կարևոր
1018 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-08 11:44
Հասարակություն

ՊԵԿ-ը բացահայտել է սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպքեր

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչությունը, տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում, բացահայտել է առանց պետական գրանցման, հարկային մարմնում հաշվառման և համապատասխան լիցենզիայի՝ սոցիալական ցանցերի միջոցով դեղամիջոցների իրացման դեպք:

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչություն  օպերատիվ եղանակներով տեղեկություն էր ստացվել, որ  ինստագրամյան «pharm_Online_24» էջի միջոցով գովազդվում և իրացվում են դեղանման ապրանքատեսակներ: Ձեռնարկված միջոցառումների շրջանակում, վարչության ոլորտային թիվ 7 բաժնի օպերատիվ աշխատակիցները, տվյալ ինստագրամյան էջում նամակագրության, այնուհետև  հեռախոսազանգի միջոցով կապ են հաստատել էջի օգտատիրոջ հետ՝ «OZEMPIC 0.5 mg» անվանումով դեղամիջոց գնելու նպատակով:  Հեռախոսազանգի միջոցով պատվիրվել է 6 հատ «OZEMPIC 0.5 mg» դեղամիջոց: Վաճառողի  տրամադրած բանկային քարտի հաշվեհամարին սկզբում կատարվել է 100.000 դրամ  կանխավճար` 2 տուփի համար:  Այս դեղամիջոցի տուփի մեջ առկա է 3 սրվակ, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 100.000 դրամ է: «OZEMPIC 0.5 mg» -ի առուվաճառքի  համար վերջնական վճարվել է  ևս 500.000 դրամ կանխիկ գումար: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է  600.000 դրամ:  

Իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ դեղամիջոցն իրացնողը քաղաքացի Հ.Ջ.-ն  է, ով չունի պետական գրանցում և  հաշվառված չէ հարկային մարմնում:

Քաղաքացու մոտ հայտնաբերվել են նաև այլ դեղամիջոցներ, (10 տուփ «Brilinta», «Seretide Diskus» 250 mcg+50mcg, «Jardiance» 10 mg), որոնց առնչությամբ նա հայտնել է, թե նշված դեղամիջոցները վաճառքի ենթակա չեն և բերված են անձնական օգտագործման նպատակով։ Նշված դեղամիջոցները քաղաքացին ինքնակամ տրամադրել է հետագա հետազոտման համար։

Դեղամիջոցների իրացման մեկ այլ դեպքով էլ պարզվել է, որ քաղաքացի Վ.Գ.-ն, 2024 թվականի ապրիլ ամսից սկսած, առանց պետական գրանցման և հարկային մարմնում հաշվառման, իր անձնական ավտոմեքենայով իրականացնում է դեղամիջոցների վաճառք։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում, քաղաքացու անձնական ավտոմեքենայում հայտնաբերվել է 64 տուփ տարբեր տեսակի դեղամիջոց։ Հայտնաբերված  դեղամիջոցները քաղաքացին տրամադրել է հետագա հետազոտման համար։ Նշված գործունեության արդյունքում վերջինս ստացել է խոշոր չափերի ձեռնարկատիրական եկամուտ։

Գնված և տրամադրված դեղամիջոցների նմուշներն  ուղարկվել են ՀՀ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին՝ մասնագիտական փորձաքննություն իրականացնելու նպատակով: «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 43-րդ կետի համաձայն՝ դեղամիջոցների  մանրածախ իրացում է համարվում դեղերի իրացումը կամ բաց թողնումը սպառողներին: Նույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դեղերի մանրածախ իրացումը համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում կատարվում է միայն դեղատներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան:

Լիցենզավորման ենթակա ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հատկանիշներով կազմված արձանագրություններն ուղարկվել են ՀՀ ՊԵԿ իրավաբանական վարչություն՝ վարչական վարույթներ իրականացնելու համար:

Պետական եկամուտների կոմիտեն ՀՀ քաղաքացիներին հորդորում է  զերծ մնալ սոցիալական ցանցերի միջոցով կասկածելի ծագում ունեցող, առողջության համար հնարավոր վտանգ ներկայացնող  դեղեր և դեղամիջոցներ ձեռք բերելուց: