կարևոր
4288 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-28 11:58
Հասարակություն

Տեղի է ունեցել «ՆԱՄԱԿՆԵՐ ՊՕՂՈՍ ՍՆԱՊԵԱՆԻՆ» գրքի շնորհանդեսը

Տեղի է ունեցել «ՆԱՄԱԿՆԵՐ ՊՕՂՈՍ ՍՆԱՊԵԱՆԻՆ» գրքի շնորհանդեսը

Սփյուռքահայ գրող, հասարակական գործիչ Պողոս Սնապյանի տուն-թանգարանի նախաձեռնությամբ և Համազգայինի Երևանի գրասենյակի կազմակերպությամբ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նիստերի դահլիճում հունիսի 27-ին տեղի ունեցավ «ՆԱՄԱԿՆԵՐ ՊՕՂՈՍ ՍՆԱՊԵԱՆԻՆ» գրքի շնորհանդեսը:

Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը՝ շեշտելով Պողոս Սնապյանի՝ որպես մեծ մտավորականի գրական-հասարակական գործունեության կարեւորությունն ու դերը հայ իրականության մեջ։ «Պողոս Սնապյանն այն քիչ մտավորականներից էր, ով իր կյանքով փաստեց իր հավատարմությունը գրական ու մշակութային այն բարձր արժեքներին, որոնք բանաձեւում են հոգեւոր Հայրենիքի տեսլականը»,- նշեց Ռ.Առաքելյանը։

Շնորհանդեսին օրհնության խոսք ասաց ԱՄՆ արեւելյան թեմի առաջնորդ Անուշավան արքեպիսկոպոս Դանիելյանը։

Համազգայինի կենտրոնական վարչության կողմից ելույթ ունեցան ԿՎ անդամներ Արևիկ Գաբրիելյանը և Արտաշես Շահբազյանը։

Միջոցառումը հագեցած էր գնահատանքի ջերմ ու անկեղծ խոսքերով՝ ներկաների համար նորովի բացահայտելով Պողոս Սնապյանի թողած գրական ժառանգությունը, նրա մարդկային կերպարն ու պատգամները։

Միջոցառման բանախոսներն էին գրականագետներ Արծրուն Ավագյանը, Սերժ Սրապիոնյանը, Դավիթ Գասպարյանը, ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը, հրապարակախոս Վաչե Բրուտյանը։

Պետրոս Դեմիրճյանն ընթերցեց Պողոս Սնապյանի նամակը, որը տարիներ առաջ գրողը հղել էր իրեն։

Իրենց սրտի խոսքն ասացին ու ներկաների հետ հուշերով կիսվեցին Պողոս Սնապյանի դուստրը՝ Թամար Սնապյան- Սուրդջյանը և թոռնուհին՝ Նարոտ Սուրդջյանը։

Շնորհանդեսն անցավ ընկերական ու ջերմ մթնոլորտում։

Համազգայինի Երևանի գրասենյակ