կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-12 13:48
Քաղաքական

«Ժառանգություն»-ը կընդունի՞ Սերժ Սարգսյանի հրավերը

«Ժառանգություն»-ը կընդունի՞ Սերժ Սարգսյանի հրավերը

Քաղաքական դաշտում ստեղծված նոր դասավորվածության պարագայում արդյո՞ք փոխվել է «Ժառանգություն» կուսակցության դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Yerkir.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ «Ժառանգությունն» ունի նույն դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, ինչ եղել է մինչև այժմ, այսինքն` այն փոփոխության չի ենթարկվել:

 

«Մենք դեռևս անցյալ տարի ներկայացրեցինք մեր առաջարկները, որի ընդունման դեպքում մենք կմասնակցենք բովանդակային քննարկմանը, այդ առաջարկները մնում են ուժի մեջ»,- ասաց նա` հիշեցնելով «Ժառանգության»  ներկայացրած 3 առաջարկները: Դրանք են` անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, ընտրացուցակների հրապարակման հետ կապված օրենսդրական նախաձեռնություն և դրա ընդունում, ընդդիմությանը որոշակի վերահսկողական լծակների տրամադրում և արտահերթ ընտրություններ` սահմանադրական փոփոխություններից հետո:


Հարցին` արդյո՞ք «Ժառանգությունը» կմասնակցի ՀՀ նախագահի հետ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ կպատասխանեն այդ հարցին, երբ լինի կոնկրետ հրավեր:


Նա միաժամանակ հիշեցրեց, որ խորհրդարանական կառավարման համակարգը «Ժառանգության» ծրագրային դրույթներից է, այնպես որ` եթե «Ժառանգության» 3 առաջարկներն ընդունվեն, ապա «Ժառանգությունը» կմասնակցի բովանդակային քննարկումներին:


Հարցին, թե ի՞նչ դիրքորոշում կորդեգրի «Ժառանգություն», եթե իշխանությունը մասամբ ընդունի այդ առաջարկները, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Ճիշտ չի լինի իմ կողմից ենթադրությունների դաշտում խոսելը: Դա մի հարց է, որի պատասխանը ես չունեմ»:


Նա նշեց, որ, բնականաբար, մանրակրկիտ ուսումնասիրել է սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, սակայն, նրա խոսքով, հայեցակարգը մեկ բան է, իսկ վերջնական նախագիծը` մեկ այլ բան: