կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-16 12:20
Իրավական

Կիպրոսից «օֆշորի գործով» փաստաթղթեր են ստացվել

Կիպրոսից «օֆշորի գործով» փաստաթղթեր են ստացվել

Երեկ հայտնի դարձավ, որ օֆշորային հայտնի սկանդալի հերոս Աշոտ Սուքիասյանը` գործով միակ մեղադրյալը,  միջնորդել է Վրաստանի դատարանին` իրեն արտահանձնել Հայաստանին: Թեև հայտնի չէ Սուքիասյանի արտահանձման օրը, սակայն նրա, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանի՝ օֆշորային մեքենայությունների գործով, կարծես, սայլը տեղից շարժվում է:

 

Կիպրոսի դատախազությունը շուրջ 4 ամիս սպասեցնելուց հետո վերջապես ուղարկել է գործին առնչվող  այն փաստաթղթերը, որոնք խնդրել էր հայկական կողմը: Այս մասին yerkir.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Հարցին, արդյոք դրանք կապ ունեն Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի ստորագրությունների բնորինակների հետ, մեզ պատասխանեցին, որ, նախաքննության գաղտնիությունից ելնելով, չեն կարող ներկայացնել, թե կոնկրետ ինչ փաստաթղթեր են դրանք:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ օֆշորային փաստաթղթերում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Կճոյանի ստորագրությունների իսկությունը ճշտելու նպատակով 2013 թվականի նոյեմբերի 11-ին փորձաքննություն էր նշանակվել, սակայն նոյեմբերի 14-ին փորձաքննության կատարումը ժամանակավորապես դադարեցվել էր` մինչև հետազոտելի փաստաթղթերի բնօրինակների տրամադրումը: Հիշատակված փաստաթղթերի բնօրինակներն առգրավելու և նախաքննությանը տրամադրելու խնդրանքով դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին նախաքննական մարմինը՝ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ վարչությունը, գլխավոր դատախազության միջոցով իրավական միջնորդություն էր ներկայացրել Կիպրոսի իրավասու մարմիններին: Դատախազությունից մեզ հայտնեցին նաև, որ հիշյալ միջնորդության կատարման ընթացքի վերաբերյալ 4 անգամ հիշեցում է ուղարկել Կիպրոսի դատախազություն:

 

Գործի նախաքննությունը շարունակվում է: