կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-02-21 13:19
Իրավական

Օֆշորի գործով նախաքննության ժամկետը վերջին անգամ է երկարաձգվել

Օֆշորի գործով նախաքննության ժամկետը վերջին անգամ է երկարաձգվել

ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի և ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի անվան հետ կապված օֆշորային սկանդալի կապակցությամբ հարուցված հայտնի գործի նախաքննության ժամկետը վերջին անգամ երկարաձգվել է եւս երկու ամսով: Բանն այն է, որ դեռևս որոշակի անավարտ քննչական գործողություններ կան, մասնավորապես` նշանակված փորձաքննություններ, որոնց պատասխանները դեռ չեն ստացվել: Նշենք, որ,   օրենքի համաձայն, նախաքննության ժամկետը կարող է երկարացնել դատախազը` քննիչի պատճառաբանված որոշման հիման վրա:

 

Գործով միակ մեղադրյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրիկ Խաչատրյանը yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ դեռևս չեն ստացվել նշանակված դատահաշվապահական և դատատնտեսագիտական փորձաքննությունների եզրակացությունները: Փաստաբանը հավելեց, որ այս ընթացքում իր պաշտպանյալը բազմիցս հարցաքննվել է և առերեսվել, ինչպես տուժող Փայլակ Հայրապետյանի, այնպես էլ գործով վկաների հետ, սակայն կոնկրետ ում` նախաքննական գաղտնիք է:

 

Սուքիասյանը, ով կալանքի տակ է գտնվում «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, իրեն մեղավոր չի ճանաչում: Նրան մեղադրանք է առաջադրված առանձնապես խոշոր չափերի խարդախության (ՀՀ Քր.օր. 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու (184-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին կետ) և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերի եկամուտներ օրինականացնելու (190-րդ հոդ. 3-րդ մասի 1-ին կետ) համար: