կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-01-16 19:03
Առանց Կատեգորիա

Ինչու Գյումրիում ամեն ինչ այսպես ստացվեց

Ինչու Գյումրիում ամեն ինչ այսպես ստացվեց

Հունվարի 15-ին՝ Ավետիսյան ընտանիքի վեց անդամների հուղարկավորության օրը, Գյումրիում ծավալվեցին դրամատիկ իրադարձություններ, որոնք մի պահ հիշեցրին 2008թ. մարտի 1-ի` Երևանի փողոցներում տիրող իրավիճակը: Գրեթե վստահաբար կարելի է ասել, որ եթե չլինեին նախ` Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի` ինքնատիրապետումը և ինքնավերահսկումը կորցրած հանրությանն ուղղված սթափության և հանդարտության կոչերը, ապա նաև ԱԺ գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանի միջամտությունը, գյումրեցիների վրա ունեցած ազդեցության բանեցումը, ցուցարարների և իրավապահ մարմինների միջև միջնորդ բանակցողի ակամա դերի ստանձնումը, զարգացումները կարող էին անկանխատեսելի ընթացք ստանալ՝ հանգեցնելով ընդհուպ մարդկային կորուստների:

 

Լարված իրավիճակ էր նաև Երևանի Ազատության հրապարակում, որտեղ իրականացված հապշտապ օպերացիայի արդյունքում զենք կրելու կասկածանքով ոստիկանության կողմից բերման ենթարկվեց շուրջ 40 քաղաքացի, որոնք հետագայում ազատ արձակվեցին: Մինչդեռ, չնայած հասարակության ծայրահեղ նյարդայնությանը, ի սկզբանե ոչինչ չէր ենթադրում, որ գոնե ազգային համերաշխության և միասնականության այդ օրը հստակ և փաստացի ապաքաղաքական պահանջներով սկսված ինքնաբուխ ակցիան նման ընթացք կստանա: Թերևս հարկ կա հասկանալու, վերլուծելու` որո՞նք էին դրա պատճառները, և ինչո՞ւ ամեն ինչ այսպես ստացվեց: Ըստ այդմ` կարելի է առանձնացնել մի քանի էական գործոնններ:

 

Ինչո՞ւ եղավ այն, ինչ եղավ

 

1. Ամեն ինչ սկսվեց դատախազության հակասական հայտարարություններից, խուճապային և չկշռադատված հապճեպ քայլերից: Նախ՝ փորձելով բացատրել Պերմյակովին և հայ ընտանիքի սպանության գործը ՀՀ ընդդատությանը հանձնելու անհնարինությունը, չգիտես ում հանճարեղ մտահղացմամբ, դատախազությունը հղում կատարեց ՌԴ Սահմանադրության համապատասխան կետին, ըստ որի` ռուսական կողմն անգամ ցանկության դեպքում չի կարող Պերմյակովին հանձնել հայկական կողմին: Հետո Շիրակի դատախազը գնաց 102-րդ ռազմակայանի մոտ խմբված բազմության մոտ ու նրանց խնդրեց բողոքի ակցիան տեղափոխել դատախազությանը հարող տարածք:

 

Այս գործողություններն անմիջապես ընկալվեցին որպես թե' ռուսական ռազմակայանը և թե' Պերմկայովին պաշտպանելուն, բայց,որ էլ ավելի էական է՝ հայաստանյան իրավապահ համակարգի անգործությունը, հանցագործին հայտնաբերելու և ձերբակալելու հարցում թույլ տված դանդաղկոտության, ընդհուպ ցուցաբերած հանցավոր անգործությունը թաքցնելուն ուղղված քայլեր: Հետո ինքը՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, սկսեց իրավիճակը փրկելուն ուղղված անհեթեթ, հակասական քայլեր ձեռնարկել: Նախ հայտարարեց, թե պատրաստվում է միջնորդություն ներկայացնել ՌԴ գլխավոր դատախազին՝ գործը և հիմնական կասկածյալին հայկական կողմին հանձնելու հարցով: Ավելի ուշ, սակայն, պարզաբանեց, թե դա կարող է անել միայն այն ժամանակ, երբ քննչական անհրաժեշտ գործողություններն արված կլինեն, և ինքը ստանա միջնորդությունը հիմնավորող անհրաժեշտ փաստաթղթերը: Դրանով նա բացահայտեց, որ ռուսական կողմին դիմելու իր հանձնառությունն ավելին չէ, քան այդ պահը փրկելու և մարդկանց տներով ցրելու խնդիր լուծելը: Նրան երևի թվում էր, թե այլ դեպքերում իրեն օգնած լեզվական, մտքային աճպարարություններն անցնելու են նաև Գյումրիում:

