Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ մեկնարկել է Հայաստանի կոմպոզիտորների միության, ՀՀ մշակույթի նախարարության և Ռուսաստանի կոմպոզիտորների միության համատեղ կազմակերպած Երիտասարդական կոմպոզիտորների հայ-ռուսական փառատոնը:
Լրագրողների հետ զրույցում Երիտասարդ հայ կոմպոզիտորների միության նախագահ Աշոտ Ղազարյանը նշեց, որ անկախ Հայաստանի պատմության մեջ սա առաջին դեպքն է, որ հայ և ռուս կոմպոզիտորները հանդես են գալիս նման համագործակցությամբ: Ըստ նրա` փառատոնը տեղի է ունենալու ինչպես Հայաստանում, այնպես էլ ՌԴ-ում:
«Հայաստանում հնչում են նրանց ստեղծագործությունները, իսկ ՌԴ-ում կհնչեն մեր կոմպոզիտորների գործերը: Կարծում եմ` հենց այս աշնան էլ կլինի մեր պատասխան քայլը»,- ասաց Ղազարյանը` հավելելով, որ փառատոնն իր ձևաչափով բացառիկ երևույթ է մեր մշակութային կյանքում:
ՌԴ կոմպոզիտորների միության երիտասարդական թևի ղեկավար Յարոսլավ Սուդիլովսկին, իր հերթին, նշեց, որ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կտրվել է կապը հայ և ռուս ժամանակակից ստեղծագործողների միջև, և Ռուսաստանում հայտնի են միայն հայ` դասական դարձած կոմպոզիտորները:
«Մեր նպատակն է ստեղծել մի մեծ ընտանիք երաժշտության ասպարեզում: Այդ առիթով էլ ուզում եմ Դիլիջանի կոմպոզիտորների տանը սեմինար անցկացնել: Գիտե՞ք` ժամանակին Դիլիջանի կոմպոզիտորների տունը մեծ համբավ ուներ ոչ միայն ԽՍՀՄ տարածքում, այժմ ուզում եմ, որ այն կրկին տարբեր ազգերի երաժիշտներին միավորող կենտրոն լինի: Կարծում եմ` կլինեն վարպետության դասեր, ինչպես նաև կոմպոզիտորներին կտրվի հատուկ ժամանակ` նոր ստեղծագործություն գրելու, այսինքն` այն կլինի երկշաբաթյա ստեղծագործական արձակուրդ»,- ասաց Սուդիլովսկին:
Նա արդեն հասցրել է շրջել Հայաստանում և կարծում է, որ Փարաջանովին լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է Հայաստան այցելել, լինել հայկական եկեղեցիներում: «Գիտե՞ք` ինձ ինչն առավել գրավեց, որ մարդիկ եկեղեցիներում նստած էին, ասենք, աստիճաններին, մյուս մասը կանգնած էր աղոթում, և դա բնական վիճակ էր` ոչ ոք նրանց չէր ասում` նստեք նստարաններին, չի կարելի: Մի տեսակ ազատ են այստեղ այդ առումով, ինչն ինձ շատ է գրավում: Ի դեպ, չեմ կարող չխոսել նաև հայոց լեզվի մասին, գրողը տանի, այն շատ երգեցիկ է: Թեեւ ես հայերեն ընդհանրապես չեմ հասկանում, բայց խնդրում եմ հայ ընկերներիս` ինձ հետ հայերեն խոսել»,- ասաց Սուդիլովսկին:
Ռուսաստանցի երիտասարդ կոմպոզիտոր Էլմիր Նիզամովն էլ նշեց, որ ուղղակի հիացած է հայ կոմպոզիտորներով և կատարողներով. «Հայաստանում հիանալի նվագախմբեր կան, պրոֆեսիոնալ մենակատարներ և երաժիշտներ»:
Խոսելով փառատոնի մասին` նա նշեց, որ շատ կարևոր է պահպանել երկու ժողովուրդների միջմշակութային կապը, քանի որ վերջին տարիներին խզվել է կապը երիտասարդների միջև: Նիզամովը համոզված է, որ ԽՍՀՄ տարիների բոլոր լավագույն կոմպոզիտորները հայեր էին` Տերտերյան, Խաչատրյան, Թարիվերդիև:
«Փառատոնը կնպաստի, որպեսզի կամուրջ ստեղծվի հայ և ռուս կոմպոզիտորների, երաժիշտների միջև, ինչի կարիքն այսօր ունենք»,-ասաց նա:
Ի դեպ, այսօր Կամերային երաժշտության տանը տեղի կունենա փառատոնային համերգի երկրորդ մասը: