կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-08 12:12
Իրավական

Օֆշորի գործով տուժող Հայրապետյանն ու մեղադրյալ Սուքիասյանն առերեսվել են

Օֆշորի գործով տուժող Հայրապետյանն ու մեղադրյալ Սուքիասյանն առերեսվել են

Անցյալ շաբաթ, քննիչի որոշմամբ, երկու անգամ առերեսվել են օֆշորային սկանդալի գործով տուժող` գործարար Փայլակ Հայրապետյանն ու գործով մեղադրյալ` ադամանդագործ Աշոտ Սուքիասյանը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Սուքիասյանի պաշտպան Յուրի Խաչատրյանը:

 

Ըստ նրա` եթե գործի շրջանակներում Սուքիասյանի և Հայրապետյանի ցուցմունքներում այլ հակասություններ ևս հայտնաբերվեն, նրանք դարձյալ կառերեսվեն: Փաստաբանը նաև նշեց, որ առերեսմանը Հայրապետյանը ներկայացել էր առանց պաշտպանի:

 

Նշենք, որ ավելի վաղ սնանկացման եզրին հայտնված գործարարը հրաժարվել էր պաշտպան Վաղարշակ Գևորգյանի ծառայություններից: Այնուհետև հայտնի դարձավ, որ նրա շահերը պաշտպանելու է փաստաբան Կրոմվել Գրիգորյանը, որի ծառայություններից շուտով գործարարը նույնպես հրաժարվեց: Շուրջ մեկ շաբաթ է` մեզ չի հաջողվում կապ հաստատել Հայրապետյանի հետ, քանի որ նրա հեռախոսն «անհասանելի» է:

 

Նշենք, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 216-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսումը, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում:

 

Այս դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործը գտնվում է ՀՀ ոստիկանության Քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության վարույթում: Գործով մեղադրյալ Աշոտ Սուքիասյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Նրան մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերի խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներ օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: Վերջինը փողերի լվացման հայտնի հոդվածն է: Նշենք, որ, ըստ մեղադրանքի, Աշոտ Սուքիասյանը փողերը լվացել է «Ամերիաբանկի» միջոցով: Ըստ շրջանառվող տեղեկությունների` այս գործում գլխավոր մասնակցություն ունեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ Նավասարդ Կճոյանը: