Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հրապարակվեց նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի գործով դատավճիռը: Դատավոր Վարդան Գրիգորյանը մեղավոր ճանաչեց գործարար, ադամանդագործ Աշոտ Սուքիասյանին և դատապարտեց 16 տարվա ազատազրկման: Դատարանը վճռեց մոտ 8 մլրդ 919 մլն դրամ բռնագանձել հօգուտ Փայլակ Հայրապետյանի և 632 մլն 403 հազար դրամ՝ հօգուտ Հայրապետյանի որդու:
Yerkir.am-ի հետ զրույցում Սուքիասյանի պաշտպան Յուրի Խաչատրյանը հայտնեց, որ անպայման բողոքարկելու է դատարանի վճիռը, ավելին՝ այս գործը հասնելու է մինչև Եվրադատարան:
«Զարմանալի դատաքննություն էր. երկու քաղաքացիների ընկերությունների միջև գործը սարքեցին հայոց հարց: Ողջ դատաքննության ընթացքում դատարանը մերժեց մեր կողմից արված միջնորդությունները, իսկ Փայլակ Հայրապետյանի փուչիկ հայտարարությունները հերքվեցին բոլոր առումներով և փաստերով»,- ասաց նա:
Փաստաբանի խոսքով՝ այս գործն իրականում մասնավոր շահի հարթությունում էր, ոչ թե` հանրային: «6 տարի պետական միջոցներ ծախսվեցին, որպեսզի պարզեն` Փայլակ Հայրապետյանն իր՝ չգիտես ինչպես ձեռք բերված միլիոնավոր դոլարները ճի՞շտ է դրել գրավ, թե՞ չէ: Պետության դեմ ուղղված որոշ չինովնիկների սխալ քաղաքականության արդյունքում հսկայական պետական միջոցներ ծախսվեցին ու դեռ ծախսվելու են»,- ասաց նա:
Խաչատրյանը նշեց, որ իրենք սպասում էին, որ Սուքիասյանի նկատմամբ մեղադրական դատավճիռ կլինի, սակայն որ նման պատժաչափ կտան՝ անսպասելի էր: «Մարդիկ սպանության համար 7-8 տարվա ազատազրկման են դատապարտվում, էստեղ 16 տարի տվեցին: Անհասկանելի է` ի՞նչ թիվ ծագեց, ի՞նչ հաշվեհարդար է Աշոտ Սուքիայսյանի նկատմամբ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ, մեղադրական եզրակացության համաձայն, Աշոտ Սուքիասյանը խարդախությամբ ուրիշի` առանձնապես խոշոր չափերի գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված` առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց: