Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ Hetq.am-ը գրել էր, որ Թբիլիսիի կենտրոնական դատարանը բավարարել է «օֆշորի գործով» հայտնի` գործարար Աշոտ Սուքիասյանի` իրեն Հայաստանին արտահանձնելու միջնորդությունը: 45 րոպե տևած դատական նիստում Սուքիասյանը խնդրել է իրեն արագ տեղափոխել Երևան, քանի որ այս ընթացքում մահացել են նրա ծնողները, իսկ կինն ահաբեկող ու սպառնալիքներով լի հաղորդագրություններ է ստանում:
Yekir.am-ի հետ զրույցում, սակայն, «օֆշորի գործով» տուժող, սնանկացման եզրին հայտնված Փայլակ Հայրապետյանը նշեց, որ Սուքիասյանի ծնողները վաղուց են մահացել, երբ դեռ այս գործը չէր բացահայտվել: Ավելին, ըստ նրա, Սուքիասյանի ծնողների հոգեհանգստի արարողությունները Սուրբ Հովհաննես եկեղեցում կատարել է Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: «Այն ժամանակ դեռ նոր էին եկեղեցիներում նման արարողություններ կատարում, առաջիններից էլ նրա ծնողներինն արեցին»,- ասաց Հայրապետյանը:
Անդրադառնալով Սուքիասյանի այն հայտարարությանը, թե իր կնոջն ահաբեկում են, գործարարը նշեց. «Հնարավոր է, քանի որ Աշոտը հո մենակ ինձ չի քցել, էնքան լավ-լավ մարդկանց է խաբել»:
Ի դեպ, այսօր դատախազությունը հայտնեց, որ, այս գործի հետ կապված, Կիպրոսից փաստաթղթեր են ստացվել:
Հայրապետյանն այս կապակցությամբ ասաց, որ այդ մասին տեղյակ չէ: Իսկ մեր այն դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ Կիպրոսից ուղարկված փաստաթղթերը նախ նախագահին են տվել, դա չի՞ վկայում այն մասին, որ նա շահագրգռված է այս գործով, Հայրապետյանը պատասխանեց. «Իհարկե, շահագրգռված կլինի, նա կցանկանա, որ իր մոտ ամեն ինչ «մաքուր» լինի, քանի որ սա պետական գործարք է եղել: Ես նախագահից շնորհակալ եմ, ինքը շատ է տրամադրված, որ գործը բացահայտվի»: