Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքի համահեղինակ, նախկին ԱԺ պատգամավոր Գագիկ Թադեւոսյանը համոզված է, որ կապուտակ Սևանա լիճն այսօր մեծ վտանգի տակ է: Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով Սևանա լճի առջև ծառացած բնապահպանական խնդիրների մասին, նա նշեց, որ մի սև հումոր կա, թե Հայաստանի իշխանությունները և օլիգարխներն իրենց գործունեությամբ ազգային անվտանգության խնդիր են լուծում, որպեսզի Հայաստանը հրապուրիչ չլինի թշնամիների համար, ու անում են ամեն ինչ, որ երկրի բնական ռեսուրսները աղտոտվեն ու ոչնչանան`կտրում են անտառները, ցամաքեցնում լճերը, աղտոտում գետերը:
Թադեւոսյանը չի ընդունում ո'չ բնապահպանության նախարարի, ո'չ էլ ջրային ռեսուրսների պահպանության կոմիտեի կողմից հնչեցվող փաստարկները: «Նրանք ավելի շատ թյուրիմացության մեջ են գցում պատգամավորներին իրենց ոչ արժանահավատ ու կեղծ պատասխաններով: Օրինակ` ներքին ցանցում ջրային կորուստների հետ կապված, 1 միլիարդ 300 միլիոն խորանարդ մետր ջուր է տրվում ոռոգման համար, որի կորուստների չափը փորձագետները գնահատում են 80-85 տոկոս, այնինչ` ջրային ռեսուրսների պահպանության կոմիտեի նախագահն ասում է` 40-45 տոկոս: Բա այդքան կւրուստներ ունենանք ու դրա դիմացը չառնե՞նք»,- ասում է Գագիկ Թադևոսյանը: Նրա խոսքով` տարիներ առաջ ընդունվեց Սևանա լճի մասին օրենքը, որովհետև Սևանը փրկել էր պետք, և այդ օրենքի ամեն մի տողը տառապանքի փորձ ունի, 1933-ից մինչև 2001թվականը Սևանը դաժանագույն ձևով հարստահարվել է:
Գագիկ Թադևոսյանի խոսքով` հիմնական խնդիրները հետևյալն են` ջրբացթողումը 70 միլիոն խորանարդ մետր ավելացնելու դեպքում անհրաժեշտ է ապահովել դրական հաշվեկշիռ: Հաջորդ խնդիրը` Սևանի ջրի կենսաքիմիական անալիզի մշտական փորձագիտության արդյունքները տխուր են, և ամեն մի սխալ գործողություն տանելու է դեպի Սևանի ճահճացում: Նաեւ պարբերաբար խախտվում է Սևանի մասին օրենքի 10-րդ հոդվածը, երբ տնտեսական գործունեության հետևանքով խաթարվում է Սևանի էկոհամակարգը:
Գագիկ Թադևոսյանը ողջունում է այն երիտասարդներին, ովքեր բնապահպանական գիտաժողովի ժամանակ իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին`առաջարկելով, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը խմի պոչամբարի ջուրը: Նա նշեց, որ ինքը այդ երիտասարդների կողմից է, որովհետև Հայաստանը կամաց-կամաց դառնում է պոչամբար: «Շատ ճիշտ են արել բնապահպանները, դե թող խմեր այդ ջուրը, բա ո՞նց»,- ասաց Գագիկ Թադևոսյանը: