Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շնորհանդեսին, որը վարում էր Անուշ Բաբայանը, ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանը, գրքի խմբագիրները, փաստաբաններ ու գործընկերներ:
Բացելով միջոցառումը՝ Անուշ Բաբայանը ներկայացրեց Ավետիք Հարությունյանին, նրա գիտական ու հասարակական գործունեությունը, հեղինակած ուսումնասիրության կառուցվածքը, բովանդակությունը և այլ կարևոր փաստեր:
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջարկությամբ միջոցառումը սկսվեց Ներսես Շնորհալու աղոթքով, այնուհետև որպես գիտնական-հոգևորական նա անդրադարձավ գրքին, մասնավորապես հեղինակի կողմից արծարծված իրավունքի և կրոնի հարաբերակցության հարցերին:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանը՝ անդրադառնալով գրքի անհրաժեշտությանը՝ դաշտում առկա մասնագիտական պահանջարկի առումով, ինչն էլ կարևորվել է տպագրության երաշխավորող կազմակերպության՝ ՀՖՀՀ-ի գիտամանկավարժական խորհրդի կողմից: Վերջինիս և «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի աջակցությամբ է տպագրվել գիրքը:
Աշխատության մասնագիտական խմբագիր, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար, ՀՀ վաստակավոր իրավաբան Գևորգ Դանիելյանը խոսեց ինչպես հեղինակի աշխատասիրության, հետևողականության, իրավունքի փիլիսոփայության խորքային ընկալման, այնպես էլ ծնունդով արցախցի նշանավոր ակադեմիկոս Վլադիկ Ներսեսյանցի ջատագովն ու գիտակը լինելու առանձնաշնորհների մասին:
Այնուհետև ելույթ ունեցան գրքի խմբագիր, փ.գ.թ., դոցենտ Սոֆյա Օհանյանը, գրքում ներառված տերմինաբանական բառարանի խմբագիր, բ.գ.թ. Աննա Ղարսլյանը՝ կարևորելով աշխատության տեսական ու կիրառական նշանակությունը:
Բովանդակալից ելույթով հանդես եկավ նաև հեղինակը՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին մասնակցության, գնահատանքի և ոգևորիչ ելույթների համար: Ավետիք Հարությունյանը նշեց, որ գիրքը կարևոր է ինչպես էթիկական, այնպես էլ բովանդակային առումներով: Այն սիրով ու երախտագիտությամբ նվիրել է ծնողներին՝ ՀԱՄԼԵՏ ՇԱՀԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ՝ Արցախի Հանրապետության Շոշ գյուղի դպրոցի 41 տարվա տնօրենին ու վաստակավոր մանկավարժին, և ԺԱՆԵՏԱ ԱՇՈՏԻ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ՝ նույն դպրոցի մաթեմատիկայի 43-ամյա ուսուցչուհուն ու վաստակավոր մանկավարժին, որոնց պարտական է իր մեջ կրթության, գիտության, իրավունքի և փիլիսոփայության հանդեպ սեր ու հետաքրքրություն առաջացնելու, նաև կյանքը փիլիսոփայորեն ընկալելու և իմաստավորելու համար:
Անդրադառնալով գրքի բովանդակային մասին՝ հեղինակը ներկայացրեց իրավունքի փիլիսոփայության հանդեպ առաջացած հետաքրքրության, գրքի ստեղծման նախապատմության, կառուցվածքի, արդի հիմնահարցերի, ինչպես նաև իրավունքի փիլիսոփայությանն առնչվող նոր գաղափարների իրագործման մասին:
Աշխատությունը, որը հիմնված է Արցախի ու Հայաստանի բուհերում հեղինակի՝ մոտ 15 տարի դասավանդած համանուն դասընթացի դասախոսությունների վրա, բաղկացած է 7 գլխից՝ 50 ենթահարցով և 4 հավելվածով (ներառյալ տերմինաբանական բառարանը):
Ավետիք Հարությունյանը ներկայացրեց նաև իր հիմնադրած «Ավե Յուս» փաստաբանական գրասենյակի (www.avejus.am) գործունեության հիմնական ուղղությունները:
Հեղինակը միտքն ամփոփեց հետևյալ կերպ. «Աշխարհում տեղի ունեցող բացասական ու հակաիրավական երևույթների պատճառներից մեկն էլ իրավունքի և իրավունքի փիլիսոփայության արժևորման պակասն է, անտարբեր վերաբերմունքը, եթե ոչ հենց արհամարհումն ու ժխտումը: «Իրավունք» երևույթը շիտակ ձևով ընկալված, իմաստավորված, արժեվորված ու իրացված չէ ինչպես մարդկության, այնպես էլ պետությունների կողմից: Միգուցե ինչ-որ չափով ընկալված է, սակայն նրա ամբողջ ներուժն իրացված չէ, հակառակ դեպքում երկիր մոլորակն արդարության ու ազատության հետ խնդիրներ չէր ունենա: Մարդը և մարդկությունը զարգանում են դեպի ազատությունը, իրավունքը, հավասարությունը և արդարությունը՝ դրանց բացակայության իրավիճակից ելնելով»:
Աշխատության վերաբերյալ մասնագիտական կարծիք հայտնեց նաև Եվրոպական համալսարանի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանը՝ կարևորելով աշխատության գիտագործնական նշանակությունը:
Միջոցառման ավարտին կազմակերպիչների կողմից նախատեսված էր հյուրասիրություն՝ արցախյան ժենգյալով հաց ու գինի:
«Գրքատուն» գրախանութը, որին տրվել է վաճառքի բացառիկ թույլտվություն, շնորհանդեսի շրջանակներում կազմակերպեց «Իրավունքի փիլիսոփայություն» ուսումնական ձեռնարկի վաճառքը:
Ի դեպ, գիրքը հրատարակվել է սահմանափակ քանակությամբ, իսկ ստացված հասույթն ուղղվելու է իրավունքի փիլիսոփայության ոլորտում կոթողային մի աշխատության թարգմանությանն ու տպագրությանը:
Աղբյուրը՝ avejus.am-ի