Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հանրահայտ իտալացի ակորդեոնահար եւ բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ համերգի ժամանակ կկատարի նաեւ հայ կոմպոզիտորներից մեկի ստեղծագործություններից. այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը:
Համերգը կկայանա հունվարի 14-ին` Արամ Խաչատրյան համերգասրահում: Իսկ թե ո՞ր կոմպոզիտորի ո՞ր ստեղծագործությունը կհնչի համերգին, Սմբատյանը նշեց, որ այդ մասին բարձրաձայնել չի ցանկանում. այն կլինի հանդիսատեսին սպասվելիք անակնկալներից մեկը:
«Սա այս տարվա մեր առաջին համերգն է: Խոստանում ենք, որ ողջ տարվա ընթացքում հայ հանդիսատեսին բազում անակնկալներ կմատուցենք: Արդեն երրորդ անգամ է, ինչ համագործակցում ենք Պիետրոդարկիի հետ, եւ գաղտնիք չէ, որ նա շատ պրոֆեսիոնալ երաժիշտ է»,- ասաց Սմբատյանը:
Պիետրոդարկին էլ իր հերթին նշեց, որ որոշել է ամեն տարի գոնե մեկ անգամ Հայաստանում համերգ տալ, քանի որ հայ հանդիսատեսը շատ էմոցիոնալ է, իսկ մեր նվագախումբը` պրոֆեսիոնալ:
«Ամեն անգամ Հայաստան գալիս ես ինձ երջանիկ եմ զգում, քանի որ գիտեմ, թե ինչ էներգիա եմ ստանալու: Կարեւոր է այն, որ համերգի ծրագիրն ընտրել ենք Սմբատյանի հետ միասին եւ արդյունքում հրաշալի ծրագիր ենք կազմել, որը, վստահ եմ, դուր կգա հայ հանդիսատեսին: Համերգին կհնչեն Նինո Ռոտայի, Ռոբերտո Մոլինելիի, Աստոր Պիացոլայի, Ֆաբիո Կոնիչիելայի, Էնրիկո Բլատիի գործերը»,- ասաց Պիետրոդարկին` հավելելով, որ լսարանին կմատուցվի նաեւ անակնկալ` Մարտին Պալմերիի «Տարվա եղանակները» ստեղծագործության համաշխարհային պրեմիերայի տեսքով:
Երաժիշտն արդեն հասցրել է շրջել Հայաստանում եւ նշում է, որ ուղղակի հիացած է մնացել Նորավանքի գեղեցկությունից: Ըստ Պիետրոդարկիի` ճիշտ է, Գառնին եւ Գեղարդն էլ են գեղեցիկ, բայց Նորավանքն ուրիշ է. «Շատ եմ լսել նաեւ Սեւանի մասին եւ հույս ունեմ, որ առաջիկայում այն տեսնելու հնարավորություն էլ կունենամ»:
Ըստ երաժշտի` հայերը շատ խելացի են, հյուրընկալ եւ բարի` իտալացիներից էլ լավը: Նա խոստովանեց նաեւ, որ չնայած համերգներով հանդես է տարածաշրջանում, բայց նախընտրում է Հայաստանը, քանի որ այստեղ էնտուզիազմը շատ է:
Պիետրոդարկին, անդրադառնալով բանդոնեոնի ծագմանը, նշեց, որ թեեւ այն հայտնի է որպես արգենտինական գործիք, սակայն ունի գերմանական ծագում. «Սկզբում բանդոնեոն եկեղեցիներում էին նվագում, հետո արդեն այն լայն տարածում գտավ եւ դարձավ «տանգոների գործիք»: Ամենահայտնի բանդոնեոնահարը Աստոր Պիացցոլան էր, սակայն ես այժմ ժամանակակից կոմպոզիտորներին կոչ եմ արել, որ չսահմանափակվեն միայն այն երաժշտությա,բ, ինչ Պիացցոլան է գրել, այլ ստեղծեն նոր գործեր»:
Կ. Հ.