Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվել է Հայաստանի ցանցային պատրաստվածության վերաբերյալ տեղեկատվությունը, որի համաձայն` մեր երկիրը համաշխարհային ցանցային պատրաստվածության համակարգում 12 տեղով բարելավել է իր դիրքը և 144 երկրների շարքում զբաղեցնում է 82-րդ հորիզոնականը։ Չնայած այս բնագավառում ձեռք բերված առաջընթացին` անհրաժեշտ է մշակել և իրականացնել միջոցառումներ, որոնց շնորհիվ կբարելավվեն Հայաստանի Հանրապետության ցանցային պատրաստվածության համակարգը բնութագրող այն ցուցանիշները, որոնք բարելավման և առաջընթացի կարիք ունեն:
Այդ իսկ պատճառով կառավարության վաղվա նիստում գործադիրի հաստատմանը կներկայացվի ցանցային պատրաստվածության բնագավառում Հայաստանի Հանրապետության դիրքն էապես բարելավելու միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին որոշման նախագիծը:
Առաջին միջոցառումը շարժական կապի ցանցի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումն է՝ ՀՀ բոլոր բնակավայրերում շարժական կապի հասանելիության ապահովումը:
Հաջորդ քայլն այս ուղղությամբ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելն է, որով օրենքում պետք է սահմանել «հանրային ամրակցված (ֆիքսված) հեռախոսակապ» և «հանրային ամրակցված (ֆիքսված) հեռախոսակապի ծառայություն» հասկացությունները, որի արդյունքում համարի կամ կոդերի զբաղեցման օգտագործման թույլտվություն ունեցող անձի կամ կազմակերպություերի կողմից նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող այլընտրանքային հեռախոսակապի ծառայությունները կընդգրկվեն հանրային ամրակցված (ֆիքսված) հեռախոսակապի ծառայությունների մեջ:
Այնուհետև գործադիրը նախատեսում է ՀՀ կառավարության «Ինտերնետ կառավարման սկզբունքները հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծ, որի հիմնական նպատակն է կարգավորել ինտերնետ ծառայությունների մատուցման ոլորտը, ձևավորել ինտերնետ կառավարման հիմնական սկզբունքներ, ձևավորել ինտերնետ կառավարման ոլորտում պետական քաղաքականության սկզբունքներ, աջակցել մասնավոր ոլորտում ցանցերի շահագործման, հուսալիության, անվտանգության և զարգացման խնդիրներին, աջակցել տեղեկատվության և առաջատար փորձի փոխանակմանը:
Մեկ այլ միջոցառում էլ համարվում է լայնաշերտ կապուղիների միջոցով ինտերնետ ցանցին փոստի բոլոր բաժանմունքների միացման ծրագիրի մշակումն ու իրականացումը:
Այս բոլոր միջոցառումները ֆինանսավորում, նախագծում չեն պահանջում:
Իսկ վերջին միջոցառումը, որ ունի երկու կոմպոնենտ' «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շարունակական իրականացում (բնակչության համար ապահովել համակարգչային հագեցվածությունը և Ինտերնետի մատչելիությունը) և «Համակարգչային գրագիտություն դպրոցում» ծրագրի շարունակական իրականացում, նախատեսում են ֆինանսական միջոցներ, որոնք նախատեսվում է ներգրավել ՀՀ պետական բյուջեից կամ օրենքով չարգելված այլ աղբյուրներից: