կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-10 12:45
Քաղաքական

Խաղը սկսված է

Խաղը սկսված է

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի` Հաղթանակի օրը լրագրողների հետ կայացած զրույցի այն հատվածը, որտեղ խոսվում է երկրում մրցակցային տնտեսական դաշտ ստեղծելու անհրաժեշտության մասին, գործունեության նպատակ լինելուց առավել խոստովանության նման է, ընդսմին` ինքնախոստովանության:

 

«Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ներդրող, գործարար հասկանա և իրականում տեսնի, որ տնտեսական դաշտում բոլորը հավասար են: Դա պետք է բոլորը հասկանան, իմ մերձավորները: Ես ինձնից եմ սկսելու: Եվ դա ինձ համար լինելու է սկզբունքային: Այս հաղթանակի օրը ես ուզում եմ հնչեցնել այդ մասին, և դա նաև մեսիջ է մեր բոլոր մերձավորներին, մեր ընկերներին, յուրայիններին: Դա է լինելու մեր առաջնահերթ խնդիրը` հավասար պայմաններ բոլորի համար»,- ասել է նորանշանակ վարչապետը:

 

Սա իրավամբ կարելի է համարել Հայաստանում օլիգարխիկ տնտեսության գոյության առաջին պաշտոնական ընդունումն ու հավաստումը. երկրի վարչապետը խոսում է «յուրայինների», «մերձավորների» և «ընկերների» մասին, ովքեր վարչապետական այս հայրենանվեր որոշումից ու ծրագրից պիտի «չնեղանան»: Սա խոստովանություն է առ այն, ինչ երկար ժամանակ հերքել են իշխանությունները` երկրի տնտեսական լճացման գլխավոր պատճառը նրա օլիգոպոլիկ վիճակն է, երբ տնտեսական հզորությունների հսկայական հատվածը տնօրինվում է իշխանության «մերձավորների», «բարեկամների» և «ընկերների»` իրականում մի բուռ մարդկանց կողմից: Սակայն վարչապետը խոսում է միայն տնտեսական դաշտի մասին:

 

Մինչդեռ Հ. Աբրահամյանի կառավարության «գլխավոր նպատակը» դժվար թե իրագործվի` առանց համակարգային փոփոխություններ կատարելու նախ և առաջ քաղաքական դաշտում, առանց այդ դաշտն ազատելու իշխող կուսակցության սարքովի միահեծանությունից և անօրինակ այլասերող ներկայությունից, առանց հրաժարվելու Մելիք-Ադամյան փողոցի հավերժացման անփառունակ խոստումներից: Չմոռանանք, որ Հովիկ Աբրահամյանի կուսակցության նվիրական ջանքերով քաղաքական դաշտը լի է «մերձավորներով», «յուրայիններով» ու «ընկերներով» (հատուկ ՀՀԿ-ի և նրա պարագլուխներից այս մեկի համար արժե հիշել վերջին բառի նախնական իմաստը` «իրար հետ ուտող»): Ուրեմն` վարչապետական վերոբերյալ խոստումը այս իշխանությունների հերթական փուչերից է: Դրա հավաստումը կարող է լինել նույն զրույցի ժամանակ լրագրողներից մեկի հարցին («իսկ ինչ եք անելու Ձեր բիզնեսները») վարչապետի տված պատասխանը` «ես իմ բիզնեսները նվիրում եմ քեզ»:

 

Այսպիսով` Հ. Աբրահամյանն իր «անձնուրաց» նպատակի իրականացման հենց ուղեսկզբից գործի է դնում կեղծիքն ու փարիսեցիությունը, քանզի այդ պատասխանով ուզում է ասել, որ ինքը, «ավաղ», բիզնեսներ չունի, թե չէ ինչու պիտի այդքան հեշտությամբ նվիրեր լրագրողին: Ու քանի որ անձամբ իր անունով բիզնեսներ չունի, ուրեմն կարող է իրեն բացառել տնտեսական դաշտից և… արդարություն ու հավասարություն խաղալ: Սակայն ընդամենը`խաղալ, քանի որ այս իշխանությունների խաղերին ժողովուրդը ծանոթ է վաղուց: Եվ` զզված:

 

Բ. Գասպարյան