 

2. Թե' գյումրեցիների, թե', առհասարակ, ողջ հայաստանյան հասարակության մոտ ամրապնդվել է համոզմունքը ազգային ու պետական արժանապատվությունը պաշտպանելու հարցում իշխանությունների անճարակության, հարմարվողականության վերաբերյալ: Այն էլ ավելի խայտառակ դրսևորում ստացավ, երբ պարզ դարձավ, որ Պերմյակովին հայ-թուրքական սահմանին ռուս սահմանապահների կողմից հայտնաբերումը կամ կասկածյալի՝ հենց ռուսներին հանձնվելու իրողությունը պատահական չէր, քանի որ դա միակ տարբերակն էր` փրկվել հայաստանյան արդարադատությունից: Եվ անմիջապես հարց առաջացավ, թե ինչո՞ւ 12-13 ժամ շարունակ հայ իրավապահները չկարողացան գտնել Հայաստանի տարածքին բացարձակապես անծանոթ զինվորին, ինչո՞ւ և ինչպե՞ս սահմանից այդքան հեռու ՀՀ տարածքում նրան գտան ռուս սահմանապահները, ի՞նչ հիմքով էին, առհասարակ, 102-րդ ռազմաբազայի զինծառայողները Գյումրիում հունվարի 12-ին զինված փնտրում կասկածյալին և դեռ մասնակցում ավտոմեքենաների ստուգումներին: Եթե ավելի հասկանալի ներկայացնենք իրավիճակը, ապա այնպիսի տպավորություն էր, թե այդ օրը հայաստանյան իրավապահներն ամեն ինչ արեցին, որ Պերմյակովը հայտնվի ռուսների պաշտպանության ներքո:

 

Եվ հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչինչ փաստացի այլևս փոխել հնարավոր չէ: Խոցված ազգային արժանապատվությամբ, ատամները կրճտացնելուց ու բռունցքներ ծեծելուց բացի, այլ բան չի մնում անել: Եվ հենց այս «մանդրաժային» տրամադրությունների ներքո մարդիկ իրենց զայրույթը որոշեցին հանել հասարակական կարգը պաշտպանելու համար փողոցում շարված, վահանների տակ պաշտպանվող ոստիկաններից:

 

3. Չափազանց մեծ նշանակություն ունեցավ հայաստանյան հասարակության պահանջների և ցավի նկատմամբ ռուսական կողմի ցուցաբերած անհասկանալի, ըստ էության` ցինիզմի հասնող անտարբերությունը: Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլիկինը հանդես եկավ կատարվածը դատապարտող և հանցագործին օրենքի ողջ խստությամբ պատժելու համոզվածությամբ շաղախված հայտարարությամբ: Որքան էլ ապշեցուցիչ լինի, նման արտահայտություն չկար 102-րդ ռազմակայանի ղեկավարության հայտարարության մեջ՝ չնայած այն փաստին, որ կասկածյալը այդ ռազմակայանի զինծառայող է, որն անարգել զինված դուրս է եկել քաղաք: Հայաստանյան իր գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ՌԴ պաշտպանության փոխնախարար Արկադի Բախինը հայտարարեց, թե ռազմաբազայում ծառայողական քննություն է կատարվել, որն ավարտվել է: Ու թեեւ ողբերգությունից արդեն 5 օր է անցել, ռազմաբազայի որևէ պաշտոնատար անձի պատասխանատվության ենթարկվելու մասին խոսք, կարծես, չկա: Ավելին` գյումրեցիներին և անմեղ զոհերի հարազատներին զորակցության մասին հայտարարությունը ռազմակայանի կողմից արվում է ոչ թե առաջին, այլ երկրորդական դեմքի՝ հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչի մակարդակով:

 

