կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2013-11-27 18:32
Իրավական

Բաբակեխյանն ու Կարապետյանը ծեծել են ռետինե մահակներով. Հ. Սարգսյանի աղմկոտ բացահայտումները

Բաբակեխյանն ու Կարապետյանը ծեծել են ռետինե մահակներով. Հ. Սարգսյանի աղմկոտ բացահայտումները

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացու Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստը, որի ընթացքոըմ ցուցմունք է տվել ամբաստանյալ Հարություն Սարգսյանը: Նա կարդաց իր ցուցմունքը, որ նախօրոք շարադրել էր թղթի վրա. գրում է «ԳԱԼԱ»-ն:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում ինձ մեղավոր չեմ ճանաչում, որովհետև որևէ առնչություն Կարեն Եսայանի սպանությանը չունեմ: Այն անձինք, ովքեր կամ տեղեկություն ունեին սպանության իրական հանգամանքների կամ իմ անմեղության վերաբերյալ, կամ դատարան չհրավիրվեցին, կամ դատարան ներկայանալով՝ չցանկացան պատմել իրականությունը: Ես կրկին պնդում եմ, որ ես ոչ մի առնչություն ոչ սպանության, ոչ սպանության նախապատրաստության հետ չունեմ: Այդ մասին քաջատեղյակ էին որոշ անձինք, ովքեր կարող էին դատարանում տալ ցուցմունքներ և հաստատել իմ անմեղությունը: Սակայն նրանք դա չարեցին, որովհետև վախեցան, որ կամ իրենք էլ իմ պես անմեղ լինելով և սպանության հետ առնչություն չունենալով կհայտնվեն իմ կողքին, կամ իրենք էլ Կարեն Եսայանի պես անմեղ զոհ կդառնան: Ես չեմ նշում նրանց անունները, քանի որ ես այն անձանց թվին չեմ դասվում, ովքեր իրենց ազատության համար կարող են զոհել այլ անմեղ անձանց կյանքը:

 

Ավելին, ես չեմ վստահում դատարանին և համոզված չեմ, որ դատարանը կապահովի այդ անձանց անվտանգությունը և օբյեկտիվ կգնահատի իմ կամ այդ անձանց ցուցմունքները: Քանի որ այս դատավարությունը լուսաբանվում է, եթե իմ կողմից նշված անձինք համարձակություն կունենան, դեռ ուշ չի, կարող են գալ դատարան և պատմել ամբողջ իրականությունը: Որպեսզի իմ ցուցմունքը սխալ չընկալվի, ես ցանկանում եմ նշել, որ այդ անձինք տեղեկություններ պետք է հայտնեն ոչ թե սպանության հանգամանքների մասին, այլ սպանությանը իմ առնչություն չունենալու մասին: Ինչպես ես, այնպես էլ նրանք ոչ մի տեղեկություն Կարեն Եսայանի սպանության մասին չունեն:

 

Եթե ես որևէ տեղեկություն ունենայի Կարեն Եսայանի սպանության մասին, ապա այդ մասին վաղուց դեռևս 12.04.12թ. ցուցմունք տված կլինեի, քանի որ ես ենթարկվել եմ դաժան, աննկարագրելի ծեծի ինչպես Գյումրիի ոստիկանությունում, ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում, այնպես էլ Երևանում ձերբակալվածներին պահելու վայրում: 2012թ. ապրիլի 12-ին ոստիկանության աշխատակիցների կողմից ինձ ծեծի ենթարկելու փաստի մասին ասեմ, որ 04.12.2012 թվականին, ժամը հստակ հիշել չեմ կարողանում, բայց մոտավոր կլիներ 15:00-ից հետո, ես ու հայրս գնացինք ոստիկանության Գյումրու բաժին, որովհետև ոստիկան Հրայր Քալաշյանը եկել էր մեր տուն ու հորս կանչել էր ոստիկանություն: Հորս ճնշումը բարձր էր, այդ պատճառով էլ ես նրա հետ միասին գնացի ոստիկանություն: Ոստիկանության աշխատասենյակներից մեկում կային չորսից հինգ հոգի: Նրանցից մեկը ներկայացավ պետի տեղակալ, որի անունը հիշում էի՝ Արսեն էր, սակայն ազգանունը չեմ հիշում: Նախկինում ճանաչում էի նրան: Արսենը սկսեց հարցեր տալ հորս և ինձ, թե այդ օրը ինչ ենք արել, որտեղ ենք եղել, արդյոք ճանաչում ենք սենյակում գտնվողներին: Ներկաներից մեկը հետագայում իմացա, որ Կարեն Եսայանի հայրն էր: Նա ևս հարցեր էր տալիս: Իմ պատասխանները լսելով՝ հասկացավ, որ ես իր տղայի հետ առնչություն չունեմ և հեռացավ ոստիկանությունից: Դրանից հետո ինձ տարան այլ սենյակ, որը եթե չեմ սխալվում, նույն հարկի վրա էր: Ինձ այդ սենյակում հարցնում էին, թե ես կապ ունե՞մ քաղաքապետի աղջկա ու Կարեն Եսայանի հետ: Բավական ուշ էր, երբ սենյակ եկան 7- 8 դիմակավորված անձինք: Նրանց հետ ներս մտավ նաև Գյումրու մարզային վարչության պետի տեղակալը, ով ապրում էր Ազատան գյուղում: Հետագայում իմացա, որ այդ անձը Վահրամ Ենգոյանն էր: Նա սկսեց ինձ հարցեր տալ, թե ով է սպանել Կարեն Եսայանին: Պատասխանեցի, որ չեմ ճանաչում նրան և այդ սպանության մասին տեղյակ չեմ: Նման պատասխան լսելուց հետո ազատանցին բռունցքներով հարվածեց ինձ ու հայհոյեց: Հարվածներ էր հասցնում երիկամներիս, հետո մի անգամ էլ խփեց ձախ ականջիս: Դրանից հետո ընկա գետնին, վերցրեց ռետինե սև մահակ ու հարվածեց ոտքերիս: Ամբողջ ծեծի ընթացքում հայհոյում էր ու հրամայում, որ սատկացնեն ինձ: Հետո դիմակավորվածները սկսեցին հարվածել ինձ, թե մարմնիս որ հատվածին էին խփում, չեմ հիշում: Լավ հիշում եմ սենյակի հոսանքի բաց լարերը, ու որ կոչումով գնդապետը ամեն անգամ ասում էր` լարերից հեռու պահեք: Ծեծից հետո ինձ հարցաքննեց քննիչ Խաչիկ Հայրապետյանը: Նրան տված ցուցմունքում նշված շատ հանգամանքներ իրականությանը չեն համապատասխանում: Ընթացքում եկավ Կարեն Բաբակեխյանը, հարցեր տվեց սպանության կապակցությամբ: Ուշ էր արդեն, Բաբակեխյանը հրահանգեց ինձ տանեն մարզային վարչության իր սենյակ: Լավ հիշում եմ՝ վարչություն գնացինք նրա «Տոյոտա Կորոլա» 010 ՈՍ 09 համարի մեքենայով:

