Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռևս մեկ ամիս առաջ օֆշորային սկանդալից հայտնի Աշոտ Սուքիասյանը միջնորդել էր Թբիլիսիի կենտրոնական դատարանին` իրեն շտապ տեղափոխել Հայաստան, որը և բավարարվել էր: Գործարարը հայտնել էր, որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կինն ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ է ստանում:
Սակայն, ինչպես yerkir.am-ին հավաստիացրել էր Սուքիասյանի գործողություններից տուժած գործարար Փայլակ Հայրապետյանը, իրականում նրա ծնողները շատ ավելի վաղ են մահացել` մինչ այդ դեպքը:
Պարզվում է` Սուքիասյանի արտահանձնման ձգձգման պատճառն այս անգամ Վրաստանի արդարադատության նախարարն է, ով և պետք է ստորագրի արտահանձնման վերաբերյալ որոշումը, ինչից հետո միայն հնարավոր կլինի կազմակերպել այդ գործընթացը: ՀՀ դատախազությունից yerkir.am-ին հայտնեցին, որ թեև Աշոտ Սուքիասյանին արտահանձնելու որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտել, սակայն Վրաստանի արդարադատության նախարարը դեռևս չի ստորագրել համապատասխան որոշումը:
Նշենք, որ արտահանձնումը կազմակերպելու համար տվյալ երկիրը պետք է օգտվի կա'մ համընդհանուր կոնվենցիայի դրույթներից, կա'մ երկկողմանի պայմանագրից, կա'մ էլ այն կարող է լինել տվյալ երկրի բարի կամքի դրսևորում: Իրավաբան Արա Ղազարյանը yerkir.am-ին հայտնեց, որ ԱՊՀ երկրների միջև արտահանձման գործընթացը կատարվում է Մինսկի կոնվենցիայի միջոցով, սակայն արտահանձնման վերաբերյալ Վրաստանի հետ մենք ունենք երկկողմանի պայմանագիր: Հայաստանի և Վրաստանի միջև հանձնման պայմանագիրը, որն ուժի մեջ է մտել 2000-ի հոկտեմբերի 10-ից, կարգավորում է դատապարտված կամ հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձանց հանձնման առնչությամբ պայմանավորվող կողմերի միջպետական երկկողմ հարաբերությունները: Ըստ հիշյալ պայմանագրի` «հայցվող պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին ծանուցում է հանձնման վայրի և ժամանակի մասին` նշելով նրա նկատմամբ կիրառված հարկադրական միջոցների մասին: Հանձնման ենթակա անձի փոխանցումը պետք է կատարվի հանձնման վայրի և ժամանակի մասին հայցվող Պայմանավորվող կողմի ծանուցման մեջ նշված օրվանից հաշված 15 օրվա ընթացքում: Կողմի պատճառաբանված պահանջով այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս 15 օրով»:
Ի դեպ, այս պայմանագրով սահմանվում է, որ հանձնման հետ կապված ծախսերը կրում է այն պայմանավորվող կողմը, որի տարածքում դրանք առաջացել են: Արա Ղազարյանի խոսքով, սակայն, որպես կանոն, հանձնման ենթակա անձն իր վրա է վերցնում տվյալ ծախսերը, կամ խնդիրը կարգավորվում է կողմերի համաձայնությամբ` բանակցությունների արդյունքում:
Այսինքն` եթե ՀՀ դատախազությունը Սուքիասյանին արտահանձնելու միջնորդության մեջ նշած չլինի, որ պատրաստ է հանձնման ծախսերն իր վրա վերցնել և դրանից հրաժարվի նաև Սուքիասյանը, Վրաստանը պարտավոր է իր միջոցներով կազմակերպել գործարարի հանձնումը:
Անդրադառնանք նաև պայմանագրում նշված այն կետերին, որոնց դեպքում հնարավոր է մերժվի արտահանձնումը: Հանցագործության մեջ մեղադրվողի կամ դատապարտյալի հանձնումը մերժող մի քանի հիմքեր կան, օրինակ` եթե պարզվի, որ տվյալ անձի մասնակցությամբ տեղի ունեցող գործի դատաքննության ժամանակ չեն պաշտպանվելու նրա նվազագույն իրավունքները կամ,ասենք, հետապնդման կամ խտրականության միջոցներ են կիրառվելու ռասայի, կրոնի, ազգության, քաղաքական համոզմունքների, սոցիալական և անձնական պայմանների պատճառով, կամ էլ կիրառվելու են խոշտանգումներ կամ մարդու հիմնական իրավունքները խախտող ֆիզիկական այլ ներգործություններ:
Ինչևէ, օֆշորի գործով Կիպրոսից ստացված կարևոր փաստաթղթերը կան, Սուքիասյանի արտահանձնման վերաբերյալ Թբիլիսիի դատարանի որոշումը կա, մնում է միայն Վրաստանի արդարադատության նախարարի ստորագրությունը, ինչից հետո տեղի կունենա Սուքիասյանի` այդքան սպասված «վերադարձը» հայրենիք, որտեղ նրան սպասում են Փայլակ Հայրապետյանն ու նրա մեքենայությունների զոհ դարձած այլ մարդիկ: