Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոցիոլոգ, իրանագետ, պատմական գիտությունների թեկնածու Սարգիս Մկրտչյանի ելույթը՝ Ապրիլի 23-ի Ջահերով երթի միջոցառման ժամանակ.
Ողջո՛յն սիրելի հայորդիներ,
Ողջո՛յն արժանապատւութեան ու վրէժի մարտիկներ,
Ողջո՛յն յոյսի, հաւատքի ու կամքի խորհրդանիշ հայ երիտասարդներ,
Այսօր, Թուրքիայի կողմից իրականացուած Հայոց Ցեղասպանութեան 109-րդ տարելիցի առիթով հաւաքուել ենք հայոց մայրաքաղաքի «Հանրապետութեան» հրապարակում մեր յարգանքի տուրքը մատուցելու մեր 1.5 միլիոն անմեղ զոհերի յիշատակին։
Հաւաքուել ենք, որպէսզի «Ջահերով երթ»-ով եւս մէկ անգամ մեր ուխտը վերանորոգենք եւ ցոյց տանք համայն աշխարհին, որ մենք կանք, որ ոչ մի բան չի մոռացուել ու չի մոռացուելու, որ պայքարը սկսել, բայց չի աւարտուել, որ պայքարը շարունակւում է՝ ի հեճուկս մեր տարատեսակ թշնամիների, ինչպէս Աւետարանում է ասուած. «Երեւելի եւ աներեւոյթ թշնամիների»։
Տխուր, մռայլ ու գորշ է այսօր հայոց իրականութիւնը։
Տխուր է, որովհետեւ 2024 թ. Ապրիլի 23-ին հաւաքուել ենք այստեղ, ոգեկոչելու 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան զոհերի յիշատակը այն պայմաններում, երբ 21-րդ դարի երկրորդ տասնամեակում հայ ազգը եւս մէկ ցեղասպանութեան ենթարկուեց։ Հայութեան մէկ հատուածը իր հազարաւոր տարիների հայրենիքից տեղահանուեց։ Այսօր անհայաբնակ է հայոց Արցախը։ Այսօր Արցախի մեր սրբազան հողերի վրայ վխտում են կովկասցի թաթարները, ում համար 1918 թուականին արհեստականօրէն ստեղծեցին պետութիւն։ Այն կովկասցիները, ովքեր մինչեւ հիմա ինքնութեան փնտրտուքի մէջ են։
Հայրենազրկուեցին արցախահայերը եւ դա այսպէս ասած, կրկնում ու շեշտում եմ՝ այսպէս ասած, «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ։ Ինձ համար անձնապէս խիստ հարցական «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ։ Մարդու իրաւունքներ ու ժողովրդավարութիւն յորջորջող, մարդու իրաւունքներն ու ժողովրդավարութիւնը իրենց նենգ նպատակների համար քող դարձրած մեծապետական ուժերի աչքի առաջ։ Ո՞րն է քաղաքակրթութեան, մարդու իրաւունքների պաշտպանութեան ու ժողովրդավարութեան իրենց չափանիշը։ Ուրիշի արեան վրայ փող աշխատելն ու հաց ուտելը՞։
Եւ ի տես այս ամբողջի է, որ մենք եւս մէկ անգամ բարձրաձայն պիտի ասենք՝ «Ո՛վ մարդկային արդարութիւն, թող ես թքեմ քո ճակատին»։
Սակայն քանի որ այս հարապարակում հաւաքուել ենք հայերով, հայեր, ովքեր ցաւակից են, ճակատագրակից են ու ո՛չ միայն մտահոգ են ազգի ու հայրենիքի ապագայով, այլ պատրաստ են ինքնազոհաբերումի յանուն ազգային գաղափարի ու ազգային շահի, պիտի անկեղծօրէն խոստովանել՝ մենք վաղուց, շատ վաղուց, երբ հասկացանք «մարդկային արդարութիւն» ասածի էութիւնը, պիտի հասկանայինք նաեւ, որ մեզ ո՛չ մի օգուտ կայ ո՛չ արեւելքից, ո՛չ արեւմուտքից, ո՛չ հիւսիսից ու ո՛չ էլ հարաւից։
Պիտի հասկանայինք, որ հայի յոյսը, հայի թիկունքը, հայի յենարանը հէնց հայն է միայն։ Պիտի հասկանայինք, որ թշնմաին տարբերութիւն չի դնում հայի ու հայի միջեւ։ Իսկ օտարի համար, ով էլ ուզում է նա լինել, մենք ընդամէնը խաղաքարտ ենք, մանրադրամ։
