|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած` կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը:
Մինչ քվեարկությունը քաղաքական խմբակցությունները ելույթ ունեցան վարման կարգով ու ներկայացրեցին իրենց դիրքորոշումները: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Դաշնակցությունը միշտ էլ դեմ է եղել պարտադիր բաղադրիչին, և որ կառավարության ներկայացրած նախագծում քաղաքացու կամաարտահայտությունը հաշվի է առնված: «Բնականաբար, մեր ամբողջական առաջարկներն այս նախագծում ներառված չեն: Նախագիծը քայլ առաջ է, բայց չի լուծում այն բոլոր մտահոգությունները, որոնք ընկած են թե' «Դեմ եմ» քաղաքացիական շարժման, թե' բոլորիս պահանջների հիմքում: Մենք ողջամտորեն հասկանում ենք, որ սա քայլ առաջ է նախկին կառավարության կարծր դիրքորոշումից: Ահա` ինչու մեր խմբակցությունը հստակ արտահայտեց տեսակետ, որ մենք դեմ չենք այդ նախագծին, բայց նաև ամբողջական կողմ չենք, որ նախագիծն ընկալվի որպես հարցի լիարժեք լուծում: Մենք վստահաբար հայտնում ենք մեր պատրաստակամությունը` կառավարության հետ աշխատանք տանելու միջոցով վերջնականապես պարտադիր բաղադրիչը հանել մեր օրենսդրությունից»,- ասաց Արծվիկ Մինասյանը` հավելելով, որ Դաշնակցությունը ձեռնպահ է քվեարկելու նախագծին:
Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ իրենց համար շատ հստակ է ՍԴ որոշումը: «Դուք մեզ հարցեր մի տվեք: Մենք որոշել ենք ձեռնպահ քվեարկել, ընդամենը օգնում ենք ձեզ: Դուք մտածեք, թե նախկինում ինչպես էիք համառորեն ասում, թե դուք եք ճիշտը, և չէիք լսում մեզ: Մենք ձեզ հիմա օգնում ենք, որ այս կես քայլն ընդունվի, և պատրաստ ենք աշխատել` իսկապես նորմալ կենսաթոշակային համակարգ ունենալու համար»,- ասաց նա: