կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-18 21:30
Քաղաքական

Բանաստեղծական խառնվածքն օգնում է պատգամավորին

Բանաստեղծական խառնվածքն օգնում է պատգամավորին

ԱԺ պատգամավորների հայտարարություններն ու ելույթները քիչ թե շատ լսած մարդիկ, հատկապես` լրագրողներն ու պատգամավորները կփաստեն, թե որքան բանաստեղծական է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանը: 

 

Այսօր ԱԺ-ում, երբ Yerkir.am-ը փորձեց այս մասին զրուցել Վարդապետյանի հետ, նա թեեւ հայտարարեց, որ շտապում է ԱԺ նախագահի բարձր հովանու ներքո տեղի ունենալիք ասմունքի փառատոնի գալա-համերգին, այդուհանդերձ, պարզաբանեց,` օգնո՞ւմ, թե՞ խանգարում է բանաստեղծական մոտեցումը քաղաքականությամբ զբաղվելուն:

 

«Վերջերս երեւի զգացել եք, որ շատերն իրենց քաղաքական միտքը փորձում են գեղարվեստական մեջբերումներով համեմել, որը շատ ավելի տպավորիչ է: Նաեւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով Գյոթեին ցիտելիս, որպեսզի այդ անունը չարտաբերի, ասաց «Ֆաուստի» հեղինակը... Եթե ուշադրություն եք դարձրել ՀՀ նախագահն էլ իր ելույթներում պարբերաբար ցիտում է մեր մեծերին՝ Սեւակին, Թումանյանին.. »,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորը:

 

Նա համոզված է, որ գեղարվեստական մեջբերումները նպաստում եւ օգնում են, որ քաղաքականությունն ավելի մարսելի եւ ընկալելի դառնա:

 

Դիտարկմանը, որ, ըստ Գալուստ Սահակյանի, այսուհետ ամենաբանաստեղծական պատգամավորն իր փոխարեն Տաճատ Վարդապետյանն է, ՀՀԿ-ական պատգամավորն արձագանքեց. «Այդ կոչման համար, իհարկե, շնորհակալ եմ, դա վկայում է Գալուստ Սահակյանի համեստության մասին... Այո, ես բանաստեղծական խառնվածք ունեմ»:

 

Ուշագրավ է բայց մասնագիտությամբ տնտեսագետ պատգամավորը անգամ բանաստեղծությունների ժողովածուներ ունի: «Սեւակն ասում է՝ այն ինչ կոչվում է գրականություն, դեսպանատուն չէ... Քաղաքական միտքը ազնվացնելու համար գեղարվեստական մեջբերումները օգնում են»,- հայտարարեց Վարդապետյանը:

 

Ի դեպ, զրույցի ընթացքում, երբ հիշեցրինք Ռամիլ Սաֆարովի արտահանձման փաստին նվիրված իր ելույթը, որը բնորոշել էր՝ «ազերին ցնծաց, աշխարհը ապշեց», ՀՀԿ-ական պատգամավորը շտապեց հիշեցնել, որ ինքը Սաֆարովին նաեւ սինլքոր է անվանել: