կարևոր
3757 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-29 17:53
Քաղաքական

Նախկին հաճախորդների «պասերով» խաղը․ վերլուծական

Նախկին հաճախորդների «պասերով» խաղը․ վերլուծական

7or.am-ը գրում է․

Այսպես կոչված «քննիչ հանձնաժողովում» Նիկոլ Փաշինյանի վերջին «բենեֆիսի» ու ստապատիր «դայլայլի» ընթացքում արձանագրվեց մի դրվագ, որը չառանձնացնելն ու առնվազն չարձանագրելը ճիշտ չէր լինի: Խոսքն այն դրվագի մասին է, երբ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց նրա «գաղափարաքաղաքական զինակից», նախկին ենթակա, «պրոֆեսիոնալ հեղափոխական» Դավիթ Սանասարյանը:

Նախքան «խոսացած» հարցին ու դրա շքեղաշուք պատասխանին անդրադառնալը, երևույթը ինքնին հետաքրքրական էր նրանով, որ պարզվեց՝ Դավիթ Սանասարյանը տակավին «գործածության մեջ» է, այսինքն՝ խոր ընդհատակ չի անցել, երկրից չի թռել, գործունեության ոլորտ չի փոխել (բիզնեսի մեջ չի մտել, չնայած, դա՝ նայած, թե ինչ դիտանկյունից նայես):

Երևույթի մյուս գեղատեսիլ պահն այն է, թե ինչպես են երկու հաճախորդ միմյանց հետ «պասերով» խաղում: Դե հաճախորդության հանգամանքի մանրամասները, այսինքն՝ նախկին իշխանությունների՞, թուրքերի՞, թե՞ ադրբեջանաթուրքերի հաճախորդներ են, թողնենք ապագայի «քննիչ հանձնաժողովներին»: Տվյալ դեպքում դա արդեն այլ խոսակցության թեմա է:

Կարևորն այն է, որ Դավիթ Սանասարյանը՝ որպես «թավշյա», տարած ու հետ բերած «հեղափոխական», իշխանազավթման շահառու, արագորեն նշանակվեց երկրի գլխավոր «կոնտրոլյոր», այն է՝ պետական ծախսերի-բանի վերահսկիչ: Եվ նույնքան արագորեն էլ բացահայտվեց նրա «հեղափոխական» էությունը, քանի որ կարճ ժամանակ անց բանն այնտեղ հասավ, որ գործ-մործ հարուցեցին նրա հետ կապված՝ չարաշահում-մարաշահում անելու հիմքերով: Թե այդ «գործն» ինչով հանգուցալուծվեց, արդեն դա էլ կարևոր չէ, քանի որ տեսնում ենք Դավիթ Սանասարյանին ոչ թե որևէ քրեակատարողական հիմնարկում կամ դատարանում, այլ Փաշինյանի «քննիչ հանձնաժողովում»:

Այդ ներիշխանական վայրիվերումների հետևանքն, ըստ երևույթին, այն է, որ Դավիթ Սանասարյանը՝ հանուն անձնական ազատության, վերածվել է Նիկոլ Փաշինյանի «հաճախորդի»: Դե, պետք է արդարացնել, չէ՞, թավշապետի բարեհաճությունը:

Եվ խնդրեմ, հարց է տալիս Փաշինյանին, թե կարո՞ղ է՝ հողերը տալու ժամանակն էր, դրա համար էլ իշխանությունը փոխանցեցին իրեն: Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանում է, թե՝ կարող է... Ասում է, որ իր մտքով էլ է նման բան անցել (ի դեպ, այստեղ էլ հազար ու մի այլ խոսակցությունների թեմա է առաջանում):

Հասկանալի է, չէ՞, սա այն նույն ժանգոտած «ճռճռոցն» է, թե՝ «Ղարաբաղը է-էէ՜ Նոյի թվին էին տվել, պըռոստը խեղճ հարիֆի ջեբը գցեցին...»:

Բայց այս ամենին զուգահեռ, հիշատակյալ հարցուպատասխանով ևս մեկ անգամ բացահայտվեց, եթե կուզեք՝ արձանագրվեց, որ «խեղճ հարիֆի ջեբը գցելու» գերպարզունակ, բայցև՝ որոշակի շրջանակների դեպքում «աշխատող» քարոզչական կաղապարի իրական հեղինակներն ու այն պարբերաբար շրջանառողները հենց Նիկոլ Փաշինյանն ու իր քաղշրջապատն են: Այսինքն, նման կաղապարներ շրջանառող ֆեյքաֆաբրիկային ու նմանօրինակ «կենտրոններն» իրենցն են ու բացահայտ անհեթեթություններ, ակնհայտ ցնդաբանություններ, ուղեղաբջջազուրկների հաշվարկով հորինված իդիոտիզմներ մշակող-ձևակերպողները, դրանց տարածման մենեջերները ուղիղ գծով Նիկոլ Փաշինյանն ու նրա մերձավոր քաղշրջապատի ներկայացուցիչներն են:

Այ, այս մի հարցում, այսինքն՝ ստեր, ցնդաբանություններ, բամբասանքներ, կեղծիքներ տարածելու, դրանք որոշակի տեխնոլոգիաներով շրջանառելու «գործում» Նիկոլ Փաշինյանը, անկասկած, հմուտ է: Դա իրենց մոտ ստացվում է: Դա երկրորդ բանն է, որ իրենց մոտ շատ լավ է ստացվում: Դե, առաջինը թշնամու շահերի սպասարկումն է: Կամ՝ առաջինը ստերի ֆաբրիկատորությունն է, հետո՝ թշնամյաց շահերի սպասարկումը: Թեպետ, ի՜նչ տարբերություն: Դրանց հետևանքները կործանարար են, ու այդ կործանման ընթացքի մեջ ենք: Դեռ: