Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տեղեկացրել էինք, որ Freedom House-ը հրապարակել է աշխարհի երկրներում ինտերնետի ազատության՝ 2015-ի զեկույցը: Ուսումնասիրված 65 երկրներից Հայաստանը ազատ համացանց ունեցողների շարքն է դասվում:
Այսօր լրագրողների հետ զրույցում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ արդեն երրորդ տարին է, ինչ Հայաստանն ընդգրկվում է ուսումնասիրվող երկրների ցուցակում, ընդ որում` միանգամից ներառվելով ազատ համացանց ունեցողների շարքում:
Ըստ նրա՝ զեկույցը բավական խիստ մոտեցումների հիման վրա է մշակվում: «Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը գնալով ավելանում է, և հատկանշական է այն, որ մարզերում էլ ավելանում է ցանցից օգտվողների թիվը: Ավելանում է նաև հեռախոսներից ինտերնետ մտնողների թիվը, իսկ սակագներն ավելի ցածր են` մյուս երկրների հետ համեմատ: Դրական կողմերից մեկն էլ այն է, որ ցանցային ակտիվիստները չեն հետապնդվում»,- ասաց Մարտիրոսյանը:
Նա նշեց նաև, որ զեկույցում, որպես բացասական երևույթ, նշվել էր այն, որ Youtube-ից տեսանյութեր էին հեռացվել ոստիկանության բողոքի հիման վրա, սա դիտվել էր ցանցային ազատության նկատմամբ ոտնձգություն:
Ցանցային ազատությունը, ըստ Մարտիրոսյանի, խոսքի ազատության ընդհանուր չափանիշ է, եթե, իհարկե, ցանցը հասանելի է բոլորին: Հայաստանում, սակայն, ինտերնետից օգտվում է բնակչության միայն կեսը: «Խոսքի ազատության հիմնական հարթակը «Ֆեյսբուք»-ն է, որի օգտատետերի թիվը 850 000 է, այսինքն` բնակչության 1/4 մասը: Մի խոսքով` Հայաստանում ցանցն ազատ է, ազդեցությունը` մեծ, բայց՝ սահմանափակ»,- ասաց մասնագետը:
Խոսելով ցանցային ոլորտում առկա խնդիրների մասին` Մարտիրոսյանը տեղեկացրեց, որ երբ Հայաստանը անդամակցեց Եվրասիական միությանը, մի շարք պայմանագրեր ստորագրեց, այդ թվում՝ նաև այն մասին, որ Հայաստան մի շարք գաղտնագրող սարքերի մուտքն արգելվում է: Իսկ թե հատկապես ի՞նչ տիպի սարքերի մասին է խոսքը, ըստ նրա, դեռ պարզ չէ: «Օրենսդրական անորոշությունը, բնականաբար, բացասաբար է դիտվում, քանի որ այն կարող են օգտագործել ինչ-որ կազմակերպության դեմ: Ի դեպ, տարեսկզբին շատերին անգամ թույլ չէին տալիս պլանշետ բերել Հայաստան, քանի որ մաքսատանը նորմալ չէին հասկացել` ինչի մասին է խոսքը»,- ասաց Մարտիրոսյանը: