Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան հեռակա բանավեճի մասին, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը նշեց, որ դա բանավեճ չէր, այլ մտահոգ մարդու անդրադարձ: Իսկ թե ինչո՞ւ այսպես ուշացումով երկրորդ նախագահը կարծիք հայտնեց, նա նշեց. «Ավելի լավ է ուշ, քան երբեք: Ես չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանից փորձում են կերտել ընդդիմադիր գործիչ: Նա ընդամենը խոսել է կառավարության ձախողված ծրագրերի մասին»:
Հարցին, թե ինչո՞ւ ԲՀԿ-ն չի քննադատում Սերժ Սարգսյանին, մասնավորապես` կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված, նա պատասխանեց, որ ԲՀԿ-ն քննադատում է կառավարությանը, որովհետև կառավարությունն է այդ նախագծերը ներկայացրել: Երբ լրագրողները խնդրեցին, որ պատգամավորը գնահատի նաև Քոչարյանի «Գույք պարտքի դիմաց» ծրագիրը, Լյովա Խաչատրյանը նշեց, որ այդ ծրագրին չի ուզում անդրադառնալ, որովհետև, անընդհատ խոսելով անցյալի սխալների մասին, շեղվում ենք կարևոր հարցերից: «Թե անցյալում ինչ է եղել, չեմ ուզում անդրադառնալ, ինչ եղել, եղել է, բոլորն էլ սխալներ ունեցել են: Բերեք այսօրվա մասին խոսենք»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է Մաքսային միությանն ինտեգրվելու` Սերժ Սարգսյանի որոշմանը, պատգամավորն ասաց. «Զարմանում եմ, երբ ասում են, թե Ռուսաստանը մեզ պարտադրել է մտնել Մաքսային միություն: Բոլորի համար ակնհայտ էր, որ իշխանությունը պահելու միակ միջոցը Մաքսային միություն մտնելն էր: Թե չէ՝ ի՞նչ ենք ներկայացնում մեզանից, որ մեզ պետք է պարտադրեին. ո'չ սպառող ենք, ո'չ արտահանող, մի փոքր տարածքով պետություն ենք ընդամենը»,- ասաց պատգամավորը: