Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կառավարությունն իր վաղվա նիստում բացասական եզրակացություն կտա ԱԺ պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ:
Նախագծով առաջարկվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը: Որպես հիմնավորում` պատգամավորները նշում են. «Հիմք ընդունելով կուտակային կենսաթոշակների մասին օրենքի պարտադիր կուտակային բաղադրիչի հակասահմանադրական լինելու վերաբերյալ ՍԴ որոշումը, նկատի ունենալով հասարակության դժդոհությունը պարտադիր կուտակային բաղադրիչի հետ կապված, ինչպես նաեւ մի շարք երկրների փորձը, ըստ որի լրացուցիչ կենսաթոշակները վճարվում են կամավոր կուտակային կենսաթոշակների սխեմայով, միեւնույն ժամանակ կարեւորելով կուտակային կենսաթոշակների համակարգի դերը, որը հնարավորություն է ստեղծում կենսաթոշակային տարիքում, պետական կենսաթոշակներից զատ լրացուցիչ գումարներ ստանալուն, առաջարկում են կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի նախագծից հանել պարտադիր կուտակային բաղադրիչը եւ վճարումներ կատարել կամավորության սկզբունքով»:
Իր բացասական եզարակացությունը կառավարությունը հիմնավորում է, թե ՍԴ 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման համաձայն՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթները (իրավակարգավորումները) իրավական անվտանգությունը չխաթարելու նպատակով մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը պետք է համապատասխանեցվեն նշված որոշման պահանջներին:
«ՍԴ Որոշման պահանջների ամբողջական կատարման համար անհրաժեշտ մի-ջավայր ապահովելու նպատակով, ս.թ. մայիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրա-պետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Զուգահեռաբար Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհրաժեշտ աշխատանքներ է տանում Որոշման պահանջներն ամբողջությամբ կատարելու ուղղությամբ, մասնավորապես, մշակում է կենսաթոշակային բարեփոխումների ամբողջական իրականացմանը միտված օրենքների նախագծերի փաթեթ: Նշված փաթեթի մշակման աշխատանքներում նախատեսվում է ներգրավել բոլոր շահագրգիռ քաղաքական ուժերին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին»,- նշվում է կառավարության համապատասխան որոշման նախագծում:
Ներկայացված օրենքի նախագիծը, ըստ կառավարության եզրակացության, չի համապատասխանում «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին: Բացի դրանից` ներկայացված տեքստով նախագծի ընդունման դեպքում, նշում է կառավարությունը, կստեղծվի իրավական խառնաշփոթ, քանի որ անդրադարձ չկա Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող իրավադրույթներին համակարգային առումով փոխկապակցված Հայաստանի Հանրապետության շուրջ 50 օրենքներին և ութ տասնյակից ավելի այլ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված իրավակարգավորումներին, մասնավորապես` «Պետական կենսաթոշակների մասին», «Ներդրումային ֆոնդերի մասին», «Եկամտային հարկի մասին», «Եկամտային հարկի և կուտակային վճարի անձնավորված հաշվառման մասին» և «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին:
Ուստի կառավարությունը համարում է, որ ներկայացված նախագիծը թերի է, այն համակարգային առումով չի ապահովում իրավական անվտանգությունը և ընդունելի չէ:
Կառավարության նկատառումներում ընդգծվում է նաև, թե նախագծի ընդունման դեպքում հարկ կլինի փոփոխություններ կատարել ոչ միայն վերոհիշյալ օրենքներում, այլև «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող' Հայաստանի Հանրապետության կառավարության շուրջ 17 որոշումներում, դրանցից բխող գերատեսչական ակտերում, ՀՀ կենտրոնական բանկի նորմատիվ-իրավական ակտերում' վարչապետի համապատասխան որոշմամբ սահմանված ժամկետներում: