Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր երկրում խնդիրները փոխկապակցված են, գալիս է մի պահ, երբ այն շերտի վրա, որը դուրս չէր գալիս փողոց` բողոքելու, օրերից մի օր խնդիրը գալիս ու ծանրանում է. Yerkir.am-ի հետ զրույցում, խոսելով հունվարի 18-ին Ազատության հրապարակում պարտադիր կուտակային համակարգի դեմ ուղղված հանրահավաքի մասին, ասաց ռեժիսոր Սուրեն Թադևոսյանը:
Նշենք, որ նա ևս մասնակցում էր այդ հանրահավաքին` չնայած կուտակային կենսաթոշակային համակարգը նրա վրա չի տարածվում. որքան էլ ցանկանա, չի կարողանում անտարբեր մնալ: «Այո, համակարգն ինձ վրա չի տարածվում, բայց սա իմ երկիրն է, իմ ընկերներն են այստեղ ապրում, ու համարում եմ, որ այսօրվա իրավիճակում այսպիսի օրենք իրավունք չունեն գործողության մեջ դնեն»,- ասաց Սուրեն Թադևոսյանը: Նրա խոսքով` մինչև մարդկանց մոտ վստահություն չլինի պետության հանդեպ, հնարավոր չէ նման օրենքներ ընդունել, որովհետև մարդկանց 99 տոկոսը համոզված է, որ իրենց վճարած գումարներից 20-30 տարի հետո ոչ ոք ոչինչ չի տեսնելու, մանավանդ, որ դրա փորձը Սովետական Հայաստանն ունի:
Սուրեն Թադևոսյանը չի հավատում, որ օրենքը կհանվի, բայց պետությունն էլ պետք է հասկանա, որ ժողովուրդը դեմ է, ուրեմն` հասարակության ինչ-որ խոցելի շերտերի համար պետք է դոտացիներ լինեն:
Ինչ վերաբերում է հանրահավաքի ազդեցությանը` որպես ճնշման մեխանիզմ, ռեժիսորը կարծիք հայտնեց, որ, ցավոք, կառավարության շատ ներկայացուցիչների մոտ հանրահավաքները ընկալվում են որպես սովորական երևույթ: Ըստ նրա` իշխանությանը պարտադրել են այս օրենքն ընդունելը, թեեւ, մյուս կողմից, Թադևոսյանը համարում է, թե կարող են պարտադրել 1, 2, 3 հարց, բայց ոչ` ինչ ասեն` մերոնք էլ անեն:
«Պետք է իշխանությանը «թույլ տան» քայլեր իրականացնել` ժողովրդի շահերից ելնելով: Մարդկանց հավատն ու հույսը պետք չէ դանակը ոսկորին հասցնելու չափ ճնշել: Ամեն ինչ պետք է իր չափն ունենա, որն իշխանությունները վերջին շրջանում, կարծես, անցնում են: Հանրահավաքը, որի ժամանակ հիանալի մասսա էր հավաքված: Պետք է ինչ-որ չափով վերեւներին էլ նշան լինի, որ մենք չենք պատրաստվում կուլ գնալ այդ որոշմանը»,- ասաց ռեժիսորը:
«Իշխանությունները մարդկանց բողոքին հանգիստ են վերաբերվում ու թքած ունեն: Կարող են մտածել` դե ի՞նչ է եղել, կհավաքվեն, մի քիչ կգոռգոռան, կմրսեն, կգնան տուն: Բայց ես հույս ունեմ փոփոխության, եթե հույս չունենայի, չէի մասնակցեի հանրահավաքին»,- ասաց նա` հավելելով, որ ամեն անգամ ասում ենք` սրանից վատ ի՞նչ պետք է լինի, բայց ամեն անգամ ինչ-որ վատ բան էլի լինում է:
«Մեկ մեկ մտածում եմ, որ հատուկ նենց բան է արվում, որ ով հնարավորություն ունի, ով` չունի, բոլորը թողեն գնան: Մարդը, ով ստանում է 60 հազար դրամ, ո՞նց 80 հազար դրամ տա գազի դիմաց: Ես ամեն ամիս 20-30 հազար եմ մուծել գազի դիմաց, ծանրություն չեմ զգացել, բայց էս ամիս վճարել եմ 65 հազար, ես էլ եմ դժվարանում, որովհետև փող չեմ տպում, իսկ էս երկրում դժվար է փող աշխատել»,- ասաց Սուրեն Թադևոսյանը: