագահը Երևան մեկնի առաջիկա ապրիլի 24-ին»,- ասում է Աքկյունը:

 

Մյուս կողմից` Եվրասիայի հետազոտությունների կենտրոնի անդամ Օմեր Էնգին Լյութեմը, ով միշտ պնդել է Թուրքիայի պետական տեսակետները Հայկական հարցի շուրջ, այս հոդվածին հակառակ տեսակետ է հայտնել:

 

Ըստ Էնգինի՝ այս հրավերը, որն, անսովոր լինելով հանդերձ, սպասված հակազդեցությունը դեռևս չի ստեղծել մամուլում, միտումնավոր քայլ է՝ ուղղված Թուրքիայի նախագահին: Սպասված հակազդեցությունը դեռ չի ստեղծվել, քանի որ Թուրքիան այժմ «տառապում» է այլ խնդիրներով:

 

«Թուրքիայի նախագահի Երևան այցը կբարձրացնի բարոյական հեղինակությո՞ւնը: Սա բացարձակապես սխալ տեսակետ է, որովհետև դա մեզ ոչ միայն չի փրկի պատմության բեռից, այլև նոր բեռեր կդնի մեր ուսերին: Իսկ ինչ վերաբերում է բարոյական հեղինակությանը՝ արտաքին քաղաքականության մեջ բարոյական հեղինակությունը չէ, որ կզորացնի մեզ, այլ հզոր երկիր լինելը»,- ասել է նա:

 

Էնգինը պաշտպանել է նաև այն տեսակետը, թե Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Թուրքիայի նախագահին ուղղված հրավերի բուն նպատակը Թուրքիային նվաստացնելն ու նրան նեղ դրության մեջ գցելն է: Նաև ասել է, որ Երևան այցելությունը ոչ միայն չի խանգարի սփյուռքահայերի պնդումներին, այլ ավելի կզորացնի:

 

Լյութեմը հիշեցրել է նաև, թե Հայաստանի նախկին երկու նախագահները՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, ուշադիր են եղել այս հարցում` Ցեղասպանության հարցով Թուրքիային չգրգռելու համար:

 

«Սերժ Սարգսյանը սկզբնական շրջանում նույնպես այդ ճանապարհով ընթացավ, բայց ավելի ուշ Ցեղասպանությունն սկսեց օգտագործել որպես խաղաքարտ: Հիմա, եթե նկատի առնենք, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ներկա գտնվելու հրավեր է ստանում այն երկրի նախագահը, որ Ցեղասպանությունը չի ընդունել, ապա այդ հրավերը ուրիշ ի՞նչ կարող է լինել, եթե ոչ՝ Թուրքիային նվաստացնելու խաղ»,- գրել է նա:

 

Իսկ Աքկյունի այն պնդմանը, որ Ցեղասպանությունը բեռ է Թուրքիայի ուսերին, Լյութեմը հակադարձել է. «Թուրքիայում քանի՞ հոգի կա, արդյոք, որ զգում է Հայկական հարցի ծանրությունը»: Նա հիշեցրել է, որ մինչ օրս 20 երկրների խորհրդարաններ ճանաչել են Ցեղասպանությունը, բայց դրանցից ոչ մեկ չի պահանջել, որ Թուրքիան ևս ճանաչի Հայոց ցեղասպանությունը, հատուցի, հողեր վերադարձնի: «Թուրքիայի ռազմական ուժը արգելք է այսպիսի առաջարկներին»,- եզրակացրել է Լյութեմը: