Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ բանաստեղծ, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի «Ելք երկրից» ժողովածուի շնորհանդեսը, որին ներկա էին ինչպես գրականության ոլորտի ներկայացուցիչներ, այնպես էլ քաղաքական գործիչներ:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ բավական երկար ժամանակ էր, ինչ Վարդանյանը չէր գրում, և Եսայանի կարծիքով` ժամանակակից գրականությունը մեծ կորուստ ուներ, քանի որ Վարդանյանը տաղանդավոր բանաստեղծ է:
«Ինչ-որ շրջան կար, որ քաղաքականությունը խլել էր Աղվանին գրականությունից: Ես ուրախ եմ այս վերադարձի համար, քանի որ նա վերագտավ իր սկիզբը: Առաջին անգամ, երբ նա ինձ գիրքը նվիրեց, աչքս այս տողերին ընկավ, որոնք շատ խորհրդանշական են ինձ համար` «ու մի վայրկյան նրա դեմ անշարժացա ակամա, ձայն տվեցի կարկամած, բայց ձայնս ինձ չհասավ»: Վստահ եմ, որ գրականագիտությունն Աղվան Վարդանյան բանաստեղծի մասին դեռ շատ բան կասի, քանի որ նա ունի մի քանի բանաստեղծություններ, և եթե միայն դրանք գրած լիներ` արդեն բավարար կլիներ` նրան մեր ժամանակաշրջանի լագավույն գրողներից մեկը կոչելու»,- ասաց Եսայանը:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ, իր հերթին, նշեց, որ Վարդանյանն այն եզակի բանաստեղծներից է, ով շատ հարուստ հայերենի պաշար ունի, և նրա գործերում յուրաքանչյուր բառն ունի բյուր տարբերակներ. «Աղվանն ունի բառին իր երանգը տալու շնորհը: Ես սիրում եմ, երբ ինքն է ներկայացնում իր բանաստեղծությունները, ու, ի դեպ, ասեմ նաև, որ այնքան հայերեն է նրա գրածը, որ ցանկացած տեղ, երբ լսեմ նրա գործերը` կհասկանամ` ով է հեղինակը»:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը կարծում է, որ Վարդանյանի` Նախիջևանից լինելը հայրենական հետաքրքիր գույներ են հաղորդել նրա բանաստեղծություններին, և Վարդանյանն իր հիշողություններն արտահայտել է իր պոեզիայում:
«Գիտե՞ք` տարիների ազդեցությունը հետաքրքիր է` չնայած այն փաստին, որ Վարդանյանի գրիչն ավելի է հասունացել, բայց բանաստեղծությունների գույները նույնն են մնացել, ինչ առաջին գրքում»,- ասաց ՀԳՄ նախագահը:
Մանրամասները` տեսանյութում:
Լուսանկարը` civilnet.am-ի