Պիտի գիտակցէինք այս ամբողջը ու օգտագործելով անկախ Հայաստանի հնարաւորութիւնը՝ կազմակերպուէինք։ Պիտի հզօրացնէինք մեր պետութիւնը։ Եւ պիտի համախմբէինք Սփիւռքը մեր կազմակերպուած ու զարգացող պետութեան շուրջ։ Եւ մեր հզօրացող պետութեամբ պիտի նոր շունչ ու ոգի ներշնչէինք Սփիւռքին, թիկունք կանգնէինք նրան, որպէսզի նրա նորովի ուժը վերադառնար հայրենիք ու էլ աւելի հզօրացնէր մեր պետութիւնը, հայոց պետութիւնը, մեր նախնիների ու մեր բոլորի երազած պետութիւնը։
Ցաւօք բաւարար չաշխատեցինք։ Սխալներ ու բացթողումներ թոյլ տուեցինք։ Լիարժէքօրէն չօգտագործեցինք Սփիւռքի ներուժը։ Թերագնահատեցինք մեր ազգի ու պետութեան գլխին կախուած վտանգը։ Միամտօրէն հաւատացինք ու դեռ շարունակում ենք հաւատալ օտարներին։ Ու դրանից օգտուեցին հայոց երեւելի ու աներեւոյթ թշնամիները, որոնք իշխանութեան բերեցին մի խմբակի, որն անցնող տարիներին պատուհաս է դարձել մեր ազգի ու պետութեան գլխին։
Աւելի՛ն։ Խաղաղութեան հաստատման պատրանքի ներքոյ գրեթէ ամէն օր հայրենիքի մի հատուած է նուիրաբերում ոսոխին։
Այսպէս չի կարելի շարունակել։ Այս ճանապարհը դէպի մահ է տանում։ Սա ինքնասպանութիւն է։
Եւ քանի որ այսօր օտարների ու նրանց կամակատար մի խումբ հայերի միջոցով հսկայական ճիգ է թափւում յուսահատութիւն ու հիասթափութիւն, կասկածամտութիւն ու երկպառակութիւն սերմանել հայ ազգի մէջ, քաջարի հայերին համոզել, որ խաղը վերջացել է, որ դուք այլ ելք չունէք, քան բաւարարուել այն ինչով, որ ձեզ թողնում ենք, եթէ ի հարկէ մի բան թողնում ենք, մե՛նք, «Հանրապետութեան» հրապարակում հաւաքուածներս, պարտաւոր ենք ասել բոլոր, բոլոր այդ մարդկանց՝ ո՛չ, երիցս ո՛չ։
Եթէ մի խումբ հայերի համար նուաստացած ապրելը երանութիւն է, ապա այս հրապարակում հաւաքուածների համար այդպէս չէ։
Խաղը չի աւարտուել։ Խաղը վաղուց սկսել ու շարունակւում է։ Եւ խաղն իր աւարտին կը հասնի միայն այն ժամանակ, երբ հաստատուի արժանապատիւ խաղաղութիւն։ Սա է լուծումը։ Միակ լուծումը։ Սա են մեզ յուշում, մեզ թելադրում մեր 1.5 միլիոն նահատակները։ Սա են մեզ յուշում ու թելադրում Արցախեան ազատամարտի ճանապարհին ընկածները։
Սիրելի՛ հայորդիներ,
Սիրելի՛ երիտասարդներ,
Բոլորս էլ գիտակցում ենք, որ Հայաստանն ու հայութիւնը, այսօր, իրօք գտնւում են շատ բարդ իրավիճակում։ Այս վիճակից դուրս գալու համար մենք առաջին հերթին պիտի չհիասթափուենք ու պիտի չյուսահատուենք։ Պիտի հասկանանք, որ դա թշնամու ցանկութիւնն է, հետեւաբար դա չպիտի թոյլ տալ։ Պիտի կազմակերպուել, հզօրանալ ու պատրաստուել երկարատեւ պայքարի։
Յանու՛ն հայ ազգային ազատագրական պայքարի ճանապարհին ընկած բոլոր նուիրեալների,
Յանու՛ն մեր 1.5 միլիոն անմեղ զոհերի,
Յանու՛ն հայ ազատագրական պայքարի նորօրեայ հանգրուանի՝ Արցախեան ազատարմարտի ճանապարհին ընկած բոլոր, բոլոր նահատակների,
Այսօր մենք վերանորոգում ենք մեր ուխտը եւ յայտարարում՝ շարունակելու ենք պայքարը մեր արդար իրաւունքների ձեռքբերման համար, հզօր, ժողովրդավար ու զարգացած պետութիւն ունենալու համար, արժանապատիւ խաղաղութիւն հաստատելու համար։
Սարգիս Մկրտչեան
23 Ապրիլ, 2024 թ.
Երեւան, «Հանրապետութեան» հրապարակ