Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Անցյալ տարի Արարատի մարզի մի շարք գյուղերի բնակիչներ ջրանցում բազմաթիվ սատկած ձկներ էին հայտնաբերել, ավելին' իրենց հողամասերը ոռոգելուց հետո գյուղացիները նկատել էին, որ բերքը հեկտարներով փչացել է: Ստացված բողոքների հիման վրա քրեական գործ էր հարուցվել, որը հետագայում' «հանցակազմի բացակայության» պայմաններում, փակվել էր:
Այս առումով, սակայն, ուշագրավ բացահայտում է արել Վերահսկիչ պալատը: Իր' «ՀՀ բնապահպանության նախարարության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ» ընթացիկ հաշվետվությամբ ՎՊ-ն նախ' հիշեցնում է. «Վերահսկողությամբ արձանագրվել է, որ 2013 թվականի ապրիլին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Խոր Վիրապ» պետական արգելավայրի ջրային տարածքներում կենդանական և բուսական աշխարհին հասցվել է էական վնաս, տեղի է ունեցել ձկնային պաշարների զանգվածային ոչնչացում: Փաստի վերաբերյալ նյութերը ներկայացվել են ՀՀ ոստիկանության Արարատի բաժին, սակայն քննության արդյունքում չի հիմնավորվել մարդկային գործոնի ազդեցությունը, որի հետևանքով մերժվել է քրեական գործի հարուցումը հանցագործության դեպքի բացակայության պատճառաբանությամբ»:
Իսկ այնուհետև հերթը հասնում է այս հարցում ՎՊ ուշագրավ բացահայտումներին, որոնց համաձայն` թունավորման օջախի անմիջական տարածքում շահագործվում է Վեդու ՋՕԸ -ի ոռոգման պոմպակայանը, որով ոռոգվում էին Փոքր Վեդի գյուղի մշակովի հողերը: Նշված ջրանցքի ջրերով ոռոգումը ռիսկային է, քանի որ ջրանցք են լցվում հարակից Տափերական, Փոքր Վեդի և այլ համայնքների կոյուղաջրերը' մշտապես ջրանցքն աղտոտելով կենցաղային և արտադրական թափոններով ու արտանետումներով:
«Վեդու ՋՕԸ -ի կողմից ոռոգման գործառույթն իրականացվել է առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության: Գործունեության արդյունքում ոռոգման ջրի տրամադրման համար բնակչությունից 120 հա հողատարածքի համար գանձվել է տարեկան շուրջ 7,000.0 հազ. դրամ»,- նշվում է ՎՊ ընթացիկ հաշվետվությունում:
Այս արձանագրումն ուշագրավ է այնքանով, որ ոստիկանության' այս գործը քննող սուբյեկտները «չեն նկատել» այս, մեղմ ասած, բացթողումը:
Այս հարցում ՎՊ-ն մեկ այլ ուշագրավ բացահայտում էլ է արել, մասնավորապես' որ Վեդի քաղաքի տարածքում' Վեդի գետի վրա, դեռևս 2000թ. շահագործվող ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ջրբաժան պատնեշի շինությունը կառուցվել է բնապահպանական նորմերի խախտումով: Կառույցում չի գործում ձկնուղի, փակվել է ձկների սեզոնային միգրացիան Արաքս գետից դեպի Վեդի գետի` Խոսրովի պետական արգելոցի տարածքում գտնվող բնական ձվադրավայրեր:
«Արդյունքում խոչընդոտվել է ձկների ձվադրությունն ու բազմացումը, որի հետևանքով վնաս է հասցվել կենդանական ու բուսական աշխարհի բնականոն զարգացմանը: Սակայն առ այսօր համապատասխան կազմակերպությունների կողմից անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվել վերոհիշյալ շինությունը վերակառուցելու ուղղությամբ: Անհրաժեշտ է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն ջրբաժան պատնեշի շինության վերակառուցման և շահագործման փաստաթղթերը ներկայացնել փորձաքննության և կառույցը շահագործել համապատասխան վերակառուցման արդյունքում ձկնուղու առկայության պարագայում»,- նշվում է ՎՊ հաշվետվությունում:
Թե ի՞նչ հետևանք կամ արդյունք կունենան ՎՊ այս լուրջ բացահայտումները, դեռ պարզ չէ, բայց որ դրանք հաշվի չեն առնվել անցյալ տարի անցկացված քննության ժամանակ, դա արդեն հստակ է: