կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-15 13:37
Քաղաքական

Ունենալու ենք երկու վարչապետ. ԲՀԿ-ական պատգամավոր

Ունենալու ենք երկու վարչապետ. ԲՀԿ-ական պատգամավոր

ԱԺ ԲՀԿ խմբագրության պատգամավոր Լյովա Խաչատրյանը հաստատում է, որ, վարչապետի, նրա ընդունելի կամ անընդունելի լինելու հետ կապված, ԲՀԿ-ն ասել է ու հիմա էլ ասում է, որ անձերի խնդիր չի դնում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ԲՀԿ-ին չի հետաքրքրում, թե ով է լինելու վարչապետ, այլ հետաքրքրում է, թե կառավարությունn ինչ ծրագիր է իրականացնելու և ինչպես:

 

«Կլինի՞ ծրագրի իրականացում, կտանք գնահատական: Առայժմ մենք գնահատական չունենք: Իսկ Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը ընդունելի է այնքանով, որ նա կարողանում էր խորհրդարանում հարթել սուր անկյունները, այսինքն` նա ունի ճգնաժամային մենեջերի հատկություն: Իրավիճակն  այնպիսին է, որ ակադեմիական գիտելիքներից ու լեկցիաներից ցիտատներ բերելը տեսանք, թե ինչի հասցրեց, ուստի վարչապետի պաշտոնին կյանքի մարդ պետք է լինի, կյանքի փորձ ունեցող»,- ասաց Լյովա  Խաչատրյանը:

 

Հարցին` Հովիկ Աբրահամյանի նշանակումով արդյո՞ք իշխանությունը չի կապում ԲՀԿ-ի ոտքերն ու ձեռքերը, նա պատասխանեց. «Չեմ կարծում,  որ որևէ մեկը կարող է կապել ԲՀԿ-ի ոտքն ու ձեռքը: ԲՀԿ-ի ոտքն ու ձեռքը կարող են կապել իրենց լավ գործողություններով»:

 

Yerkir.am-ի հարցին` ի՞նչ վատ բան կա, եթե ԲՀԿ-ն անձերի խնդիր էլ դնի, Լյովա Խաչատրյանը պատասխանեց. «Չէ, ամոթ բան չկա, հետագայում անձերի խնդիր միգուցե դրվի, բայց այսօր ասում ենք` կաշառքն ու կոռուպցիան վերացրեք»:

 

Խոսելով քառյակի տրոհման հավանականության մասին` նա կարծիք հայտնեց, որ ոչ թե քառյակն է ժողովրդին տարել, այլ  ժողովուրդն էր պատգամել քառյակին`  հարցեր բարձրացնել, և եթե քառյակը այսուհետ չլինի ժողովրդի խոսնակը,  կլինի եռյակ, երկյակ կամ մեկը, որովհետեւ կլինի քառյակ, թե չէ, դա ժողովրդին մեծ հաշվով չի էլ հետաքրքրում:

 

Լյովա Խաչատրյանն իր տարակուսանքը հայտնեց, որ նոր վարչապետի նշանակման ժամանակ ՀՀ նախագահը ասել է, որ պետք է ավարտին հասցվեն կուտակային, հարկային ու մաքսային բարեփոխումները: Նրա խոսքով` նախագահի խոսքից պարզ է դառնում, որ նախորդ կառավարության տնտեսական քաղաքականությունը մնալու է նույնը, և միակ փոփոխությունն այն է, որ Հովիկ Աբրահամյանը լայն լիազորություններ է ստանում կադրային քաղաքականության ասպարեզում:

 

«Ստացվում է, որ բոլոր կարևոր հարցերում շարունակվելու է  հին տնտեսական ծրագիրը, այսինքն` ունենալու ենք երկու վարչապետ` մեկը հինն է շարունակելու, մյուսը մի քանի նոր բաներ է անելու»,- ասաց Լյովա Խաչատրյանը: Նա նաև տարակուսում է, երբ հանրապետականները հանգիստ տոնով ասում են, որ գուցե Տիգրան Սարգսյանը սայթաքել է ինչ-որ հարցերում:

 

«Ի՞նչ է նշանակում վարչապետը սայթաքել է, սայթաքում են բանանի կճեպի կամ սառույցի վրա: Երբ նա միլիոնավոր գումարներ էր ծախսում կովի  ծծեր լվալու դասախոսությունների  կամ բիոզուգարանների վրա, դա սայթաքել չէր, այլ անհասկանալի մարտավարություն»,- ասաց Լյովա Խաչատրյանը: