Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանի համար Ամանորը հեքիաթային տոն է, ուր նրան հոգեհարազատ է ընտանեկան մթնոլորտը՝ հարևաններին ու բարեկամներին հյուրընկալելը: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ իրենց տոնական սեղանին դրվել են ավանդական այն ուտեստները, որոնք միշտ լինում են հայերի սեղաններին: Արագած Ախոյանը նշեց, որ ուզում է զարմացնել ոչ թե իր տոնական սեղանով, այլ իր մարդկային կերպարով: Պատգամավորի կարծիքով՝ հայերը մի քիչ ծանր են տոնում Նոր տարին, ու ճիշտ չեն անում:
«Չեմ սիրում այն պահը, երբ արդեն ֆիզիկապես չենք կարողանում դիմանալ այդ մի քանի օրվա ուտել-խմելուն: Այդ օրերին չափը չենք կարողանում պահել, կանտրոլից դուրս ենք գալիս, որովհետև շատ հյուրեր ենք ունենում, իսկ խմիչքը այնպիսի բան է, որ խմելիս հաճախ չենք զգում ընթացքը, զգում ենք այն ժամանակ, երբ արդեն լավ խմել ենք»,- անկեղծանում է Արագած Ախոյանը:
Մեր այն հարցին՝ ինչպե՞ս է դուրս գալիս հետտոնական կերած-խմած վիճակից, Արագած Ախոյանը նշեց, որ անմիջապես է դուրս գալիս «պախմելից». «Ես կարող եմ ուշ գիշերից մինչև առավոտյան ուտել ու լավ խմել, բայց ժամը ութին ինչ վիճակում էլ լինեմ, ես նստած եմ իմ աշխատավայրում»,- ասաց նա:
Խոսելով սոցիալապես անապահով ընտանիքների մասին, թե ինչպե՞ս կնշեն այս ամանորը սոցիալապես անապահով ընտանիքները, պատգամավորը պատասխանեց. «Հարցն իսկապես ցավոտ է: Իրավիճակներ ենք տեսնում, երբ հացը կանգնում է մարդու կոկորդին: Բայց աշխատում ենք այնպես անենք, որ թեթևացնենք նման ընտանիքների հոգսերը: Կուզենայի, որ այդ ընտանիքները մինիմումը հասցնեին անել իրենց երեխաների համար»,- ասաց նա:
Պատգամավորը բոլորին խորհուրդ տվեց դուրս գալ ամանորյա ճոխ սեղաններ գցելու մրցավազքից: Ըստ նրա, կարևորը մարդու սիրտն է, որը պետք է ուրախ լինի. «Չմոռանանք, որ սա տարեվերջ է, այլ ոչ աշխարհի վերջը, իսկ վերջը հուսանք, որ լավ է լինելու»: