կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-03 19:52
Հասարակություն

Պարտադիր բաղադրիչը պետք է բացառել. Կարեն Կարապետյանի ուշագրավ հայտարարությունները

Պարտադիր բաղադրիչը պետք է բացառել. Կարեն Կարապետյանի ուշագրավ հայտարարությունները

Asekose.am-ի հարցազրույցը Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանի հետ

 

-Պարոն Կարապետյան, ավելի քան մեկ ամիս առաջ Դուք հանդես եկաք հայտարարությամբ, որով կոչ էիք անում ոչ միայն դե ֆակտո, այլև դե յուրե բացառել պարտադիր բաղադրիչը կենսաթոշակային բարեփոխումներում: Արդեն կատարված օրենսդրական փոփոխությունը որքանո՞վ է այժմ Ձեզ բավարարում:

 

-Ձեր մատնանշած հայտարարության մեջ նշել եմ, որ ցանկացած հարցում, այդ թվում կենսաթոշակային բարեփոխումներում պետք է զերծ մնալ աճպարարություններից: Հիմա էլ իմ տեսակետը, բնականաբար, չի փոխվել: Կարծում եմ՝ փաստացի այսօր մենք գործ ունենք բառախաղի հետ: Նորից պնդում եմ, որ պարտադիր բաղադրիչը պետք է բացառել իսպառ, կրնում եմ՝ իսպառ:

 

Մենք պետք է հաշվի առնենք, որ այսօր մեր հասարակության զգալի հատվածի համար ցանկացած չափի գումար հավելյալ բեռ է: Երբեք չի կարելի վերցնել չունևորից ու տալ հարուստներին (հասկանալի է, որ խոսքը վարկային ռեսուրսի, շրջանառու կապիտալի մասին է, և կարող են նաև աշխատատեղեր ստեղծվել, սակայն դեռ հարց է՝ այդ միջոցները գնալո՞ւ են արդյոք տնտեսական սեկտոր, թե՞ ոչ):

 

Որևէ պետության տրամաբանության մեջ նման մոտեցում չկա, այլ ընդհակառակը: Առավել ևս, որ գնալով սոցիալական ծանր վիճակում գտնվող մարդկանց թիվը ցավալիորեն աճում է: Շատերի եկամուտը առկա վիճակից բնականաբար բարձրացող իրենց արյան ճնշումից ցածր է, իսկ ապրանքները շարունակում են թանկանալ` սկսյալ հանապազօրյա հացից:

 

Այո, հասկանում եմ պետության համար երկար փողերի անհրաժեշտությունը: Եթե պատասխանատուները չգիտեն դրանց տեղը (իսկ ես համոզված եմ, որ գիտեն), ապա թող ուշադիր կողքները նայեն, այլ ոչ թե փորձեն դրանք ապահովել հազիվ կենսական խնդիրներ լուծող մարդկանց հաշվին:

 

-Այսինքն, Ձեր կարծիքով, ձեռնարկվող քայլերը բավարա՞ր չեն:

 

-Ես ասացի այն, ինչ ասացի: Խորապես համոզված եմ, որ այսօր մեր երկրի առաջնային խնդիրը պարտադիր կուտակայինը չէ, այլ մարդկանց սոցիալական վիճակի բարելավումը, տնտեսության իրական զարգացումը, տնտեսական շոշափելի աճը, որը զգալի կլինի ոչ թե մի խումբ մարդկանց, այլ մեր բոլոր քաղաքացիների համար: Իհարկե, շատ կարևոր է հոգալ նաև ապագայի մասին, բայց 40 տարի հետոյի մասին մտահոգվելուց առաջ նախ այսօրվա մասին է պետք մտածել, մարդկանց այսօրվա կարիքները բավարարել:

 

Առկա ներքին ու արտաքին մարտահրավերներին դեմ-հանդիման անհրաժեշտ է ունենալ դիմակայող տնտեսություն, ընդ որում՝ այդ ուղղությամբ օր առաջ որոշակի քայլեր ձեռնարկելով, առանց խուճուճությունների: Կարծում եք՝ մարդիկ ոչինչ չե՞ն հասկանում, ոչինչ չե՞ն տեսնում: Շատ լավ էլ տեսնում են: Մեր հասարակության մեջ, բարեբախտաբար, գերակշռում են մտածող, հասկացող, ընկալող մարդիկ, այլ ոչ թե սոսկ խոսքերով կերակրվողներն ու հրապուրվողները:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: