կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-16 18:25
Առանց Կատեգորիա

Ինչ պարտիա է խաղարկում ոչ իշխանական «նոր քառյակը» խորհրդարանում

Ինչ պարտիա է խաղարկում ոչ իշխանական «նոր քառյակը» խորհրդարանում

Այս օրերին խորհրդարանում ստեղծված վիճակը հիշեցնում է իսկական տրագիկոմեդիա:

 

Կառավարությունը ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրից բխող օրենսդրական փոփոխությունների փաթեթների ընդունման համար ԱԺ արտահերթ նստաշրջան է նախաձեռնել, որին, սակայն, խորհրդարանական ոչ իշխանական 4 ուժեր՝ ՀԱԿ-ը, ՕԵԿ-ը, «Ժառանգություն»-ը և ԲՀԿ-ն, չեն մասնակցում: Պատճառն այն է, որ ԱԺ ղեկավարությունը և քաղաքական մեծամասնությունը հրաժարվեցին կատարել այս 4 ուժերի պահանջը՝ նախքան կառավարության օրակարգով արտահերթ նստաշրջանի անցկացումը, արտահերթ նիստ հրավիրել վերջին շրջանում արձանագրվող բռնությունների հարցը քննարկելու համար և հանդես գալ համատեղ հայտարարությամբ: ԱԺ նախագահի մոտ կայացած խորհրդակցությունը ոչ մի արդյունք չտվեց, ինչից հետո Գալուստ Սահակյանը որոշեց այդ դեպքերի կապակցությամբ առանձին հայտարարություն տարածել, իսկ եռյակ+ՕԵԿ ձևաչափը կամ պարզապես «նոր քառյակը» բոյկոտեց նստաշրջանի աշխատանքները, հետո էլ չկարողացավ անցկացնել 44 պատգամավորի ստորագրությամբ հրավիրած արտահերթ նիստը, քանի որ քաղաքական մեծամասնությունը պարզապես դրա համար անհրաժեշտ քվորումը չապահովեց:

 

Եվ չնայած դրան, նոր քառյակն այսօր որոշում ընդունեց հանդես գալ Հայաստանի ֆինանսական շուկայում առաջացած ճգնաժամը քննարկելու համար ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությամբ: Թեև հարցն իսկապես հասարակական լայն հետաքրքրություն է առաջացնում և առավել քան հրատապ է, սակայն որևէ երաշխիք չկա, որ ՀՀԿ-ական մեծամասնությունը նաև այս նախաձեռնությունը չի տապալելու:

 

Քաղաքացիական ակտիվիստների, ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակվելու դեպքերի վերաբերյալ համատեղ հայտարարություն անելը մեծ հաշվով զուտ բարոյական հարթությունում գտնվող խնդիր է: Հանգամանքների և մեղավորների բացահայտման վրա այդ հայտարարությունը որևէ ազդեցություն ունենալ չի կարող՝ թեկուզ այն պարզ պատճառով, որ խորհրդարանին, որպես պետական իշխանության թևի կամ ինստիտուտի, վաղուց արդեն մյուս պետական հաստատությունները լուրջ չեն վերաբերվում: Բայց համատեղ հայտարարության ընդունումը ցույց էր տալու, որ այս խորհրարանը դեռևս ընդունակ է գոնե հստակ, հավաքական քաղաքական դիրքորոշում հայտնել այնպիսի հարցերում, որոնք անմիջականորեն վերաբերում են պատգամավորների անձեռնմխելիությանը, այսինքն` շոշափում են խորհրդարանականների շահերը: Ի վերջո, Արամ Մանուկյանը պատգամավոր է, և եթե որևէ այլ գործոն չլիներ, այդքանը պետք է բավարար լիներ խորհրդարանական մեծամասնության համար` ավելի սկզբունքային դիրքերից հանդես գալու: Առավել ևս, երբ իշխանությունը համառորեն տիրաժավորում է այն տեսակետը, թե տեղի ունեցող դեպքերն ուղղված են հենց իր դեմ, քանի որ իրավիճակի լարումը բացարձակապես չի բխում իշխանության շահերից:

 

Եթե իսկապես այդպես է, ապա ամենապարզ տրամաբանությունը հուշում է, որ ՀՀԿ-ն ոչ թե պետք է սպասեր ընդդիմության քայլերին, հետո էլ մեղադրեր նրանց առաջացած իրավիճակը շահարկելու և դրանից քաղաքական դիվիդենդներ քաղելու մեջ, այլ նախաձեռնողականությունը վերցներ իր ձեռքը, ինչով կընդգծեր նաև խորհրդարանի քաղաքական կշիռը: Բայց մեծամասնությունը սկզբում գնաց ավանդական՝ կոնյունկտուրային որոշումների սպասարկման ճանապարհով՝ վերահաստատելով, որ բացարձակապես ընդունակ չէ ինքնուրույնաբար ինչ-որ բան անել: Իսկ հետո արդեն ընդառաջեցին ՀՅԴ-ի՝ նույն նպատակով արտահերթ նիստ անցկացնելու նախաձեռնությանը, բայց դա, կարծես, ավելի շատ ոչ իշխանական ուժերին «մատ» անելու, փաստի առաջ կանգնեցնելու նպատակ էր հետապնդում:

 

Ըստ էության՝ ոչ իշխանական ուժերը հույսը դրել էին ՀՀԿ-ի` կոնյունկտուրային վարքագիծ դրսևորելու բնավորության վրա և փորձում էին դրա հենքին ինչ-որ ինտրիգային պարտիա խաղարկել: Հենց սկզբից ակնհայտ էր, որ նրանց համար խնդիրը բացարձակապես խորհրդարանի կողմից համատեղ հայտարարության հնչեցմանը հասնելը կամ այդ նպատակով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելը չէ: Դրա մասին առաջին հերթին վկայում է մեծամասնության հետ վերջնագրի լեզվով խոսելու մարտավարության ընտրությունը` եթե ՀՀԿ-ն չի ընդունում նախ իրենց առաջադրած օրակարգով ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու պայմանը, ապա իրենք բոյկոտում են ԱԺ աշխատանքները: Եվ դա այն դեպքում, երբ ԱԺ արտահերթ նստաշրջանը կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել էր ազգային օրենսդրությունը ԵՏՄ անդամակցության՝ օրեր առաջ նույն այդ ուժերի (բացառությամբ «Ժառանգության») մասնակցությամբ վավերացված պայմանագրին համապատասխանեցնելու նպատակով: Փաստորեն, նախ` նոր քառյակը, ուլտիմատումային ոճ որդեգրելով, պրովոկացիայի է ենթարկում ՀՀԿ-ական մեծամասնությանը՝ խափանելու համատեղ հայտարարությամբ հանդես գալու, առավել ևս արտահերթ նիստ անցկացնելու իրենց պահանջը, հետո էլ դա պատրվակ է դարձնում ԵՏՄ պայմանագրից բխող հետագա գործընթացներին մասնակցությունից խուսափելու համար: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ:

 

Ըստ էության` նոր քառյակն այսպիսով փորձում է ընդամենը մեկ հարց լուծել` վերացնել ԵՏՄ-ին անդամակցության պայմանագրին կողմ քվեարկելուց առաջացած՝ իշխանության հետ միասնական լինելու հանրային ընկալման նստվածքը և, այսպես ասած, վերադառնալ ընդդիմության խրամատները, որոնք, ոմանց կարծիքով, լքվել էին` Ռուասատանին հնազանդության երդում տալու հարցում իշխանությունից ետ չմնալու համար: Բայց նոր քառյակը հաշվի չի առել այն հանգամանքը, որ դրանով ուղղակիորեն հաստատում է, որ նախ` ԵՏՄ-ին անդամակցությունը վավերացրել է ոչ թե Հայաստանի, այլ Ռուսասատանի շահերը սպասարկելու նկատառումով, և երկրորդ` որ իսկապես դասալիք է դարձել, դա արել է իշխանության հետ համերաշխության մոտիվներով: Սա ոչ միայն բարդույթի և անսկզբունքայնության հերթական դրսևորում է, այլև սեփական քայլերի կամ որոշումների համար պատասխանատվությունից խուսափելու: Որովհետև, միայն պատասխանատվությունից խուսափելով, կարելի է բացատրել, թե ինչպե՞ս է հնարավոր ԵՏՄ-ի անդամակցությանը կողմ արտահատվել, բայց խուսափել այդ պրոցեսի ամբողջականացմանն ուղղված աշխատանքին մասնակցությունից:

 

ԲՀԿ-ական շարժիչով աշխատող նոր քառյակի հույսն այն է, որ ՀՀԿ-ական մեծամասնությունը, ցանկացած դեպքում օրենսդրական այդ փաթեթներն անցկացնելու է, ինչն իրենց հնարավորություն է տալիս այլ օրակարգ ձևավորելու քաղաքական շահաբաժիններ ձեռք բերել: Բայց սա այնքան փնթի ձևով է արվում, որ ուղղակի ամեն ինչ վերածում է զավեշտի: Այս ամենը, սակայն, հանգեցնում է երկու կոնկրետ հետևանքի: Մեկն այն է, որ նման վարքագծով ոչ իշխանական չորս ուժերը նախադրյալներ են ստեղծում նաև Հայաստանի ֆինանսական շուկայում ստեղծված ողբերգական, ճգնաժամային վիճակի և դրա պատճառահետևանքային կապերի հարցի քննարկման համար ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու` միանգամայն տրամաբանական ցանկությունն ու նախաձեռնությունը ԱԺ մեծամասնության կողմից տապալելու համար: Երկրորդը փաստացի ՕԵԿ-ի «բենեֆիսն» է` որպես քառյակի նորելուկ անդամի: Այն, ինչ կատարվում է խորհրդարանում, պարզապես ՕԵԿ-ի քաղաքական ռեանիմացիայի դրսևորումն է, որովհետև եռյակը հանկարծ որոշել է այլևս մեկուսացված չթողնել ՕԵԿ-ին: Հաշվարկը, թերևս, այն է, որ այդ կերպ նրան ևս ԲՀԿ-ի դրոշի տակ կառնեն: Բայց երբ այս ամենը տեղի է ունենում Տեր-Պետրոսյանի այն հայտարարության ֆոնին, թե պատրաստ են համագործակցել բոլորի հետ, բացի ԱԽՔ-ի՝ նկատի ունենալով հենց ՕԵԿ-ին, այս ամենն ուղղակի լիարժեք է դարձնում խորհրդարանական զավեշտը:

 

Գևորգ Աղաբաբյան