կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-03 14:26
Քաղաքական

Պարտադիր բաղադրիչը համապատասխանում է Սահմանադրությանը. Հրայր Թովմասյան

Պարտադիր բաղադրիչը համապատասխանում է Սահմանադրությանը. Հրայր Թովմասյան

Ի՞նչ էր իրենից ներկայացնում ՍԴ որոշումը: Այսօր կառավարությունում  արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը լրագրողներին ներկայացրեց վիճահարույց մի քանի հարցեր:

 

Նախարարը նշեց հակասահմանադրական ճանաչված դրույթների` ուժի մեջ մտնելու ընթացակարգերը' նշելով 4 ռեժիմներ կամ առանձնահատկություններ: Կոնկրետ այս դեպքը նախատեսված է Սահմանադրական դատարանի մասին օրենքի 68-րդ հոդվածով, որով սահմանում է ուժը կորցնելու ավելի ուշ ժամանակահատված: Նախարարն ընթերցեց օրենքի համապատասխան դրույթը. «Եթե ՍԴ-ն գտնում է, որ վիճարկվող նորմատիվ-իրավական ակտն կամ դրա որեւէ դրույթը սահմանադրական դատարանի որոշման հրապարակման պահին սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաումը անխուսափելիորեն կառաջացնի այնպիսի ծանր հետեւանքներ հանրության ու պետության համար, որոնք կխաթարեն այդ պահին տվյալ նորմատիվ ակտի վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը, ապա սահմանադրական դատարանը կարող է տվյալ ակտը կարող է ճանաչել սահմանադրությանը հակասող իր որոշման մեջ հետաձգել այդ ակտի իրավաբանական ուժը կորցնելը: Այդ դեպքում, մինչեւ ակտի իրավաբանական ուժը կորցնելը, ակտը համարվում է  սահմանադրությանը համապատասխանող»:

 

Սա, նշեց Հրայր Թովմասյանը,  սահմանադրական իրավունքի տեսության մեջ կոչվում է սահմանադրականության հանդուրժում` ավելի մեծ վտանգից խուսափելու համար: Այսինքն` օրենքի այն բոլոր դրույթները, որոնք ՍԴ-ի կողմից ճանաչվել են հակասահմանադրական, պահպանում են իրենց ուժը` առավելագույնը մինչեւ սույն թվականի սեպտեմբերի 30-ը:

 

Անդրադառնալով հարցին' պարտադիր կուտակային բաղադրիչն ուժի մե՞ջ է, թե՞ ոչ, արդաադատության նախարարը ուշադրություն հրավիրեց այն դրույթների վրա, որոնք Սահմանադրական դատարանը ճանաչեց Սահմանադրությանը համապատասխանող:

 

«Դրանք են'  «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-10-րդ մասերը, 8, 37, 38, 45- 49, 86 հոդվածները: 7-րդ հոդվածի 2-րդ մասից ուղղակի ուզում եմ վերնագիրը կարդալ, որպեսզի պարզ լինի' «Պարտադիր կուտակային վճարների դրույթաչափերը», սա 7-րդ հոդվածն է, որի 2-10 մասերն ուղղակիորեն սահմանում են' 5-րդ հոդվածում նշված մասնակիցները իրենց ստացած վճարներից կուտակային վճարները կատարում են 5 տոկոս, եւ այլն, եւ այլն»,- նշեց նախարարը:

 

Այնուհետեւ նա ընթերցեց 8-րդ հոդվածը' «պարտադիր կուտակային վճարներ կատարելը», այսինքն` ՍԴ-ն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող: Այս հոդվածները համապատասխանում են Սահմանադրությանը, հակասահմանադրական չեն ճանաչվում:

 

Շարունակելով կարդալ հոդվածների վերնագրերը'  Հրայր Թովմասյանը թվարկեց. «Մասնակիցների կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ ընտրելու պարտականությունը»' 37-րդ հոդված, «Կենսաթոշակային ֆոնդի ընտրությունը»' 38-րդ հոդված, եւ 45-րդ հոդվածը' «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի մասնակցի հաշվին կատարվող վճարը եւ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի ակտիվներից գանձվող վճարները եւ կատարվող ծախսերը», 49-րդ հոդված' «Մասնակիցներից կատարված պարտադիր կուտակային վճարների պարտադիր վերադարձելիության երաշխավորումը» եւ 86-րդ հոդված' ուժի մեջ մտնելը»:

 

«Ես կարդացի այն դրույթները, որոնք, թեեւ վեճի առարկա էին, դիմող կողմը բարձրացրել էր նաեւ այս դրույթների սահմանադրականության հարցը, բայց ՍԴ-ն ճանաչել է, որ իր արտահայտած իրավական դիրքորոշումների շրջանակներում այդ սահմանադրա-իրավական բովանդակությամբ, այս դրույթները համապատասխանում են Սահմանադրությանը»,- ընդգծեց Հրայր Թովմասյանը:

 

Արդյոք այս որոշումից հետո գործատուները պե՞տք է այս վճարները կատարեն, քաղաքացիներն իրենց ֆոնդերն ընտրեն ու չընտրելու դեպքում համաապատասխան պատասխանատվություն առաջանալո՞ւ է, թե՞ ոչ: Բոլորին հուզող հարցադրումների կապակցությամբ նախարարը նշեց. «Իմ ասածից ուղղակիորեն դա բխում է: Այս օրենքը կարող է գործել մինչեւ սեպտեմբերի 30-ը: Այսինքն' այս օրենքի բոլոր դրույթները ենթակա են կիրառման եւ կառաջացնեն հետեւանքներ, եթե այս օրենքի դրույթը որեւէ անձի կողմից չկիրառվի»:

 

Ընդհանրապես, նշեց նախարարը, ՍԴ-ն իր որոշման պատճառաբանական մասում, ըստ էության, անդրադարձ կատարեց նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգի անցնելու հարցին, եւ եթե ոչ թե էպիզոդիկ' առանձին դրույթներ վերցնենք, այլ ամբողջ որոշումը դիտարկենք` համակարգի հետ փոխկապակցված, ապա պարզ է դառնում, որ համակարգը ոչ միայն ՀՀ-ի համար, այլեւ, աշխարհում տեղի ունեցող մի շարք պրոցեսներից ելնելով, անխուսափելի է բոլորի համար:

 

«Նպատակը մեկն է' ունենալ առավել արդյունավետ համակարգ, ապահովել սոցիալական պետությունից բխող այն երաշխիքները, որոնք այս փուլում պետությունը հնարավորություն կունենա: Եվ, կրկնում եմ, ՍԴ որոշումն այս առումով, բավականին օգտակար է լինելու բարձրացված խնդիրները մեկ անգամ եւս քննարկման առարկա դարձնելու եւ ավելի արդյունավետ համակարգ ունենալու»,- ասաց Հրայր Թովմասյանը: