Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանում 2011 թվականի ապրիլի 20-ին կայացավ «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գրքի շնորհանդեսը: Գրքի ստեղծման գաղափարը և ժողովածուի հրատարակման հետ կապված բոլոր աշխատանքները իրականացրել են Վրաստանի Հայ Համայնք և Վրաստանի Հայ ուսանողների միություն հասարակական կազմակերպությունները: Այն լույս է տեսնում Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի (EAFJD) Վրաստանի գրասենյակի և Վրաստանի Հայ Համայնքի հովանու ներքո:
«Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» ժողովածուում տեղ են գտել Վրաստանի Ազգային Խորհրդարանական գրադարանի` վրացական պարբերականների բաժնում պահպանվող Հայոց Ցեղասպանության թեման լուսաբանող նյութեր: Վրացերեն լեզվով այս ժողովածուում ներկայացված են Հայոց Ցեղասպանության թեման լուսաբանող նյութեր վրացական երեք` «Սաքարթվելո» («Վրաստան»), «Սամշոբլո» («Հայրենիք»), «Սախալխո փուրցելի» («Ժողովրդական թերթոն») թերթերից և «Կլդե» («Ժայռ») ամսագրից:
«Գրքի հիմնական նպատակներից է խթանել Վրաստանի գիտական շրջանակներին` ուսումնասիրել նյութերի ու փաստերի այն մեծ պաշարը, որոնք պահպանվում են վրացական արխիվներում, դրանով լրացնելով Հայոց Ցեղասպանության արդեն հայտնի պատկերը»,- ասաց գրքի նախաձեռնողներից Ալեքսանդր Օհանյանը:
Վրաստանի Հայ ուսանողների միության նախագահ Արմեն Աղաջանովի խոսքով էլ, «Հայոց Ցեղասպանությունը 1914-18 թվականների վրացական պարբերականներում» գիրքը նպատակ ունի նաև վրացի ընթերցողին ծանոթացնել Հայոց Ցեղասպանության փաստի հետ, քանի որ այս հարցը վրաց հասարակությունում տասնամյակներ շարունակ «տաբու» է համարվել:
Գրքի առաջաբանը գրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Օթար Ջանելիձեն, ով նշում է, թե այս ժողովածուում տեղ գտած նյութերը արտահայտում են այն ժամանակվա վրացական մամուլի և քաղաքական կազմակերպությունների տեսակետը Հայոց Ցեղասպանության մասին և ցույց են տալիս վրաց ժողովրդի վերաբերմունքը Թուրքիայում հայերի հանդեպ իրականացված ողբերգության շուրջ:
Նշենք, որ գիրքը հեղինակել են Վրաստանի Հայ ուսանողների միության անդամներ Ալեքսանդր Օհանյանը, Արթուր Միրզոյանը, Ռազմիկ Բադալյանը, Գևորգ Յագուտովը և Էդուարդ Սահակյանը, ովքեր մեկ տարի շարունակ գրադարանում ուսումնասիրել, հետո էլ` մշակել և պատրաստել են ժողովածուն: