կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-20 16:16
Քաղաքական

Աղբի անունը մեղր դնելով` այն չի քաղցրանում. Արծվիկ Մինասյանը՝ կուտակայինի մասին

Աղբի անունը մեղր դնելով` այն չի քաղցրանում. Արծվիկ Մինասյանը՝ կուտակայինի մասին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած` կուտակային օրենքի նոր փաթեթը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ցավալի է, բայց փաստ, որ կուտակային կենսաթոշակային համակարգը արդեն որերորդ անգամ քննարկվում է արտահերթ նիստերի միջոցով` թե' 2010-ին, թե' նաև սա քննարկվում են արտահերթ ռեժիմով:

 

«Սա արդեն օրինաչափություն է դարձել մեր թանկագին կառավարության համար, որը հրատապ կարգով փորձում է անցկացնել և, ըստ էության, պարտադրել այս օրենքը: Այն, ինչ երեկ կատարվեց այստեղ, պարզապես զավեշտ էր»,- ասաց պատգամավորը:

 

Նա նաև անդրադարձավ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի պահվածքին, ով, ունենալով 14 տարվա պատգամավորական փորձառություն, լինելով տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, անտեսեց այդ ամենը և, ըստ Արծվիկ Մինասյանի, չգիտես` ինչից ելնելով, մեղադրանքներ հնչեցրեց, որոնք ոչ միայն կապ չունեին իր ելութի հետ, այլև անհարկի հոլովվեց իր քննադատական խոսքը օրինագծի վերաբերյալ:

 

«Պարո'ն Բաղդասարյան, ես իսկապես փորձել եմ հանդես գալ կառուցողական դիրքերից, փորձել եմ արժևորել պետականությունը, գտնել համագործակցության եզրեր, բայց եթե Դուք ներկա լինեիք ՍԴ ամբողջ քննության ընթացքին, հանդիպեիք բազմահազար երիտասարդների հետ ու տեսնեիք այն ոգևորությունը, որը ապրեց հայ հասարակությունը ՍԴ հայտնի որոշման հրապարակումից հետո, որը հավասարազոր էր Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականների խաղում Հայաստանի հաղթանակի հետ, եթե տեսնեիք այդ ոգևորությունը, որը անհրաժեշտ էր ուղղել երկրում լուրջ փոփոխությունների համար, դրվեր հետագա բարեփոխումների հիմքում, իշխանությունները մեկ գրչի հարվածով կոտրում են, ոչնչացնում: Այդքանից հետո եթե Դուք կարողանաք չմոլորվել ու գովաբանել իշխանության արածը, ապա Ձեզ մեդալ պետք է շնորհել:

 

Ես այդպես չեմ կարող անել, որովհետև այն, ինչ կատարվում է պարտադիր կուտակային բաղադրիչի հետ, սարսափելի է: Պարտադիր բաղադրիչը չէր կարող լինել այն հիմքերով, որոնք դրված էին այդ օրենքի հիմքում, բայց հետո այստեղ հայտնվում է մի փաթեթ, որը ջարդելում է հանրության ոգևորությունը, եւ ասում եք, որ ձեզ համար ավելի կարևոր են երկու արտասահմանյան կառավարիչների, փոքր- մոքր մի քանի անձանց շահերը, քան ամբողջ մի պետության ու ժողովրդի շահերը: Այն, որ դուք սեր չունեք կարդալու հետ, չնայած ձեր մեջ կան իմ կողմից հարգված մարդիկ, որոնք ոչ միայն կարդում են, այլև ուսումնասիրում, դա պարզ էր: Աանգամ ՍԴ որոշումը, անգամ այս օրենքի նախագիծը չեք կարդացել:

 

Ես չգիտեի, որ պառլամենտի պատգամավորները կարող են հասարակության ոգին կոտրել նման կեցվածքով: Որովհետև այդ հասարակության մեջ ձեր և մեր երեխաներն են: Առանց նրանց կարծիքը հաշվի առնելու, առանց քննարկելու` ինչ ենք ուզում ասել սրանով, չէ՞ որ դա օրենքի պահանջ էր, որ նախագիծը պետք է անցներ լուրջ ուսումնասիրություն հանձնաժողովներում, ու հանրային քննարկումներ անցկացվեին առնվազն 15 օր: Սրան պետք է կցված լիներ արդարադատության նախարարի եզրակացությունը, որպեսզի իրեն գիտուն համարող ամեն մեկը այստեղից չասեր, որ համապատասխանեցրել են ՍԴ պահանջներին: Ոչ մի բան էլ չեք համապատասխանեցրել: Եվ աղբի անունը մեղր դնելով` այն չի քաղցրանում, այլ նույն աղբն է մնում:

 

Հայտարարում եք, թե սահմանադրականության հարցը ՍԴ իրավասության հարցն է, է հետո՞, դրդում եք նորից ՍԴ մտնե՞լ, հո մանկապարտեզ չէ: Դրա փոխարեն ավելի լավ է կրթվեք, որ հասկանաք ինչ բան է Սահմանադրություն և քաղաքացու շահ: Ինչո՞ւ ենք փորձում մեր քաղաքացուն խաբել: Կարող եք անցկացնել, վերջը դատարկ Հայաստան եք ունենալու»,- խոսքը եզրափակեց պատգամավորը: