կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-30 13:38
Քաղաքական

Իր սխալների համար Հայաստանը չպետք է մեղադրի մյուսներին. Ռուբեն Հակոբյան

Իր սխալների համար Հայաստանը չպետք է մեղադրի մյուսներին. Ռուբեն Հակոբյան

Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով Աստանայում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Նազարբաևի հայտարարությունների մասին, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ եթե Արցախն անտեսվում է այդ միությունում, ուրեմն Հայաստանը պետք է իմանա իր անելիքները, որովհետև առանց հստակ արձանագրելու, թե Արցախը որտեղ է լինելու այդ պարագայում, Հայաստանն իրավունք չունի կոնկրետ քայլեր իրականացնելու:

 

Նրա խոսքով` շատ պարզ է, որ բոլորը խոսում են պայմանների լեզվով, դա նույնիսկ բնական է, ուրեմն` պետք չէ հայհոյել ու քննադատել այդ երևույթը, որովհետև յուրաքանչյուրն առաջնորդվում է իր պետական ազգային շահով: Հայաստանի շահն այն է, թե որքանո՞վ Արցախը կլինի Հայաստանի հետ, և եթե դա չի ընդունվում, ուրեմն Հայաստանը ինչ-որ տեղ իր որոշումները վերանայելու խնդիր ունի:

 

«Ես չեմ կարող ասել, թե նախագահն անպայման այդ պահին պետք է արձագանքեր Նազարբաևին, որովհետև ամեն տեսագրություն չէ, որ այդ պահին ցույց է տալիս այն, ինչ կատարվում է, բայց ինչ-որ արձագանք պետք է լինի, որովհետև դա չէր կարող անակնկալ լինել, նման արձագանք եղել էր նաև Մինսկում, և Ղազախստանը մի քանի անգամ նման հայտարարություն հնչեցրել է: Ուղղակի պետք է պատրաստ լինել և ակտիվ քաղաքականություն տանել»,- ասաց Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ Ղազախստանը բոլոր հանձնաժողովներում, բոլոր կոնֆերանսների ժամանակ չի թաքցրել, որ պաշտպանում է Ադրբեջանի շահերը:

 

Մեր այն հարցին, թե ի՞նչ պետք է անի այս պարագայում Հայաստանը, որ ճիշտ որոշում լինի, Ռուբեն Հակոբյանը դժվարացավ պատասխանել: Նրա խոսքով` Հայաստանը պետք է պարզապես համարժեք քայլեր ձեռնարկի, եթե Հայաստանի հետ պայմանների լեզվով են փորձում խոսել: Պատգամավորի համոզմամբ` ամեն գնով Արցախը պետք է մասնակից լինի այն կառույցներին, որին պետք է անդամակցի Հայաստանը:

 

«Ցավոք, երկակի ստանդարտները բացասաբար են անդրադառնում Հայաստանի վրա: Ես ամբողջությամբ չեմ նմանեցնում Ղրիմի օրինակը, բայց ինքնորոշոման խնդիր կար, որը Ռուսաստանը առաջ մղեց: Ինքնորոշման խնդիր կար Կոսովոյում, երբ ամբողջ արևմտյան աշխարհը պաշտպանեց այդ դիրքորոշումը, բայց պարզվում է` Արցախը, որը, որպես ինքնիշխան պետություն, չի զիջում ո'չ Կոսովոյին, ո'չ էլ Ղրիմին, նրա հանդեպ այլ դիրքորոշում է որդեգրում թե' Եվրոպան, թե' Ռուսաստանը»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

 

Նա հարկ համարեց շեշտել, որ Հայաստանի դիվանագիտությունը լրջագույն սխալներ է թույլ տվել, և Հայաստանն իր սխալների համար չպետք է մեղադրի ուրիշներին:

 

«Մենք լրջագույն մարտահրավերների առաջ ենք կանգնած, որոնք առնչվում է մեր ազգային անվտանգության և մեր պետության հետագա զարգացման հետ»,- ասաց նա: