կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-07-04 11:50
Հասարակություն

Ո՞վ պետք է կատարի առաջին քայլն ու ազատի Բաղրամյան պողոտան

Ո՞վ պետք է կատարի առաջին քայլն ու ազատի Բաղրամյան պողոտան

Բաղրամյան պողոտայում մի քանի ցուցարարներ փորձում են մի քանի հարց հստակեցնել ոստիկանության հետ: Մասնավորապես` նրանք առաջարկում են ոստիկաններին` ապամոնտաժել բարիկադները, բացել Բաղրամյան պողոտան` պայմանով, որ ցուցարարները կկարողանան շարժվել Բաղրամյան 26, քանի որ իրենց նպատակը ի սկզբանե Բաղրամյան 26 շարժվելն է եղել, սակայն ոստիկանները արգելել են` փակելով Բաղրամյան պողոտան, կենտրոնացնելով ոստիկանության զորքեր ու ջրցան մեքենաներ:

Ոստիկանության փոխգնդապետերից մեկն ասաց, որ եթե ցուցարարները լիազոր մարմնից` քաղաքապետարանից, կունենան երթի կամ բողոքի ակցիայի թույլտվություն, ուրեմն որևէ խնդիր չի կարող լինել: Նա վստահեցրեց, որ եթե ցուցարարներն ազատեն պողոտան, ոստիկանները ոչ մի բան չեն կիրառի, անգամ` մահակ:

«Ոստիկանները կապ չունեն, զիբիլի յաշիկները կապ ունե՞ն»,- հարցնում էին ցուցարարները:

Ոստիկանության փոխգնդապետերից մեկը ասաց. «Դուք ձեր կողմից առաջին քայլը կատարեք, մենք էլ մեր կողմից առաջին քայլը կկատարենք»:

Երկար ժամանակ ցուցարարներն ու ոստիկանները չէին կարողանում փոխհամաձայնության գալ, որ եթե ցուցարարները ազատեն պողոտան, ոստիկանները թույլ կտա՞ն նրանց շարժվել դեպի Բաղրամյան 26:

«Բա էլ ինչի՞ էինք էս բորդյուրներին քնում, ուրեմն հելնենք Բաղրամյան 26»,- ասաց երիտասարդներից մեկը:

Մոտեցավ փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: «Չբացառենք, որ նույն նստացույցը կարող է լինել նախագահական նստավայրի դիմաց, բայց այն խիստ կարգավորվում է օրենքով, բողոքի ակցիան պետք է լինի խաղաղ, այն պետք է լինի նախագահական նստավայրից ողջամիտ հեռավորության վրա: Թող ցուցարարները վերադառնան Ազատության հրապարակ, բերեն թույլտվություն համապատասխան մարմնի կողմից իրենց երթի կամ խաղաղ բողոքի ակցիայի վերաբերյալ, խնդիր չի լինի, կարող են շարժվել դեպի նստավայր»,- ասաց նա: