կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-18 13:32
Հասարակություն

Ազնիվ չէ պարտադիր կուտակային բաղադրիչը ներկայացնել որպես կենսաթոշակառուների բարեկեցությանը միտված բարեփոխում

Ազնիվ չէ պարտադիր կուտակային բաղադրիչը ներկայացնել որպես կենսաթոշակառուների բարեկեցությանը միտված բարեփոխում

ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը շատ հստակ է արտահայտել իր դիրքորոշումը պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ. Yerkir.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Այս հարցում որևէ այլ պնդում պարզապես «կենսաթոշակային բարեփոխումներ» հասկացության մանիպուլյացիա է: Կարծում եմ` որևէ մեկը չի կասկածում, որ եթե նախագահ Քոչարյանը համոզված լիներ, որ կենսաթոշակային կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի գործադրումը անհրաժեշտ ու կիրառելի է Հայաստանի համար, նա այդ որոշումը կայացնելու համապատասխան կամքն ուներ»,- նշեց նա:

 

Հիշեցնենք, որ  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանել է Ռոբերտ Քոչարյանի` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող անդրադարձին`  նշելով,  որ «Ռոբերտ Քոչարյանը կարող է հպարտանալ նրանով, որ հանդիսանում է կուտակային կենսաթոշակային համակարգի հիմնադիր հայրը»:

 

«Նախագահ Քոչարյանի համոզմունքի ձևավորման գործում իսկապես ազդեցություն է ունեցել կառավարության և հատկապես` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնավորված «դեմ» դիրքորոշումն ու համոզումը, չէ՞ որ բարեփոխումները պետք է բխեին սոցիալական վիճակի բարելավման անհրաժեշտությունից, իսկ  դրա պատասխանատուն, ըստ Սահմանադրության, կառավարությունն է: Մինչդեռ պարտադիր բաղադրիչի ակտիվ ջատագովը Կենտրոնական բանկն էր` որպես ֆինանսական ոլորտի կարգավորման պատասխանատու,  որի հետ պայքարում ակտիվորեն ներգրավված էին թե' աշխատանքի եւ սոցիալական հարցերի, թե' ֆինանսների նախարարությունների  պատասխանատու անձինք, այդ թվում`  նաև Հայաստանի կենսաթոշակային համակարգի լավագույն մասնագետներից մեկը՝ պարոն Արտեմ Ասատրյանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

 

«Ինչ վերաբերում է տարբեր տարիներին կենսաթոշակային համակարգի բարեփոխումների վերաբերյալ պարտադիր կուտակային բաղադրիչի մասին վկայակոչմանը, ապա դրանք հնարավոր սցենարներ էին, որոնք, սակայն, ինչպես ամրագրված էր դեռևս 2003-ին ընդունված պետական կենսաթոշակների վերաբերյալ օրենքում, կարող էին միս ու արյուն ստանալ, եթե ապահովված լինեին սոցիալ- տնտեսական կյանքին վերաբերող թեև ոչ ամբողջական, սակայն մի շարք պայմաններ:

 

Ո'չ 2005-ին,  2006-ին, 2008-ին և ո'չ էլ, առավել ևս, 2010 թվականին նշված պայմանները բավարարված չէին: Նման պայմանները բավարարելու ուղղությամբ կոնկրետ գործողություններ ձեռնարկելու փոխարեն կառավարությունը, որն այդ ժամանակ արդեն ղեկավարում էր Տիգրան Սարգսյանը, քաղաքական մեծամասնության միջոցով պարզապես ուժը կորցրած ճանաչեց 2003 թվականի օրենքով նախատեսված պայմանները: Անգամ 2008 թվականին ընդունված բարեփոխումների ռազմավարությունում նախատեսված էր, որ 2012 թվականին միջին աշխատանքային կենսաթոշակը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից ցածր չպետք է լիներ: Նորից գտնվեց կարճ լուծում` կառավարությունը պարզապես վերացրեց այդ կոնկրետ պարտավորությունը՝ այն փոխարինելով անորոշ ժամկետով հեղեղուկ պայմանով:

 

Ավելին` 2009 թվականի միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամը ոչ միայն դաս եղավ պարտադիր կուտակային համակարգ որդեգրած մի շարք երկրների համար, այլ նաև դրանց մի զգալի մասին ստիպեց վերանայել այդ համակարգը, մի շարք երկրներ վերադարձան սերունդների համերաշխության համակարգին, մի քանի երկրներ էականորեն նվազեցրեցին պարտադիր կուտակային տոկոսադրույքները և այլն: Ի վերջո, այսօր աշխարհում մատների վրա կարող են հաշվվել այն երկրները, որոնք մասնակիորեն ունեն պարտադիր կուտակային բաղադրիչը, այն էլ` բացառապես հասարակությունում, այդ թվում՝ քաղաքական ուժերի մոտ առկա կոնսենսուսի գործադրման շնորհիվ: Այն դեպքում, երբ մեր հասարակությունում այս հարցի վերաբերյալ տրամագծորեն հակառակ պատկերն է: Հայրենի կառավարությունը անհրաժեշտ հետևություններ չի արել նաև ճգնաժամից:

 

Այնպես որ` ազնիվ չէ ֆինանսական համակարգի ծնունդ հանդիսացող պարտադիր կուտակային բաղադրիչը ներկայացնել որպես կենսաթոշակառուների բարեկեցության բարձրացմանը միտված բարեփոխում, առավել ևս` այն դեպքում, երբ, նույն ԿԲ պատասխանատվությամբ, դեռևս 2009 թվականին պետք է ձևավորված լիներ Հայաստանի կապիտալի զարգացած շուկան, Կենտրոնական բանկից պետք է առանձնացվեր ֆինանսական շուկայի պրուդենցիալ կարգավորման միավորը, որը նույնպես Կենտրոնական բանկի նախագահի 2005 թվականի խոստումներից էր:

 

Այսօր 2014 թվականն է. Հայաստանի կապիտալի (արժեթղթերի) շուկան զարգացած չէ, չկա այդպիսի հույս, ֆինանսական շուկայի կարգավորման և վերահսկողության բացառիկ մենաշնորհատերը ՀՀ ԿԲ-ն է: Այս ժամանակագրությունը, որը շատ փոքր է կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի առաջին հնարավոր արդյունքը ստանալու ժամկետից, ապացուցում է, որ որևէ իրատեսություն չկա և չի կարող լինել պարտադիր կուտակային բաղադրիչի՝ բազմաբնույթ ռիսկերով հարուստ ֆինանսական համակարգերից սպասվող  դրական ակնկալիքների համար: Այս հարցում ձևական փոփոխությունը խնդրի լուծում չէ, հարկ է հիմնովին վերանայել համակարգը»,- ասաց ՀՅԴ պատգամավորը: