կարևոր
4618 դիտում, 7 ամիս առաջ - 2024-04-08 16:55
Քաղաքական

Արևմուտքն ուզում է բարձրացնել Հայաստանի դիմադրողականությունը, բայց մեր թշնամիների՞ դեմ, թե՞ Ռուսաստանի. Իշխան Սաղաթելյան

«Ժողովո՛ւրդ, կա զիջումների մի կետ, որից հետո, այլևս, մեր պետության կենսագործունեությունը դադարելու է, հնարավոր չի լինելու այդ զիջումից հետո պահպանել պետականություն։ Այօրվա իշխանությունը մեզ փորձում է հասցնել այդ կետին և մեր կորուստները դարձնել անդառնալի։ Սկսենք հերթով և տեսնենք՝ արդյո՞ք ունենք հնարավորություն»,-այս մասին, Նոյեմբերյանում ունեցած հանդիպմանը, հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով։

«Ասում են՝ դաշնակից չունենք, բայց ամեն ինչ արել են՝ մեր դաշնակիցներին մեզանից հեռացնելու համար, սկսել են մեր դաշնակիցների հետ թշնամանալ։ Այսօր Հայաստանում էն ծավալի  է հակառուսական քարոզչությունը, որ աննկարագրելի է։  Այսօր իշխանության և  նրան սպասարկող մարդկանց հիմնական թեզը  հետևյալն է, (էստեղ, Ոսկեպարում, Կիրանցում էլ խմբեր կան), մարդկանց աում են՝ մեր ինքնիշխանությունը պետք է պաշտպանենք Ռուսաստանից։ Այս օրինակը հաճախ եմ բերում, նման մի բան մեր գլխին արել են պատերազմի ժամանակ, երբ համընդհանուր մի տպավորություն էին ստեղծել՝ հաղթում ենք, հաղթել ենք, հաղթելու ենք, հասել ենք՝ Շահումյան, Գետաշեն, իսկ այդ ընթացքում, ով փորձում էր խոսել իրականության մասին, ասում էին՝ դու դավաճան ես, թիկունքից հարվածում ես։ Հիմա, ով ասում է՝ էս ի՞նչ ես անում, ինչո՞ւ եք մեզ թշնամացնում Ռուսաստանի հետ, էս հակաքարոզչության իմաստը ո՞րն է, ասում են՝ 5-րդ շարասյուն ես, ռուսամոլ ես, չգիտեմ ինչ ես»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ կան բազաթիվ խնդիրներ, բայց այդ խնդիրները պետք է լուծենք։

«Այդ պետությունը Հայաստանի տարածքում ունի ռազմաբազա, հայ-թուրքական սահմանը, ամբողջ երկայնքով, ռուս խաղաղապահներն են հսկում, նույնիսկ, Նոյեմբերյանում հենակետ կա։ Այս իրավիճակում թշնամանալ Ռուսաստսանի հետ, մեզ ի՞նչ է բերելու։ Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը, Արևմուտքի պատվերով, ամեն ինչ անում է Ռուսաստանի հետ թշնամանալու և, ի դեմս Հայաստանի, հակառուսական մի նոր ճակատ ձևավորելու համար։  Այս առումով, տեսաք Բրյուսելի հանդիպումը, մեծ սպասում կար։ Արևմուտքն ասում է՝ ամեն ինչ պետք է անենք՝ Հայաստանի դիմադրողականությունը բարձրացնելու համար, բայց՝ ո՞ւմ դեմ, Հայաստանի թշնամիների՞, ովքեր ագրեսիա են իրականացնում Հայաստանի նկատմամբ, թե՞ Ռուսաստանի։ Ունենք բազմաթիվ խնդիրներ , բայց այդ խնդիրները պետք է լուծվեն՝ ի նպաստ  մեր պետության անվտանգության։ Տարածաշրջանում կա երկու պետություն, որոնց հետ  հնարավոր է ռազմավարական դաշնակցային հարաբերություն կառուցենք ,  դա՝  Ռուսաստանն է և Իրանը, բայց այս իշխանությունն ամեն ինչ անում է այդ երկու պետության հետ թշնամանալու համար, որովհետև այս պետությունները չեն հանդուրժելու՝  այլ ուժեր այս տարածաշրջան բերելու Նիկոլի քաղաքականությունը»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել էին Տավուշի մարզ, հանդիպել բնակիչներին ու լսել նրանց մտահոգությունները։

Մանրամասն՝ տեսանյութում