Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նոյեմբերի 16-ին Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակում կայացավ արձակագիր, սցենարիստ, ծնունդով Արցախից Ծովինար Խաչատրյանի «Գյուրջևանի վերջին բնակիչը» գրքի շնորհանդեսը։ Այս մասին տեղեկանում ենք Համազգայինի Երևանի գրասենյակի ֆեյսբուքյան էջից։
«Շնորհանդեսին ներկա էին գրողներ ու մտավորականներ, հրավիրված էին նաև Արցախի գրողների միության անդամներ, արվեստագետներ։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին Արցախյան բոլոր ազատամարտերում անմահացած հերոսների հիշատակը։
Շնորհանդեսի ձևաչափը տարբերվող էր, այն շատ մտերմիկ էր ու անմիջական։ Ողջույնի խոսքով հանդես եկավ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը։ Նա նախ նշեց, որ գրողի ապրած կյանքն ու նրա ստեղծած գրականությունը շատ ներդաշնակ են, որովհետև գրքում արտացոլված է նաև հեղինակի մարդ տեսակը։ Այնուհետև Ռ. Առաքելյանը շեշտեց. «Այս օրերին, երբ բոլորիս սևեռակետն Արցախից տեղահանված մեր հայրենակիցներն են ու Արցախի ճակատագիրը, երբ մեր հոգու թաքուն անկյունում փայփայում ենք Արցախ վերադառնալու հույսն ու հավատը, խորհրդանշական է կազմակերպել մի գրքի շնորհանդես, որն ընդհանրացնում է Արցախ աշխարհը։ Մեկ գյուղի պատկերով Ծովինար Խաչատրյանը կարողացել է արտացոլել Արցախի ամբողջական պատկերը, իսկ դա, առաջին հերթին, գրողի հմուտ գրչի մասին է վկայում»։ Ռուզան Առաքելյանը հորդորեց կարդալ գիրքը եւ գրքի միջոցով յուրովի ճանաչել ու բացահայտել Արցախը։
Գրքի մասին իր տպավորություններով կիսվեց գրող, Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցյանը։ «Ծովինար Խաչատրյանն անմնացորդ սիրով է պատմում հայաշունչ, հինավուրց Գյուրջևանի թաղերի, մարդկանց, ավանդույթ-ծեսերի մասին։ Պատմում է՝ ցավ ու տխրություն խառնած հուշերին։ Գյուրջևանի նշանավոր, անխառն գինին թանձրացել, դարձել է մելան ու Ծովինարի գիրն այդ մելանով է թաթախված»,- շեշտեց Սպարտակ Ղարաբաղցյանը։
Գրքի խմբագիր, «Արմավ» հրատարակչության գլխավոր խմբագիր Արմեն Ավանեսյանն էլ իր խոսքում կարևորեց, որ գիրքը ոչ միայն խոսուն վկայություն է մեր ոխերիմ հարևանների տեսակի մասին, այլեւ յուրօրինակ պատգամ է՝ անցյալից դասեր քաղելու վերաբերյալ։ Դասեր, որ այդպես էլ չհասցրինք քաղել՝ կանգնելով նոր կորուստների առջև։
Լրագրող, թարգմանիչ, ծնունդով գյուրջևանցի Միքայել Հաջյանը ներկաների հետ կիսվեց իր հայրենի գյուղի նկարագրով, գյուղի հայաթափման ցավալի իրողության ու գյուրջևանցիների մասին զրույցներով։ Անդրադառնալով գրքին ու հեղինակին՝ Հաջյանը նշեց.«Գյուրջևան անվան տակ ես տեսնում եմ արեւմտյան մերձկասպյայի հայության կյանքի ու ճակատագրի պատմությունը։ Ծովինարը կարողացել է կերտել հայաշխարհի այդ հատվածի թե՛ բնապատկերը, թե՛ մարդկային նկարագիրը՝ իր ավանդույթներով ու սովորույթներով։ Այս գիրքը նաեւ կարևոր է հայոց պատմության վավերագրության տեսանկյունից»։
Գրքին անդրադարձավ նաև ընթերցող Գոհար Պետրոսյանը՝ զուգահեռներ անցկացնելով գրքում արտացոլված իրականության և ներկայի միջև։
Շնորհանդեսին հնչեց Միքայել Հաջյանի հեղինակած «Գյուրջևան» երգը՝ երգահան, երգչուհի Ալվարդ Բադալյանի կատարմամբ (Երաժշտությունը՝ Ալվարդ Բադալյանի)։
Իր սրտի խոսքն ասաց գրքի շապիկի ձևավորող, նկարիչ Սուսաննա Բուդաղյանը։
Միջոցառումն ամփոփվեց հեղինակի՝ Ծովինար Խաչատրյանի խոսքով։
«Գրքի ստեղծման հիմնական նպատակն է եղել մոռացության երախից փրկել հյուսիսային Արցախի դատարկված, կորսված գյուղերից մեկի կյանքի պատմությունը, հիշատակները, կոլորիտը, այնտեղ ապրող մարդկանց տեսակը, հոգեբանությունը, ծեսերը։Նաեւ խնդիր եմ դրել ցույց տալու երկու ազգերի՝ հայի ու ադրբեջանցու ընդհանրական տիպերը, կերպարները, ցույց տալու, թե ովքեր ենք մենք ու ովքեր են նրանք։ Ցույց տալու ոչ միայն հայ ընթերցողին, այլ նաեւ աշխարհին»,- շեշտեց Ծովինար Խաչատրյանը։
Շնորհանդեսն անցավ ջերմ ու ընկերական մթնոլորտում»։