Ռուսական ցինիզմի վերջի կաթիլը, թերևս, մինչև Գյումրիում անկարգությունների ծավալումը, կատարվածի վերաբերյալ գրեթե բացարձակ տեղեկատվական բլոկադայի արհեստական կազմակերպումն էր: Թեպետ մեր հեռուստաընկերություններն էլ չէին տարբերվում իրենց պահվածքով: Ռուսական կողմի վարքագիծը, որին հայ հասարակությունը հեռվից ծանոթ էր միայն ուկրաինական դեպքերի ընտրողական անդրադարձերից, ընկալվեց որպես արհամարհանքի, կատարվածի ողբերգականությունը ոչ մի կերպ չհասկանալու դրսևորում, ինչն էլ արդյունքում լցրեց համբերության բաժակը: Եվ եթե դեռևս դա Հայաստանում չի հանգեցրել հակառուսական տրամադրությունների մոլեգնացմանը, միայն իրավիճակի նրբությունը, հակազդեցության հետևանքները ներքուստ հաշվարկելու` ժողովրդի ենթագիտակցական ընկալման շնորհիվ է: Բայց իր այս վարքագծով, անկախ պատճառներից, ռուսական կողմը չափազանց մեծ և անդառնալի սպի է թողնում հասարակության շերտերի մոտ Ռուսաստանի վերաբերյալ ձևավորված` որպես հայ ժողովրդի անվտանգության երաշխավորի կերպարի վրա, և դա երկարաժամկետ հեռանկարում շրջվելու է հենց Մոսկվայի դեմ:

 

4. Դեռ Գյումրիում դատախազության շենքի մոտ խաղաղ հավաքի ժամանակ, երբ սկսեցին ՀՀ գլխավոր դատախազի, նրա շուրջը խմբված լրագրողների և ինքնաբուխ հավաքը առաջնորդող մի քանի անհատների ուղղությամբ քարեր նետվել, պարզ դարձավ, որ պրովոկացիաները լինելու են անխուսափելի: Բուն բախումները, ըստ էության, հենց այդ պրովոկացիաների շարունակության հետևանք էին, քանի որ գոնե նախնական շրջանում Գյումրիում ոստիկանությունը չափազանց հավասարակշռված վարքագիծ էր դրսևորում: Բերման ենթարկելու դեպքերն արձանագրվեցին այն բանից հետո միայն, երբ ոստիկանների շարքերում վնասվածքներ ստացողներ եղան: Խիստ ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ Երևանի Ազատության հրապարակում մարդիկ սկսեցին հավաքվել ոչ թե այն ժամանակ, երբ Գյումրիում Շիրակի դատախազության առջև պիկետը խաղաղ ընթացքի մեջ էր, այլ միայն այն ժամանակ, երբ ամեն ինչ սկսել էր վերածվել քաոսի, երբ իրավիճակը դուրս էր գալիս վերահսկողությունից, և երբ սկսել էին հնչել հակառուսական կոչեր ու հայտարարություններ: Չի կարելի բացառել, որ ոստիկանությունը Երևանում դրա տրամաբանական շարունակությունը կանխելու նպատակով ձեռնարկեց հավաքվածներին անկանոն և բացարձակ մեծամասնության դեպքում առանց որևէ հիմքի բերման ենթարկելու օպերացիան:

 

Այսպիսի զարգացումները ցույց տվեցին, որ առկա է Գյումրիի ողբերգությունը քաղաքական շահարկումների գործիք դարձնելու լուրջ պոտենցիալ: Բոլոր այն հանգամանքները, որոնք խոսում են պետական կառույցների ցուցաբերած անգործության, դրա պատճառով Հայաստանին և նրա հասարակության արժանապատվությանը և անվտանգությանը հասցված վնասարարության մասին, չեն կարող անհետևանք մնալ: Կոնկրետ մարդկանց պաշտոնազրկելու, պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունն այլընտրանք չունի, և դա պետք է վերածվի քաղաքական պահանջների: Բայց այնպիսի գործողությունների ծավալումը, որոնք հսկայական ցնցումների կարող են տանել երկիրը մի իրավիճակում, երբ գրեթե ամեն շաբաթ սահմանին զոհեր են արձանագրվում, տվյալ պահին գրեթե հավասար է դավադրության:

 

Գևորգ Դարբինյան