 

Սենյակ եկան Բաբակեխյանը, Վահրամ Ենգոյանը, 2 քաղաքացիական հագուստով մարդիկ: Դրանցից մեկին չեմ հիշում, բայց մյուսին հետո իմացա, որ քրեական հետախուզության պետ Աշոտ Կարապետյանն էր (Երեւանի ներկայիս ոստիկանապետը/Մ. Ք.): Բաբակեխյանը սկսեց ծեծել ինձ, մի ձեռքով պինդ բռնում էր մի ականջս, մյուս ձեռքով հարվածում էր մյուս ականջիս: Այդ ժամանակ նա հրահանգեց՝ անունը լավ չեմ հիշում՝ Ազատ էր թե Արազ, որ աթոռ բերի: Նա փայտից աթոռ բերեց, բայց Բաբակեխյանը զայրացավ՝ ասելով, որ երկաթից աթոռ բերի: Ինձ պառկացրին գետնին, մեջքի կողմով գլուխս կիսածալված հենեցին պատին, աթոռը նստելու տեղի կողմից դրեցին դեպի ինձ, ոտքիս թաթերը դուրս հանեցին հենակի հատվածից՝ սրունքների հետևի մասով դեպի նստատեղը: Նրանցից մեկը` Վահրամ Ենգոյանը, հանեց կոշիկներս: Բաբակեխյանը ռետինի սև մահակով հարվածեց ոտքերիս, ոտնաթաթերիս տակ, այդ ժամանակ Կարապետյանն ու Ենգոյանը բռնել էին ինձ, որ չշարժվեմ: Նրանք ինձ ծեծելով ուզում էին ստիպել, որ ասեմ, թե իբր ես եմ սպանել Կարենին: Ամենադաժան ծեծը ու մարմնական վնասվածքներիս մեծ մասը ստացել եմ այդ ժամանակ: Ծեծը այնքան ուժեղ էր, որ ուշագնաց եմ եղել: Ուշքի գալուց հետո տեսա՝ Բաբակեխյանը ջրի ամանով ջուր էր լցնում վրաս: Ապրիլի 13-ի լույս 14-ի գիշերը ինձ տեղափոխեցին Երևան ՁՊՎ: Քնած ժամանակ ինձ արթնացրին, տարան 1-ին հարկի ինչ-որ սենյակ: Սենյակում էր Աշոտ Կարապետյանը, նա ներկայացավ, համոզեց, որ ընդունեմ մեղքը իմ վրա, հակառակ դեպքում ավելի վատ կլինի իմ համար: Ես չհամաձայնվեցի նրա այդ պահանջի հետ, որից հետո նա կարգադրեց դիմակավորված անձանց ծեծի ենթարկել ինձ, որը կարճ տևեց: Նշեմ, որ այդ ծեծի ժամանակ ՁՊՎ-ի աշխատողներ չկային սենյակում:

 

Կարծում եմ՝ բոլորի համար էլ ակնհայտ է, որ եթե ես որևէ առնչություն ունենայի Կարեն Եսայանի սպանության հետ, նման դաժան ծեծի պայմաններում անպայման ցուցմունք տված կլինեի»:

 

Շարունակությունը` այստեղ