կարևոր
6187 դիտում, 6 ամիս առաջ - 2024-04-04 17:23
Քաղաքական

Բաքու, Մոսկվա և Փաշինյանի «զիլ» խաղը

Բաքու, Մոսկվա և Փաշինյանի «զիլ» խաղը

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք ԱՄՆ-ի, Եվրամիության եւ Հայաստանի միջեւ եռակողմ հանդիպման նախօրեին Բլինկենը որոշել է զանգահարել Ալիեւին, որպեսզի «ցրի ադրբեջանական կողմի մտահոգությունները Հայաստանի հետ նախապատրաստվող պայմանավորվածությունների վերաբերյալ» եւ ասել՝ հանդիպումն «ուղղված չէ Ադրբեջանի դեմ»: Նրա համար կարեւոր էր Ալիեւին համոզել, որ Բրյուսելում քննարկելու են «Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան», ինչպես նաեւ «ժողովրդավարության եւ օրենքի գերակայության» ոլորտում բարեփոխումները, իսկ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ գործընթացը հանդիպման թեմա չէ»:

Բանն այն է, որ ավելի վաղ Բաքուն տեղեկություններ էր ստացել, որ Բրյուսելում լուծվելու են այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանին ռազմական օգնությունը եւ համատեղ զորավարժությունների անցկացումը, Ադրբեջանի հետ սահմանակից տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, Հայաստանին Եվրոպական միության Խաղաղության հիմնադրամի գծով եւ ԱՄՆ բյուջեի հաշվին զինելը։ Հասկանալի է՝ իրադարձությունների զարգացման նման սցենարը Բաքվին ձեռնտու չէ, եւ նա առաջարկում էր հետաձգել Բրյուսելի գագաթնաժողովը։ Առավել եւս, որ նախօրեին Փարիզում Բլինկենն Ադրբեջանին մեղադրել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը չճանաչելու եւ «Հայաստանի համար սպառնալիքի աղբյուր» լինելու մեջ, թեեւ Ալիեւն ընդգծել է հավատարմությունը 2022 ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը եւ Ալմա-Աթայի հայտարարությանը:

Դժվար է ասել՝ համոզել է Բլինկենն Ալիեւին հայ-ռուսական հարաբերությունների եւ երկու կողմերի միջեւ խաղաղ բանակցային գործընթացի տարանջատման ծրագրի մեջ։ Սակայն Բրյուսելի գագաթնաժողովը չի հետաձգվել։ Ըստ էության, Բլինկենի, Ուրսուլա ֆոն դեր Լյայենի եւ Հայաստանի վարչապետի եռակողմ հանդիպման ձեւաչափով կարող են նշանակել Անդրկովկասում Ռուսաստանին նոր, դեռ այլընտրանքային տնտեսական դաշինքի պոտենցիալ առաջացում։ Հետագայում այն կարող է վերածվել ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման, ինչն իսկապես կարող է բարդացնել խաղաղ պայմանագրի շուրջ բանակցությունները։

Բաքվում դա լավ են հասկանում։ Ուստի Բրյուսելի գագաթնաժողովի խնդիրները մեծ քաղաքական աճուրդի հանելը պատահակ բնույթ չունի։ Դա նշանակում է տարածաշրջանում անկայունության շրջանի երկարացում՝ միանգամից երկու՝ ռուսական եւ ադրբեջանական «խաղաքարտերի» խաղարկմամբ, բայց տարբեր իմաստային բովանդակությամբ։ Անուղղակիորեն այդ գործընթացում կներգրավվեն Թուրքիան եւ Իրանը։ Ընդ որում, Հայաստանում արդեն գործում է ԵՄ մոնիտորինգային առաքելությունը, որը որոշակի պայմաններում կարող է վերածվել ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի նոր պատասխանատվությամբ երկու երկրների անվտանգության շահերը շոշափող իրադարձությունների ընթացքի վրա ազդելու իրական գործիքի։

Նկատի ունենք այն, որ Հայաստանն աստիճանաբար շարժվոիմ է դեպի տնտեսական, ապա ռազմաքաղաքական դիվերսիֆիկացիա անվտանգության ոլորտում՝ կենտրոնանալով Ռուսաստանի հետ հարաբերությունների թուլացման եւ տարածաշրջանում նրա ազդեցության վրա։ Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի համար ստեղծվում է մի իրավիճակ, երբ նա ստիպված կլինի շարժվել առաջարկվող թրենդով՝ առանց ռուսական թիկունքի դեպի Թուրքիա եւ Արեւմուտք։ Թվում է, թե հենց դրանում է կայանում Բրյուսելի գագաթնաժողովի գլխավոր մտահղացումը՝ տարածաշրջանում վերստեղծել բազմակենտրոն համակարգ՝ ուժերի տարբեր կենտրոններով՝ Բաքուն՝ Անկարայի հետ, Երեւանը՝ Մոսկվայի փոխարեն Վաշինգտոնի եւ Բրյուսելի հետ՝ որոշելով թյուրքական եւ Եվրասիական աշխարհի սահմանները՝ ներառյալ իրանական ուղղությունը, բայց տարածաշրջանում ողջ աշխարհաքաղաքական լանդշաֆտի առաջիկա փոփոխության համատեքստում։

Բաքվի ներկայիս արձագանքը Բրյուսելի գագաթաժողովին դեռեւս կանխարգելիչ բնույթ է կրում։ Նրան անհանգստացնում են Արեւմուտքի հայաստանակենտրոն գործողությունները։ Ինչ վերաբերում է Մոսկվային, ապա այն սկսել է փոխել Հայաստանի նկատմամբ քաղաքական տոնայնությունը՝ հերթական անգամ կոչ անելով նրան վերադառնալ «դաշնակցային նորմալությանը»՝ նկատի ունենալով Երեւանի հետ ուղիղ երկխոսությունը, հիշեցնելով ընդհանուր ինտեգրացիոն միավորումներին՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում եւ ԱՊՀ-ում մասնակցության, ՄԱԿ-ի կառույցներում փոխգործակցության, այլ միջազգային ձեւաչափերում մասնակցության մասին։ Բացի այդ, Մոսկվան կարծում է, որ «վաղուց եկել է Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը վերականգնելու ժամանակը՝ ամենաբարդ հարցերի, այդ թվում՝ սահմանի դելիմիտացիայի, տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների ապաշրջափակման, խաղաղ պայմանագրի մշակման արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով»: Փորձագետները ենթադրում են՝ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելից առաջ, իբր, սրընթաց «կոշկափոխվել է», եւ Մոսկվան ինչ-որ բանի մասին նրան «լրջորեն զգուշացրել է»։ Բայց առայժմ մնում է սպասել, թե ինչ կտա Հայաստան-ԵՄ-ԱՄՆ գագաթնաժողովը։

 

Տարասով 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի