Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուրբ Աթոռ պաշտոնական այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել Նորին սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ: Հանրապետության ղեկավարը և Նորին սրբությունը գոհունակությամբ են խոսել Հայաստանի և Վատիկանի միջև բարձր մակարդակի հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ ամուր հիմքեր ունեցող այդ հարաբերությունները սերում են քրիստոնեական նույն արժեհամակարգից և գաղափարախոսությունից:
Զրուցակիցները կարևորել են վերջին տարիներին հաճախակի դարձած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները, որոնք վկայում են երկկողմ հարաբերությունները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու փոխադարձ պատրաստակամության մասին:
Սերժ Սարգսյանը և Նորին սրբությունը մտքեր են փոխանակել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Կաթոլիկ եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության մասին: Հանդիպման ընթացքում նախագահը քահանայապետին պաշտոնապես հրավիրել է 2015թ. այցելել Հայաստան: Քահանայապետը սիրով ընդունել է հրավերը` վստահեցնելով, որ իր սրտի ցանկությունն է գալ Հայաստան:
Այնուհետև նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել է Սուրբ Աթոռի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ: Զրուցակիցները քննարկել են հայ-վատիկանյան հարաբերությունների ներկան և զարգացման հեռանկարը:
Կողմերը գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին ժամանակահատվածում այդ հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով և գործակցության ամենատարբեր հարթություններում: Հանդիպման ընթացքում քննարկվել են Մերձավոր Արևելքում քրիստոնյաներին և քրիստոնեական ժառանգությանն առնչվող արդի հիմնախնդիրները:
Նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի պատրաստակամությունը մասնակցելու այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներին: Անդրադարձ է եղել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն առնչվող հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կարդինալ Պիետրո Պարոլինին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրում Սուրբ Աթոռի հավասարակշռված դիրքորոշման համար: Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաև Սուրբ Աթոռի կուրիայի (վարչական մարմնի) կարդինալների հետ: