կարևոր
3016 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-20 17:57
Քաղաքական

Ալիև-Փաշինյան «փոխանցումներով խաղը»՝ Հայաստանի ու հայության դեմ

Ալիև-Փաշինյան «փոխանցումներով խաղը»՝ Հայաստանի ու հայության դեմ

7or.am-ը գրում է․

Երեկ, բացի այն, որ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի խորհրդարանում թշնամական երկրի համար ելույթ ունեցավ, իր հակամարդկային գոյության մասին որոշեց հիշեցնել նաև նրա սիրելի «կիրթ ու կառուցողական» գործընկեր Իլհամ Ալիևը:

Նրանց՝ թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի խոսույթը բավականին ներդաշնակ էր: Այնպես, որ կարելի էր կարծել՝ փոխադարձ ու նախօրոք համաձայնեցրել են, թե իրենցից ամեն մեկը ինչ պետք է ասի: Ի լրումն, թե՛ Փաշինյանի, թե՛ Ալիևի խոսույթն ակնհայտ հակահայկական էր, թշնամական: Հիմնական տպավորությունն այնպիսին է, որ ասես՝ գործ ունենք նույնական նպատակներ հետապնդող մեկ ուժի՝ արտաքնապես տարբեր երկու ներկայացուցիչների հետ: Բայց վատը ոչ միայն դա է, այլև այն, որ Ալիև-Փաշինյան դուետի ներդաշնակությունը կարծես արդեն առանձնապես ուշադրություն էլ չի գրավում:

Քաղաքականության մեջ երկու և ավելի կողմերի նման հայտարարությունները սովորաբար անվանում են «պասերով խաղ», այն է՝ «փոխանցումներով խաղ»: Տվյալ դեպքում այդ արյունոտ «խաղը» Ալիևն ու Փաշինյանը վարում են Հայաստանի, Արցախի ու հայության դեմ:

Ինչ վերաբերում է Արցախին, ապա Նիկոլ Փաշինյանը երեկ պաշտոնապես, փաստորեն, հայտարարեց, որ այո՛, ուրացել է Արցախը, որ քանի դեռ ինքը ՀՀ վարչապետ է, Արցախի հարց չկա ու չի դրվելու, գործնականում ասաց գրեթե այն, ինչ ուզում է իր գործընկեր ու հայության թշնամի Ալիևը: Ճիշտ է, Ալիևը ուզում էր, որ Նիկոլ Փաշինյանը արդեն երեկ բացեիբաց հայտարարեր՝ «Արցախը Ադրբեջան է, և՝ վերջ»: Նիկոլ Փաշինյանը գործնականում հենց դա էլ ասում էր, ի միջի այլոց: Ավելին, խոստովանեց, որ դա է ասել նաև Պրահայում, նաև Սոչիում:

Բայց դե Ալիևը ուզում է, որ Հայաստանում Փաշինյանը բառ առ բառ կրկնի այն, ինչ ինքն է ուզում, ինչ ասել էին տալիս գերի ընկածներին:

Ակնհայտ է մեկ բան. Հայաստանն ու երկրաբնակ հայությունը ուղղակիորեն պատանդառված են փաշինյանական կլանի ու նրա գործընկեր Ալիև-Փաշաևների կլանի կողմից:

Ստացվում է, որ տասնամյակներ շարունակ հայությունը մեծ զրկանքների ու զոհողությունների գնով պայքարում էր հանուն այն բանի, որ երկու-երեք տարվա մեջ Արցախը՝ եղած-չեղածով, նվիրի ադրբեջանական թուրքերին և... հպարտանա դրանով:

Մինչ այս, մինչ այն, գործնականում թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը հայտարարում են, որ Արցախի խնդիրը Ադրբեջանի ներքին գործն է: Փաշինյանը «ինքնորոշման իրավունք» բառակապակցությունն անգամ չի համարձակվում արտասանել: Իսկ Ալիևն էլ ասում է, որ դա ընդհանրապես իր ներքին գործն է. եթե Ղարաբաղի հայերը ուզում են ապրել այնտեղ, ապա պիտի Ադրբեջանի քաղաքացիություն ընդունեն, ո՞չ՝ ուրեմն պետք է թողնեն-հեռանան: Կարճ ասած՝ սպառնում է կոտորածով, որի այլընտրանքը ազգուրացությունն է:

Այ, սա՛ է Նիկոլ Փաշինյանի ու նրա մանկլավիկների երազած ապագան:

Ամենից վատն այն է, որ Փաշինյան-Ալիև զույգը համոզված է, որ Արցախի հարցերն արդեն լուծել են, և հիմա, համատեղ ուժերով ձեռնմուխ են եղել Հայաստանի ոչնչացման փուլն իրագործելուն՝ գրեթե զրոյական դիմադրության պայմաններում: